Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐԲԵՐԻ ՓՈՂԵՐԸ ԿԵՐԵԼ ԵՆ

Նոյեմբեր 06,2008 00:00

\"\"Վերահսկիչ պալատն իր հերթական բացահայտումներում պարզել է, որ սոցիալական ապահովության հարցերի նախարարության կողմից մանկատան երեխաներին հատկացված բնակարաններում անմարդկային պայմաններ են:

«Եթե Սյունիքի մարզպետի պատկերացմամբ ես անգրագետ եմ, ապա ինքն առնվազն Ցիցերոնն է կամ Կիրակոս Գանձակեցին»,- երեկ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսպես արձագանքեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ վերջերս արած այն հայտարարություններին, որտեղ նա ՎՊ նախագահին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անվանել էր անգրագետ: Նշենք, որ Սյունիքի մարզպետը նման հայտարարություն արել էր այն բանից հետո, երբ պալատը Սյունիքի մարզպետարանում անցկացրած ստուգումների արդյունքում հայտնաբերել էր շուրջ 94 միլիոն դրամի ծավալային հավելագրումներ, այսինքն՝ չկատարված աշխատանքի դիմաց վճարումներ, ինչից հետո Ս. Խաչատրյանը վստահեցրել էր, որ «ոչ մի հավելագրում էլ չկա, բոլորը սուտ բաներ են»:

Երեկ ՎՊ-ն խորհրդի նիստ էր հրավիրել՝ հերթական բացահայտումները ներկայացնելու: Նիստին հաջորդած մամուլի ասուլիսում Ի. Զաքարյանը լրագրողներին ցույց տվեց Սյունիքի մարզպետի ստորագրությամբ ու կնիքով պաշտոնական նամակը, որտեղ մարզպետը պաշտոնապես հայտարարում է, որ ստեղծել է հանձնաժողով ՎՊ-ի կողմից հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ: Դրանից բացի, Ս. Խաչատրյանը փաստաթղթեր է ներկայացրել, որոնք վկայում են այն մասին, որ 94 միլիոն դրամ չարաշահումներից 84 միլիոնն արդեն վերականգնվել է աշխատանքների տեսքով, իսկ 10 միլիոն էլ վճարվել է պետբյուջե:

«Եթե մեր եզրակացություններն անհիմն են՝ ինչո՞ւ են վերականգնել: Կամ՝ եթե անհիմն էին, թող դիմեր դատարան»,- ասաց Ի. Զաքարյանը:

Հիշեցնենք, որ քաղաքաշինության նախարարությունում կատարած ստուգումներից հետո, երբ ՎՊ նախագահը հայտարարեց, որ այդ ոլորտում էլ շուրջ 170 միլիոն դրամի չարաշահումներ են հայտնաբերել, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ի. Զաքարյանի հասցեին բավականին կոպիտ հայտարարություններ արեց: Նա ասել էր. «Դրանք բոլորը սուտ են, իրականում որեւէ բան չի հայտնաբերվել, դրանք բոլորը փուչիկներ են եւ հերթով տրաքում են»: Բացի այդ, Գ. Ծառուկյանը հայտարարել էր, որ իր կուսակից ԲՀԿ-ական քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը ՎՊ-ի հայտնաբերած խախտումների մասին փաստաթղթի տակ չի ստորագրել, եւ իրականում ՎՊ եզրակացությունների հիմքում անձնական խնդիրներ են:

Սրան ի պատասխան՝ Ի. Զաքարյանն ասաց. «Ես Գագիկ Ծառուկյանի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, եւ որեւէ մեկը չի կարող կանգնել այդ հարաբերությունների մեջտեղում: Ես շատ ցավում եմ, որ իրեն որոշ նյութեր թյուրիմացաբար սխալ են ներկայացվել: Այդ առումով իր ելույթը ես չեմ մեկնաբանելու: Ինքը մի քիչ էմոցիոնալ բնավորության տեր մարդ է: Ես մոտ օրերս պատրաստվում եմ հանդիպել եւ այս բոլոր նյութերը մեկ առ մեկ առավել խորությամբ նրան ցույց տալ: Հետո մնացած հետեւությունները թող ինքն անի»:

Ի. Զաքարյանը նաեւ հայտնեց, որ քաղաքաշինության նախարարությունը եւս 170 միլիոն դրամից 40 միլիոնն արդեն վճարել է: Իսկ մնացած գումարն էլ վերականգնել է աշխատանքների տեսքով. «Եթե մեր հայտնաբերած հավելագրումները սուտ էին, նախարարությունը դրանք չէր վերականգնի»:

Ինչ վերաբերում է նախագահի վերահսկողական ծառայության՝ քաղաքաշինության նախարարությունում ՎՊ-ից հետո կրկին ստուգումներ կատարելուն եւ որեւէ խախտում չհայտնաբերելուն, ապա Ի. Զաքարյանը պարզաբանեց, որ ծառայությունը գրեթե նույն խախտումներն է արձանագրել եւ ստուգել է՝ արդյոք օրինախախտները պատշաճ կերպով կատարո՞ւմ են իրենց պարտավորությունները պետությանը հասցրած վնասները վերականգնելու մասով:

ՎՊ-ի՝ երեկվա հրապարակած տվյալներից թերեւս ամենաուշագրավը մանկատան շրջանավարտների համար իրականացրած ծրագրում հայտնաբերած չարաշահումներն էին: Պետական աջակցություն նախատեսող ծրագրով մանկատան երեխաներին անհատույց 1 սենյականոց բնակարաններ է տրամադրվել, որոնք, ըստ տեխնիկական նկարագրի, պետք է լինեին բնակվելու համար պատրաստի վիճակում, այսինքն՝ բնակարանը լիներ վերանորոգված, ունենար մանրահատակ, ջեռուցման համակարգ եւ այլն: Սակայն ստուգումների արդյունքում պարզվել է, որ այդ բնակարաններում ոչ միայն բացակայում են նման պայմանները, այլեւ բնակարանների մի մասը գտնվում են շենքի ոչ բնակելի տարածքներում՝ տեխնիկական հարկերում՝ ասենք, օրինակ, որտեղով անցնում են կոյուղագծերը: Ըստ ՎՊ նախագահի, այս ծրագրի պատվիրատուն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է, որը աշխատանքներն իրականացնելու համար պայմանագիր է կնքել «Սոկոլ Գրուպի» հետ:

Խորհրդի նիստին ներկա «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանն այս առնչությամբ ասաց. «Այն քաղաքական ուժը, որը պատասխանատու է տվյալ նախարարության համար, պետք է պատասխան տա ծնողազուրկ երեխաների հաշվին պետբյուջեի միջոցները գողանալու համար»:

Նշենք, որ սոցապնախարարի պորտֆելը պատկանում է ՀՅԴ-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել