Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՇԱՌՔԻՑ ՈՒՇԱԹԱՓՎԵԼ Է

Նոյեմբեր 06,2008 00:00

\"\"Օձունցի Ալբերտ Միսկարյանը վախից ուշագնաց է եղել, երբ իր ճանապարհին հանդիպած գործող գյուղապետ, թեկնածու Մելիք Այվազյանը ձեռքը տարել է գրպանը, որպեսզի նրան ընտրակաշառք տա: Միսկարյանը կարծել է, թե գյուղապետը գրպանից զենք է հանում, որ իրեն խփի:

Հոկտեմբերի 19-ին Լոռու մարզի Օձուն գյուղում անցկացվեցին գյուղապետի ընտրություններ: Սակայն այս համայնքում ընտրություններն այնքան կոպիտ խախտումներով անցան, որ ԿԸՀ-ն ստիպված եղավ Օձունի ընտրությունները չեղյալ համարել եւ նոյեմբերի 9-ին նշանակել համայնքապետի նոր ընտրություններ: Այս գյուղում բացվել էր 3 տեղամաս, որից 2-ի հանձնաժողովի նախագահները գործող գյուղապետ ու թեկնածու Մելիք Այվազյանի (Ալաբաշ Մելո) հարազատ եղբայրներն են, իսկ մյուսը՝ գյուղապետի տեղակալը: Նշենք, որ թիվ 32/02 ընտրատեղամասի քվեաթերթիկների վերահաշվարկի ժամանակ, որին ներկա է եղել անձամբ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, պարզվել էր, որ մյուս թեկնածու Արսեն Տիտանյանի օգտին քվեարկված շուրջ 47 քվեաթերթիկ դրվել է անվավերների ծրարի մեջ: Այս տեղամասում մի նորամուծություն էլ էր բացահայտվել. բացի ընտրողի դրած «պտիչկայից», մի քանի քվեաթերթիկների վրա առկա են եղել նաեւ մատիտով արված նշումներ: Ա. Տիտանյանի օգտին քվեարկված նմանատիպ թերթիկները համարվել էին անվավեր, իսկ Մ. Այվազյանինը՝ վավեր: Այս փաստը դիտավորություն էր համարել Գ. Ազարյանը եւ չէր բացառել, որ այս հիմքով գործերը կուղարկվեն դատախազություն: Ընտրությունների արդյունքները օձունցիներին հայտնի դառնալուց հետո, երբ հայտարարվեց, որ Մ. Այվազյանը 7 ձայնի առավելությամբ վերընտրվել է, հենց գիշերվա կեսին ժողովուրդը դուրս եկավ փողոց եւ հենց այդ օրը պահանջեց անցկացնել նոր ընտրություններ: Հետընտրական կրքերը հանգստացնելու համար ստիպված են եղել ուշ գիշերով Օձուն ժամանել նաեւ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն ու Ալավերդիի ոստիկանապետը:

Նոյեմբերի 9-ի ընտրությունների նախաշեմին Օձունում կրկին իրավիճակը լարված է: Օգտվելով այն հանգամանքից, որ ՀՀԿ-ն է իր թիկունքին կանգնած եւ ամեն հարցում օգնում է իրեն, Մ. Այվազյանն այս անգամ, գյուղացիների խոսքերով, ավելի անհանդուրժող է դարձել. «Նա զանգվածային ընտրակաշառք բաժանելով՝ որոշել է ամեն գնով պահել իր աթոռը»:

Թեկնածու Ա. Տիտանյանն էլ «Առավոտին» ասաց. «Լուրեր են պտտվում, որ գյուղում գումար է բաժանվում: Եթե անցյալ ընտրություններին 5000 դրամ էր, այս անգամ բաժանվող գումարի չափը սկսվում է 10 հազարից: Մելիք Այվազյանը 2 օր առաջ օձունցի Ալբերտ Միսկարյանին փորձել է 10 հազար դրամով «գնել»: Մի քանի անգամ Ալբերտին վախեցրել էին, բայց երբ վերջին անգամ Այվազյանը հանդիպել է նրան, ձեռքը տարել է գրպանը, որ կաշառքի գումարը հանի, Ալբերտը կարծել է, թե զենք է հանում իրեն սպանի, վախից ուշքը գնացել է ու նրան տեղափոխել են հիվանդանոց: Դուրս գրվելուց հետո նա անձամբ է գնացել ոստիկանություն եւ կատարվածի մասին բացատրագիր գրել»: Մ. Այվազյանը իրեն չընտրող օձունցիներից վրեժ լուծելու եւս մեկ հնարամիտ տարբերակ է գտել: Գյուղի բնակիչներից տեղեկացանք, որ նա այս օրերին ծանուցագրեր է ուղակում օձունցիներին, պահանջելով ամբողջովին փակել հողի հարկի պարտքերը: Օձունցիների խոսքերով՝ «ովքեր համաձայնվում են քվեարկել հօգուտ Մ. Այվազյանի՝ պարտքերը զրոյացվում են»: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Մ. Այվազյանն ասաց. «Ծանուցագրերն առաջնահերթ ուղարկում եմ իմ բարեկամներին, պարտք ներել չկա, բոլորն էլ պիտի վճարեն: Ծանուցագրեր ուղարկելով՝ իմ պարտականություններն եմ կատարում: Այստեղ տարօրինակ ոչինչ չկա»: Նրանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ հանձնաժողովի նախագահ Սարգիս Այվազյանը, որն իր եղբայրն է, այդքան ընտրախախտումներ է կատարել, եւ արդյոք տեղյա՞կ է, որ ընտրախախտումների առնչությամբ Լոռու մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում: Մ. Այվազյանն ասաց. «Ընտրությունները կեղծիքով չեն անցել, դա սուտ է, ընդամենը մի քանի թերթիկ անվավերների մեջ է դրված եղել: Ինչ վերաբերում է դատախազությունում նյութեր պատրաստելուն, ասեմ, որ նման բան չկա, մեզ նման տեղեկություն հայտնի չէ»: Ի պատասխան Մ. Այվազյանի պարզաբանումներին՝ Ա. Տիտանյանն ասաց, որ ինքը անձամբ է տեսել, թե ինչպես են Մ. Այվազյանը եւ նրա եղբայրը՝ հանձնաժողովի քարտուղարի հետ միասին մտել դատախազություն: Պարոն Տիտանյանի խոսքերով՝ իր վստահված անձին նույնպես հրավիրել են դատախազություն եւ հարցաքննել: Ա. Տիտանյանն ասաց նաեւ, որ օձունցիներն այս օրերին վախեցած են եւ ահաբեկված: Որոշ գյուղացիներ, որոնք իրենց անվտանգությունից ելնելով չցանկացան ներկայանալ, մեզ պատմեցին, որ գյուղապետի կողմնակիցները իրենց ստիպում են ընտրության օրը գնալ տեղամաս եւ բաց քվեարկությամբ ընտրել Մ. Այվազյանին՝ հակառակ դեպքում ընտրության չգնան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել