Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐԴԿԱՅՆՈՐԵՆ ԽՂՃՈՒՄ ԵՄ ԱՆԱՆՅԱՆԻՆ»

Նոյեմբեր 06,2008 00:00

Ասում է Գրողների միությունից հեռացված Ալեքսանդր Ղումաշյանը

Հայաստանի գրողների միությունից (ՀԳՄ) վերջերս հեռացված Աբգար Ափինյանի տեսակետը «Առավոտը» ներկայացրել է: Հաջորդ «տարագիրը» բանաստեղծ Ալեքսանդր Ղումաշյանն է, որին խնդրեցինք մեկնաբանել ՀԳՄ վերջին իրադարձությունները: Պարոն Ղումաշյանն ասաց, որ չի ցանկանում խոսել ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի մասին, որովհետեւ նրա հետ չէ, որ խնդիր ունի. «Անանյանը վաղը չեղավ նախագահ, բոլորը նրան մոռանալու են, այնպես որ՝ այստեղ անձի խնդիր չկա»: Նաեւ հավելեց, որ ինքն անտարբեր չէ այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է միությունում, ու, չգիտես ինչու, «Լեւոն Անանյանը ամեն ինչ կապում է միայն Աբգար Ափինյանի հետ, որովհետեւ իրեն ձեռնտու է ունենալ միայն մեկ թշնամի»:

Մեր զրուցակիցը, վկայակոչելով «Գրական թերթի» հոկտեմբերի 3-ի համարում տպագրված նյութի հետեւյալ կտորը. «ՀԳՄ նախագահության նիստը միաձայն որոշում ընդունեց Աբգար Ափինյանին եւ Ալեքսանդր Ղումաշյանին՝ Հայաստանի գրողների միությանը, նրա ղեկավարությանը պարբերաբար վարկաբեկելու համար հեռացնել ՀԳՄ շարքերից եւ լուծարել «Նոր դար» հանդեսը», ասում է. «Այստեղ ակնհայտ սուտ կա, ինչպես ամեն հայտարարության մեջ, որ հնչում է Գրողների միությունից: Անձամբ ես երբեք ՀԳՄ-ն եւ նրա ղեկավարությանը չեմ վարկաբեկել, էլ ուր մնաց՝ պարբերաբար: Նույնիսկ Անանյանի դեմ հոդված չեմ գրել, այլ գրել եմ ՀԳՄ կարգավիճակի մասին»: Դառնալով «Գրական թերթում» տպագրվածին՝ Ղումաշյանը հայտարարում է. «Այս պարբերությունը 37 թվականին մարդկանց ուղարկում էր գնդակահարության, որովհետեւ 37-ին Գրողների միության ղեկավարությանը վարկաբեկելը հավասարազոր էր խորհրդային ժողովրդին վարկաբեկելուն, ու վարկաբեկողն էլ ընկալվում էր իբրեւ ժողովրդի թշնամի, ում գնդակահարում կամ Սիբիր էին ուղարկում: Ստացվում է, որ «Գրական թերթի» այս փոքրիկ նյութի մեջ անգամ 30-ականների տրամաբանությունն է դրված»: Ըստ Ղումաշյանի, ՀԳՄ նախագահության որոշումը հակականոնադրական է, եւ բացի դրանից, այդ նիստին իր խոսքով՝ լավագույն գրողը, նախագահության անդամ Հրաչյա Սարուխանը չի հրավիրվել, որովհետեւ դեմ կարտահայտվեր. «Գիտեմ, որ նա Կիրովականից ասել է՝ ի՞նչ է, հայրենիքի դավաճաննե՞ր են, որ հեռացնում են»:

«Առավոտի» հարցին՝ հիմա, երբ ՀԳՄ-ն վարկաբեկողները, ինչպես իրենց որակել են «Գրական թերթում», հեռացված են, կառույցը բարեփոխվե՞լ է, խնդիրները լուծվե՞լ են, պարոն Ղումաշյանը պատասխանեց. «Բառացիորեն օրերս ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանը հայտարարեց, որ պետպատվերով տպագրվող գրականության 50%-ն աղբ է: Ի դեպ, ամենաշատ տպվողներից մեկն էլ Հովհաննես Գրիգորյանն է: Եթե ինքն իր գրականությունն աղբ է համարում, իր հետ համաձայն եմ եւ այդ խնդրին անդրադարձել եմ դեռ 2 տարի առաջ, ասելով, որ կատարվածը պետության փողերի վատնում է: ՀԳՄ-ն եւ մշակույթի նախարարությունը ձեռք ձեռքի տված այս պետության փողերը քամուն են տալիս… հենց ձեր թերթում Նորայր Ադալյանն էլ էր նույն բանն ասել՝ աղբի փոխարեն օգտագործելով գորշություն բառը: Լավ կլիներ՝ Ադալյանն իմանար, որ այդ նույն ժամանակ, նույն շենքում, երբ ինքը երկու տարի գորշություն էր տպում, սնվելով պետբյուջեից ու ՀԳՄ-ից, ես առանց սնման աղբյուր ունենալու՝ «Հորիզոնն» էի տպագրում, որը լավ արձագանք էր ունենում»:

Մեր դիտարկմանը, որ Լեւոն Անանյանն ու իր կողմնակիցները պնդում են, թե ՀԳՄ-ում «Նոր դարի» զբաղեցրած սենյակները վերածվել էին հարբեցողության որջի, Ա. Ղումաշյանը պատասխանեց. «Նոր դարում» աշխատել է առնվազն 70 գրող, որոնցից մեկը հենց Հովհաննես Գրիգորյանն է եղել, հաջորդը՝ Արմեն Մարտիրոսյանը… քիչ մարդ կգտնվի, որ մեզ մոտ չի աշխատել… Մյուս կողմից էլ՝ ի՞նչ անենք, գրող տղերք են, երբեմն խմել են: Ինչ վերաբերում է Լեւոնին, իրեն չեմ ուզում անդրադառնալ, մանավանդ հիմա անհավասարակշիռ է դարձել, մարդկայնորեն խղճում եմ, ոչնչացված մարդ է ինձ համար: Ամենավերջին բանը, որ Լեւոնը կարող էր անել՝ ինձ հեռացնելն էր, արեց: Հետո միության անդամ լինելով՝ գրողն ավելի լավ չի ստեղծագործում կամ չլինելով՝ ավելի վատ: Անդամությունը գայթակղիչ է ընդամենը Ծաղկաձոր գնալու առումով, մի բան, որից երբեք չեմ օգտվել»:

Ա. Ղումաշյանն ասում է, որ ինքը ոչ թե Լեւոն Անանյանին է դեմ կամ մեկ ուրիշին, այլ ՀԳՄ-ի ներկա վիճակին, կառուցվածքին, ղեկավարման ձեւին ու գտնում է, որ ժամանակն է կառույցը բարեփոխել, ղեկավարումն էլ իրականացնել համանախագահության սկզբունքով:

«Ես իրավունք ունեմ ուզելու, որ Ֆրանսիայում տպագրվող հայկական պոեզիան պոեզիա լինի, կամ տեղեկանալու, թե ինչու են միլիոններ ծախսում անթոլոգիայի վրա, որտեղ Ռազմիկ Դավոյանը, Հրաչյա Սարուխանը չկան: Ես ուզում եմ ոչ թե գորշություն տպագրվի ու բազմացվի, այլ մեր «Սասնա ծռերը» միլիոններով տպագրենք ու աշխարհում տարածենք կամ Խորենացին, որովհետեւ 5-րդ դարի պատմիչներն աշխարհում թափված չեն: Իսկ թե ո՞վ է միությունում «կռիսի» նման մի երկու կոպեկ ավել ուտում, դա ինձ չի հետաքրքրում: Մի բան էլ, եթե ՀԳՄ կառուցվածքը, այնուամենայնիվ, չի փոխվելու, ավելի լավ է նախագահ դառնա Ռազմիկ Դավոյանը, Էդվարդ Միլիտոնյանը, կարճ ասած՝ որեւէ գրող, ոչ թե Լեւոն Անանյանը, որը, փաստորեն, չի կարողանում աշխատել… Կամ ի՞նչ է նշանակում պետական մրցանակ տալուց ամիսներ առաջ նախապես իմանալ, թե ով է այն ստանալու: Այդպես եղավ Արտեմ Հարությունյանի, Դավիթ Հովհաննեսի պարագայում… Ասում են՝ հաջորդ մրցանակակիրն էլ Հովհաննես Գրիգորյանն է լինելու»,- փաստում է Ալեքսանդր Ղումաշյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել