Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՂՈՒՄՆԵՐԻ ԹՎՈՎ 70-ԻՑ ՆԵՐՔԵՎ ԵՆՔ

Նոյեմբեր 06,2008 00:00

Չնայած սրան, մեր գիտնականները գոհ են ու երջանիկ

\"\"

Պարզվում է, Հայաստանում գիտության ասպարեզում ամեն ինչ լավ է: Բոլորը գոհ են թե աշխատանքի պայմաններից, թե վարձատրության չափից ու սկզբունքներից: Նույնիսկ մտածում են, թե երկրագունդը պտտվում է միայն հայ գիտնականների համար, ովքեր լաբորատորիաների լռության մեջ, որտեղ լսվում է աշխատող սարքերի մեղմ բվվոցը, կերտում են գիտությունը: Եվ միայն ինձ նման «սկանդալային հակումներ ունեցող տարրը», «պարզապես տոգորված՝ ֆիզիկայի ինստիտուտն ու գիտության կառավարմանն առնչվող պետական մարմիններն ամեն գնով վարկաբեկելու անզուսպ ցանկությամբ», փորձում է արատավորել գիտնականների բարի անունը (տես՝ պատասխանը Ս. Գեւորգյանի «Անտերության» սինդրոմ» հոդվածին («Առավոտ», 11.10.2008): Կարելի էր այստեղ վերջակետ դնել, թերթային բանավեճն էլ ավարտել, մանավանդ լուրջ «գիտնականների» թիկունքին կանգնած են գիտության կառավարմանն առնչվող պետական մարմինները՝ որոնց դժվար պահին օգնության են կանչում: Բայց ստիպված եմ շարունակել եւ մի անգամ էլ անդրադառնալ միջազգային չափանիշներին, որոնցով գնահատում են գիտությունը: Պարզվում է, ինչ-որ մարդկանց համար այդ չափանիշները տխմարություն անելու ինդուլգենցիա են հանդիսանում… Իհարկե, մի հոդվածի սահմաններում քննարկել ամեն ինչ՝ անհնար է:

Միայն հավաքածս նյութերը գրաֆիկների տեսքով 150 էջ են կազմում: Բայց հիմնական տվյալները, որոնց հիման վրա կարելի է վերլուծություն անել՝ կփորձեմ հանրամատչելի շարադրել: Բոլոր տվյալները վերցված են «Thomson Reuters» կորպորացիայի «ISI Web of Knowledge» կայքից: «Thomson Reuters»-ի տարբեր գիտական ամսագրերի համար հաշվարկված որակական գնահատականը, այսպես կոչված՝ իմպակտ ֆակտորը, ընդունված չափանիշ է: Կայքը վճարովի է: Այստեղ կարելի է գտնել տեղեկություններ տարբեր գիտնականների, ինստիտուտների եւ երկրների մասին՝ գիտության բոլոր բնագավառներում: Կայքից վերցված թվային տվյալները բերված են առանց ձեւափոխության՝ ինչի համար պատասխան եմ տալիս:

Հիշեցնեմ, որ գիտական աշխատանքների արդյունքը՝ տպագրված գրքերը, հոդվածները եւ կարդացված դասախոսություններն են: Խոսքը գնալու է տարբեր երկրների (տվյալ երկիրը ներկայացնող գիտնականների) տպագրած հոդվածների մասին: Բնականաբար, առաջին եւ ամենահասկանալի չափանիշը հոդվածների քանակն է: Հաջորդ չափանիշը, որը ինչ-որ չափով իր մեջ պարունակում է որակական գնահատական՝ հղումների թիվն է: Սա էլ պարզ կարելի է բացատրել այսպես՝ քանի անգամ են քո կատարած գործերը ուրիշները հիշել (լավ իմաստով՝ իհարկե) իրենց տպագրված աշխատանքներում: Այս թիվը ոչ ուղղակի ձեւով բնութագրում է կատարված աշխատանքների կարեւորությունը, ինչ-որ տեղ՝ որակը: Եվ հաջորդ պարզ չափանիշը դա մեկ հոդվածին ընկնող հղումների քանակն է, այսինքն՝ ընդհանուր հղումների թիվը՝ բաժանած ընդհանուր հոդվածների թվի վրա: Այս չափանիշը իր մեջ պարունակում է միջոցների ռացիոնալ օգտագործման գնահատական: Այս պարզ թվերից էլ սկսվում է գիտության համակարգում ընդունված գնահատականների սանդղակը: Սա գնահատման միակ հնարավոր տարբերակը չէ, բայց ամենաընդունվածն է, որով գնահատում են գիտությունը:

Աղյուսակում բերված են 2007 թվականի նոյեմբերի 31-ին դասակարգված 20 լավագույն երկրները՝ գիտության բոլոր բնագավառներում: Հաշվարկի ժամանակաշրջանը՝ 01.01.1997թ. մինչեւ 31.08.2007թ., վերցված են 146 երկրների տվյալներ՝ վերը նշված կայքից (հեղինակ՝ «Essential Science Indicators»): Տեղերը բաշխված են ըստ հոդվածների ընդհանուր թվի: Հայաստանն իր նույն ժամանակաշրջանում տպագրված 4401 հոդվածով եւ 32661 հղումների թվով 70-րդ հորիզոնականից էլ ներքեւ է: Դա լա՞վ է, թե՞ վատ՝ առանձին, ավելի մանրամասն կանդրադառնանք: Վերջիվերջո, նպատակս այս թվերից օգուտ քաղելն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել