Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա էլ՝ նկարիչները

Նոյեմբեր 06,2008 00:00

Նկարիչների միությունում էլ են կրքերը բորբոքված

Վերջերս մամուլում տարածված լուրերը, թե Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) կանոնադրությունը գաղտնի փոփոխվել է, կամ Նկարիչների միությունը լուծարվում է՝ միության անդամների եւ ղեկավարության զայրույթի առիթ են դարձել: Այդ մասին օրերս Ճարտարապետների միությունում տեղի ունեցած գեղանկարչական սեկցիայի ժողովի ժամանակ ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանն ասաց. «Միությունում վերջին փոփոխությունները՝ շենքի վերանորոգումը, ցուցահանդեսների «տարափը» ոգեւորիչ էին, սակայն պարզվում է՝ ոչ բոլորի համար: Մամուլում հայտնվեցին արտահայտություններ՝ միությունը լուծարելու մասին, լրատվամիջոցներն էլ հաճույքով տարածեցին դրանք: Մեր որոշ կոլեգաներ փորձում են ցեխ շպրտել այն ամենի վրա, ինչ արված է, բայց դա անում են ոչ թե միության ներսում, այլ մամուլի միջոցով: Սա վարկաբեկում է ոչ միայն ինձ, այլեւ ամբողջ միությունը՝ մեր ընտանիքը»: Կ. Աղամյանի խոսքով, այդ «ցեխ շպրտողները» Նկարիչների միությունը սկսել են համեմատել այլ կառույցների հետ. «Իբր ստեղծագործական մյուս միությունները օրըստօրե զարգանում են, մերը՝ ոչ»: Կ. Աղամյանը սրտնեղեց. «Բանը հասել է նրան, որ ինձ դատի են տվել: Դա արել են մեր ընկերները: Հայցադիմումը գործող կանոնադրությունը փոփոխելու մասին է, պահանջում են վերադառնալ հին կանոնադրությանը, այն դեպքում, երբ դեռ 2005-ին հին կանոնադրությունը արդեն վերացված էր: Բոլոր միությունները փոխել են իրենց անվանումները, բնականաբար՝ նաեւ կանոնադրությունները: Սա իմ օրենքը չէ, ձեր օրենքը չէ, պետությունն է որոշողը: Շատ տարօրինակ մի անձնավորություն՝ ֆիզիկոս, չգիտես ինչու, մխրճվել է Նկարիչների միության գործունեության մեջ: Եվ սա առաջին անգամ չէ: Խոսքը Հայաստանի չգիտեմ ինչ ռազմավարության կենտրոնի համանախագահներից մեկի՝ Սիմոն Կամսարականի մասին է»:

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն այս առիթով նկատեց. «Պարզաբանեք, խնդրեմ, թե այդ ո՞ր համագումարի ժամանակ փոխվեց մեր միության կանոնադրությունը, ներկաներն էլ կփաստեն, որ 2007թ. ապրիլի 12-ին ոչ մի արտահերթ համագումար չի հրավիրվել»: Կ. Աղամյանը պատասխանեց. «Նման համագումար եղել է կամ, ավելի ճիշտ, ժողով է եղել, ու կանոնադրության մեջ գրվել է համագումար: Այստեղ ներկաները բոլորն էլ մասնակցել են, անգամ դու ես մասնակցել, Հաղթո: Ուղղակի խնդիրն այն է, որ ինձ մեղադրում են կանոնադրության այն կետի համար, որն ասում է, թե 14 տարեկան երեխան կարող է լինել միության անդամ: Ի դեպ, նույն բանը գրված է բոլոր 2000 հ/կ-ների կանոնադրության մեջ: Եթե ծնվի Մոցարտի նման մեկը, որը 14 տարեկանում հասցնի ավարտել համալսարանը, ինչո՞ւ նրան չընդունենք»:

Ինչ վերաբերում է 2007թ. ապրիլի 12-ին կայացած համագումարին, գեղանկարիչ Տիգրան Բաղդասարյանը նշեց. «Չի եղել այդպիսի համագումար, ինչո՞ւ տեղյակ չեմ այդ համագումարից»:

Գեղանկարչուհի Զառա Մուրադյանն էլ հավելեց. «Հերիք չի՞ մեզ խաբեք, ո՛չ մի նման բան չի եղել: Ես վերջին 3 տարվա ընթացքում ոչ մի համագումարի չեմ մասնակցել»: Գեղանկարիչ Ալբերտ Հովհաննիսյանը շեշտեց. «Նկարիչների միությունը գնալով անկում է ապրում»: Կ. Աղամյանը նեղացած ասաց. «Չգիտես ինչու, բոլորն ինձ մեղադրում են միության ունեցվածքը մխսելու, օտարելու մեջ, մի բան, որ ես չեմ արել»: Ի պատասխան, Հ. Շահումյանն էլ նկատեց. «Մխսել չի՝ մսխել ա: Դա խոսում է քո անգրագիտության մասին, գոնե բառերը ճիշտ արտաբերիր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել