Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույն լուծումը համաներումն է

Նոյեմբեր 06,2008 00:00

Երեկ հայտարարեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ հանդիպեց լրատվամիջոցների հետ եւ տեղեկություններ ներկայացրեց ԵԽԽՎ-ի առջեւ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման մասին: Ի թիվս այլ հարցերի՝ խոսեց նաեւ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման մասին. «Այս բանաձեւերի առումով թեեւ էական առաջխաղացում կա, սակայն շատ կարեւոր մի հարցում, որը վերաբերում է քրեական հետապնդումներին, դեռեւս հնարավոր չէ արձանագրել, որ իսկապես բավարարել ենք բանաձեւի բոլոր պահանջները: Մասնավորապես, խոսք էր գնում միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա մարդկանց դատապարտելու անթույլատրելիության մասին: Պետք է նշեմ, որ սա ոչ թե իրավական, այլ քաղաքական պահանջ է, եւ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել դրա վրա՝ իրավական առումով այստեղ խնդիր չի ծագում: Բայց ԵԽԽՎ բարձրացրած հարցը քաղաքական է, եւ հենց քաղաքական էլ պիտի լինի անդրադարձը: Օրենքի տեսանկյունից չէ խնդիրը, այլ՝ հենց քաղաքականության, ներքին քաղաքականության: Կարծում եմ, լավագույն լուծումը տվյալ պարագայում կլինի համաներումը: (Խոսելով «այլ լուծումների» մասին՝ պարոն Հարությունյանը շեշտեց ներումը եւ վճռաբեկ դատարանի կողմից գործողությունները- Մ. Ե.)։ Մեկ այլ խնդիր վերաբերում է 300 եւ 225 հոդվածներով քրեական հետապնդման ենթարկվող անձանց, եւ այսօր որեւէ կարծիք հայտնել հնարավոր չէ, քանի դեռ դատարանը չի կայացրել դատական ակտեր»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ ուրեմն ինչո՞ւ չկիրառվեց այդ լավագույն լուծումը եւ համաներում չշնորհվեց, գուցե համաներում լինի ամանորի նախօրեի՞ն: Ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Ի վերջո, դա հանրապետության նախագահի իրավասությունն է, սահմանադրությամբ հենց նա է օժտված ներման եւ համաներման իրավունքներով: Կարծում եմ՝ նա այս հարցին անպայման անդրադարձ կկատարի»:

ԼՂՀ շուրջ վերջին զարգացումների եւ Սերժ Սարգսյան-Ալիեւ համատեղ Հռչակագրի մասին խոսելով՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Իմ գնահատականը խիստ դրական է: Ես համաձայն չեմ այն տեսանկյան հետ, որ դրանով ԼՂՀ-ն դուրս է մնում գործընթացից: Կարեւորագույն սկզբունքը, որ հռչակված է այդ փաստաթղթում՝ խաղաղ բանակցություններն են, իսկ խաղաղ բանակցությունները Ղարաբաղի ճակատագրի շուրջ հնարավոր չեն առանց Ղարաբաղի շատ ակտիվ մասնակցության»:

Դ. Հարությունյանը շեշտեց, որ փաստահավաք խմբում կոալիցիայի կողմից անդամների նշանակման ուշացման միակ պատճառը «շատ խորը քննարկումներն են եւ իսկապես որակյալ թեկնածուների առաջարկումը»: «Շատ բարձր եմ գնահատում այդ խմբի պոտենցիալը, որովհետեւ մենք հստակ պետք է տարանջատենք քաղաքական գործընթացը զուտ մասնագիտական գործընթացից: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը քաղաքական է, եւ նրա նպատակը քաղաքական գնահատականներ տալն է: Բայց ժամանակավոր հանձնաժողովը երբեմն փորձ է արել կատարել նաեւ փաստահավաք առաքելություն, որն իրականում մասնագետների խնդիր պետք է լիներ, եւ հենց դրանում է կայանում պարոն Համմարբերգի առաջարկությունը»,- ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել