Լրահոս
Օրվա լրահոսը

31 ԴԵՊՔ՝ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Նոյեմբեր 06,2008 00:00

Գլխավոր դատախազության կայքէջում հրապարակվել է տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում կատարված հանցագործությունների վերաբերյալ: Ըստ այդմ՝ ստացվել է 31 հաղորդում, որոնցից 2-ով հարուցվել է քրեական գործ: Ստացված հաղորդումներից 11-ով քրգործի հարուցումը մերժվել է հանցադեպի կամ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ 18-ով՝ շարունակվում է նյութերի նախապատրաստումը:

Մեջբերենք մասնավորապես, թե Երեւանի Կենտրոնի համայնքապետի սեպտեմբերի 28-ի ընտրությունների ընթացքում ստացված 8 հաղորդումների ստուգման ուղղությամբ ինչ աշխատանք են իրականացրել իրավապահները: Նրանք օգտվել են «Ա1+»-ի կայքում հրապարակված հաղորդումներից՝ Կենտրոնի թաղապետի ընտրության ընթացքում թույլ տրված իրավախախտումների վերաբերյալ: Այսպես, հանցադեպի բացակայության հիմքով քրգործի հարուցումը մերժվել է՝ այն հրապարակման կապակցությամբ, թե 10/06, 10/07 եւ 10/52 ընտրատեղամասերում վստահված անձանց հեռացնում են ընտրատեղամասերից. «Նյութերի նախապատրաստման ընթացքում հաղորդման մեջ նշված փաստարկները չեն հիմնավորվել»: Նույն ճակատագրին է արժանացել նաեւ հաղորդումը, թե 10/03 ընտրատեղամասում ահաբեկում են զինված խմբավորումներով:

Ընթացքի մեջ է նյութերի նախապատրաստումն այն հաղորդման կապակցությամբ, թե 10/46, 10/13 եւ 10/14 ընտրատեղամասերում սեպտեմբերի 28-ին կային կեղծ փաստաթղթերով վստահված անձինք: Նույն վիճակում են նաեւ հաղորդումները, թե 10/33 ընտրատեղամասում ծեծի են ենթարկել վստահված անձին, իսկ 10/29 ընտրատեղամասում «լրագրողին խոստացել են մորթել»:

Բայց ամենազավեշտը հետեւյալ արձանագրումն է. «Հաղորդում է ստացվել, որ 10/03 ընտրատեղամասում քվեաթերթիկները լցնում են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի ներկայությամբ: 28.09.2008թ. հաղորդումն ուղարկվել է ոստիկանության Կենտրոնի բաժին՝ ՀՀ ՔԴՕ 180-րդ, 181-րդ հոդվածների պահանջներով ընթացքը լուծելու համար: Նյութերի նախապատրաստումը գտնվում է ընթացքի մեջ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել