Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԵԺ՝ «ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱ՞Ր

Նոյեմբեր 06,2008 00:00

Ինչպես տեղեկացրել ենք, նոյեմբերի 1-ին 3 տեղով դանակահարել էին Գյումրիի քաղաքապետի նախկին թեկնածու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թիմակից 28-ամյա Արտակ Յուրիկի Մանուկյանին, որին ծանր վիճակում տեղափոխել են Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Մեր աղբյուրները երեկ փոխանցեցին, որ դանակահարողը եղել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր տղան՝ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ուսանող Վահե Ղուկասյանը, որն ընտրություններին իրենց «պադեռժկա» չանելու ու հակառակորդի՝ Մարտուն Գրիգորյանի կողմն անցնելու համար փորձել է վրեժ լուծել Արտակ Մանուկյանից: Ըստ մեր աղբյուրների՝ նախորդ ընտրություններին Արտակ Մանուկյանն աշխատել է հօգուտ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, իսկ այս անգամ նրանից «պատիվ են» պահանջել «դավաճանության» համար: Մեր աղբյուրները նաեւ տեղեկացրին, որ տուժողն աշխատում էր Մարտուն Գրիգորյանենց պատկանող գազալցակայանում, եւ դեպքը տեղի է ունեցել հենց այնտեղ: Ղուկասյանի եղբոր որդին գազալցակայան է ներկայացել չորս հոգով: Մեր աղբյուրների բնութագրմամբ՝ տուժող Արտակ Մանուկյանն էլ «անմեղ գառ չէ», քաղաքում հայտնի մի «ավտարիտետի» զավակ էլ նա է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել