Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ ԻՐԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷՐ»

Նոյեմբեր 07,2008 00:00

\"\"Կարծում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

«Այն, ինչ արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ես բավական բացասական եմ գնահատում, քանի որ ինքս կտրականապես դեմ եմ որեւէ տարածք հանձնելուն, իսկ առաջին նախագահի եւ ակտիվ ընդդիմության մի կողմ քաշվելը նշանակում է, որ Սերժ Սարգսյանից այսօր կարող են կորզել տարածքային զիջումներ, որոնք համարժեք չեն իրավիճակին եւ մեզ համար խիստ վտանգավոր են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Նրա համոզմամբ՝ «Եթե ընդդիմությունը ներսում ապահովեր համապատասխան եւ համարժեք դիմադրություն, ապա որեւէ մեկը Հայաստանի իշխանությանը չէր կարող պարտադրել այսօր էական զիջումների գնալ: Ուստի իշխանությունների ենթարկվելու ունակությունն այս պահին էապես կաճի»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ ինչո՞ւ է լռում ղարաբաղյան կողմը: «Ղարաբաղյան կողմն, իմ գնահատմամբ, Հայաստանում հայաստանցի ակտիվ կողմնակիցներ չի տեսնում: Մինչ այդ այդպիսի կողմնակից էր եւ, ըստ էության, Ղարաբաղի իրական բարեկամն ու լոբբիստը Վազգեն Սարգսյանն էր, որի մահից հետո Ղարաբաղը մնացել է Հայաստանում պաշտոնների հասած ղարաբաղցիների հույսին: Հաշվի առնելով այն, որ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանն էր պատրաստակամություն հայտնել տարածքներ վերադարձնել, Ղարաբաղում մտավախություններ կան, որ նրա վերադարձին զուգահեռ, Ղարաբաղի խնդրում ղարաբաղցիները կարող են լուրջ կորուստներ կրել: Այսօր անելանելի վիճակ է. մի կողմից՝ եթե ԼՂՀ-ում սատարում են Սերժ Սարգսյանի այս քաղաքականությանը, ապա նպաստում են տարածքների հանձնմանը: Եթե չեն սատարում՝ ուրեմն կորցնում են Հայաստանում միակ այն անձին, որի վրա հույս են դրել: Ղարաբաղցիները բավական ծանր կացության մեջ են, եւ այդ քաղաքական ընտրությունն իրենց համար անհնարին է: Ուստի, որոշակիորեն կարելի է ասել, որ Ղարաբաղը կաթվածահար է եւ քաղաքական տեսանկյունից անելանելի վիճակում»,- ասում է Արման Մելիքյանը:

Անդրադառնալով նախագահների մոսկովյան հանդիպմանը եւ ստորագրած հռչակագրին եւ նկատի ունենալով այն, որ այդ առիթով իշխանական քարոզչության հիմքում ընկած է մեկ հիմնական թեզ՝ այս Հռչակագիրը 1994 թվականից ի վեր ստորագրված միակ փաստաթուղթն է, մեր զրուցակիցը նկատում է. «Ստորագրությունների քանակն այն ժամանակ երեքն էին, այսօր՝ երկուսը: Սա առաջին եւ անմիջապես աչքի զարնվող խնդրահարույց պահն է: Եթե ժամանակին զինադադար հռչակելու համար անհրաժեշտ էր երեք ստորագրություն, ապա այսօր «քաղաքական» համաձայնության գալու համար երրորդ կողմի՝ Ղարաբաղի ստորագրությունն այլեւս կարեւոր չէ: Դա շատ մտահոգիչ է»: Բայց ամենամտահոգիչը Արման Մելիքյանը համարում է այն, որ հայկական ե՛ւ պաշտոնական, ե՛ւ ընդդիմադիր շրջանակները չեն կարողանում ներկայացնել մի համապարփակ այլընտրանքային ծրագիր, որի միջոցով հնարավոր կլիներ առաջ տանել Հայաստանի եւ Ղարաբաղի շահերը:

Անդրադառնալով ՀՌԱԿ առաջարկին (ազատագրված տարածքների հարցը քննարկել Հաագայի միջազգային դատարանում) եւ «Միացում» նախաձեռնության հայտարարությանը (վերջ տալ Ղարաբաղի անկախության մասին անիմաստ խոսակցություններին եւ հայտարարել, որ Ղարաբաղը Հայաստանի մասն է)՝ պարո

ն Մելիքյանն ասում է. «Երկուսն էլ բացառիկ փակուղի տանող ճանապարհներ են: Առաջինը՝ որովհետեւ վերստին Ղարաբաղի, տարածքների եւ փախստականների խնդիրը փորձում են տալ արտաքին ուժերի ձեռքը, ընդ որում՝ մի ատյանի, որի հետ կապված Հայաստանն ազդեցության որեւէ լծակ չունի, մինչդեռ որոշումը կարող է ոչ հայանպաստ լինել: Իսկ երկրորդը՝ ցանկանում են վերադառնալ 1988 թվականի ստատուս-քվոյին, այսինքն՝ ԼՂԻՄ-ը միացնել Հայաստանին՝ դրանով իսկ հարվածի տակ դնելով ազատագրված բուն տարածքները: Այն, ինչի համար Ժիրայր Սեֆիլյանը տարիներ շարունակ պայքարում է, իր այս մի քայլով կամ փորձով արդեն դնում է շատ լուրջ վտանգի տակ»:

Արձագանքելով «Առավոտի» հարցին՝ իսկապե՞ս հիմա այդքան անմխիթար վիճակում ենք, ԼՂՀ նախկին արտգործնախարարն ասաց. «Անդորրի հերթական ժամանակահատվածն ավարտվել է, եւ Հայաստանն այս սահմանագծին մոտեցել է ավելի թուլացած. գաղափարական առումով՝ անպատրաստ, սկզբունքների տեսանկյունից, ըստ էության, անսկզբունք: Այս պայմաններում, եթե նույնիսկ կարողանանք գտնել նորը ներմուծելու եւ սեփական նախաձեռնություններն ունենալու, ապա՝ առաջ տանելու կամք եւ ունակություն, միեւնույն է՝ մեր իրավիճակը կարելի է գնահատել բավական ծանր եւ անմխիթար»: Իրավիճակից դուրս գալու առաջին նախապայմանը մեր զրուցակիցը համարում է երկխոսության միջոցով ներքաղաքական ճգնաժամի հաղթահարումը եւ արտաքին աշխարհից եկող մարտահրավերներին համատեղ համարժեք պատասխանների նախապատրաստումը, այլապես՝ «վարվող ցանկացած արտաքին քաղաքականությունը կարող է թույլ եւ խոցելի լինել»:

Հ. Գ. ԼՂՀ ներկայիս արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը երեկ հայտարարել է, որ ղարաբաղյան հարցի արդյունավետ կարգավորման համար բացակայում է մեկ գործոն՝ ամենաշահագրգիռ կողմը՝ միջազգային չափանիշների համապատասխան կայացած պետություն ԼՂՀ-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել