Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱՐՑԸ ՉԼՈՒԾԵԼՈՒ ԵԼՔ ՉԿԱ»

Նոյեմբեր 06,2008 00:00

\"\"

ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը

Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն աշխատանքային հանդիպում ունեցավ «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում: Կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱԿ-ի ներկազմակերպչական, ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Բայց Ա. Սարգսյանը հատկապես կարեւորեց ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցի ու նաեւ այդ համատեքստում ՀԱԿ-ի առաջիկա գործունեության շուրջ տեղի ունեցած քննարկումը: Դատելով Ա. Սարգսյանի խոսքերից՝ պետք է արձանագրել, որ ՀՀ առաջին նախագահի եւ «Հանրապետության» ակտիվիստների հետ հանդիպումն անցել է լիակատար փոխըմբռնման պայմաններում: «Հիմնական հարցերը, որոնք առաջանում են, վերաբերում են ԼՂ հիմնախնդրի, դրա շուտափույթ լուծման հետ կապված խնդիրներին եւ դրանց վերաբերյալ Կոնգրեսի եւ ՀԱԿ անդամ առանձին կուսակցությունների մոտեցումներին, դրանց ներդաշնակեցմանը, որովհետեւ կան կուսակցություններ, որոնք այս խնդրի առնչությամբ տարբեր մոտեցումներ ունեն: Մեր կուսակցության պարագայում նման խնդիրներ չկան, կան մտահոգություններ եւ հիմնական հարցերը վերաբերում էին հենց դրանց»,- մանրամասնեց Ա. Սարգսյանը: Նա հայտարարեց, թե նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած հանդիպումից հետո էլ «Հանրապետությունը» մնում է այն կարծիքին, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը առաջիկա 1-2 ամիսների խնդիր է. «Այն չլուծելու ելքեր չեմ տեսնում»:

Արդյոք հանդիպման ընթացքում քննարկվե՞լ է ՀԱԿ-ի որդեգրած մարտավարության մեջ ճշգրտումներ անելու խնդիրը՝ նկատի ունենալով ԼՂ հիմնախնդրի առնչությամբ նկատելի ակտիվությունը: Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ կուսակցության նախագահն ասաց, որ այդ մարտավարության մեջ ավելի շատ ցանկացած պահի եւ որեւէ շրջադարձի պատրաստ լինելու խնդիր կա, քան՝ կոնկրետ ժամկետում ճշգրտումներ անելու: «Մենք այն կարծիքին ենք, որ անակնկալներ Հայաստանի նման երկրում ցանկացած պահի կարող են լինել, առավել եւս նման լարված ժամանակահատվածում, երբ տեղի է ունենում մեզ հուզող հարցերից մեկի՝ ԼՂ հիմնախնդրի շուտափույթ լուծման գործընթաց եւ դրան միտված ծրագրի քննարկում: Այսօր այդ ծրագիրը քննարկվում է արդեն Եվրոպայում, հայտարարվեց, որ դեկտեմբերի 2-ին տեղի կունենա նախագահների հանդիպում եվրոպական երկրներից մեկում, հետո՝ այցելություն ԱՄՆ: Այսինքն՝ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, եւ ԼՂ հիմնախնդիրը հստակ տարվում է դեպի լուծման: Այդ համատեքստում կարող են ներքաղաքական խժդժություններ լինել, որոնք, մեր կարծիքով, ոչ թե կօգնեն, այլ միանշանակ կխանգարեն թե՛ ԼՂ հարցի լուծմանը, թե՛ ներքաղաքական կյանքին եւ Հայաստան պետության կայացմանը: Սա է հանրահավաքային դադարի հիմնական պատճառներից մեկը: Քաղաքական այն գործիչները, ովքեր դրանում վատ բան են տեսնում, գուցե հակված են Սերժ Սարգսյանին ավելի շուտ պաշտոնանկ անելուն: Այդ դեպքում իրենք կարող են իրենց քաղաքականությունը վարել այդ ուղղությամբ, բայց մեր գերխնդիրը այս պահին դա չէ, որովհետեւ մենք շատ ավելի լուրջ վտանգ ենք տեսնում, քան Ս. Սարգսյանի՝ ինչ-որ ժամանակ եւս իր պաշտոնում մնալը»,- ասաց Ա. Սարգսյանը:

Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում կողմերին առաջարկվող «մադրիդյան սկզբունքների» մասին՝ «Հանրապետության» նախագահն ասաց, թե նմանատիպ հիմնախնդիրներ ունեցող 5 միավորներից՝ Կոսովո, Աջարիա, Հարավային Օսեթիա, Մերձդնեստրիա եւ Լեռնային Ղարաբաղ, ԼՂ-ն հաստատապես շատ ավելի արժանի է ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա անկախություն ստանալուն, քան մնացածը: Ըստ նրա, ինքը, նաեւ ՀՀ որեւէ քաղաքացի արդարացիորեն կարող է հարց տալ՝ ինչո՞ւ այդպիսի հիմնախնդիրներից երեքը լուծվել են ինքնորոշման իրավունքի հիման վրա, իսկ ԼՂ-ի դեպքում հիմնահարցը այդ համատեքստում չպետք է լուծվի: Բայց, Ա. Սարգսյանի դիտարկմամբ, կա նաեւ այլ խնդիր. այն, որ մենք մեր ժողովրդի պատմության ընթացքում շատ դեպքերում կորուստներ ենք ունեցել այն պատճառով, որ հաշվի չենք առել առկա իրողությունները, մեր հնարավորությունները, մեզ արվող առաջարկները եւ փորձել ենք հարցերը լուծել միայն մեզ հարմար եւ ցանկալի դիրքերից: «Ցավոք, այսօր մեզ չեն առաջարկում այն տարբերակը, որը ես անձամբ կուզենայի: Այսօր մեզ առաջարկվում է «մադրիդյան» ծրագիրը, որով ինչ-որ կերպ փորձ է արվում սինթեզել նախկինում արված «փուլային» եւ «փաթեթային» տարբերակները, որով փորձ է արվում համադրել թե՛ ազգերի ինքնորոշման, թե՛ տարածքային ամբողջականության սկզբունքները: Մեզ այլ առաջարկ չի արվում, եւ սա այն է, ինչ ունենք այսօր, ու դա մեր պետության վարած վատ արտաքին քաղաքականության հետեւանքն է, որի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, նրա իշխանությունը, նրա արտգործնախարարն ու ԼՂ նախագահը՝ իր վարած քաղաքականությամբ:

Բայց, միեւնույն ժամանա,կ այս տարբերակի շուրջ չբանակցելը նշանակում է նախընտրել պատերազմը, ուստի՝ մեզ առաջարկվող տարբերակում մենք պետք է փորձենք արդեն դիվանագիտական կռիվ տալ՝ առավելագույնը ստանալու համար, այլ ոչ թե ասենք՝ այդ տարբերակը մեր մոտեցումներին չի համապատասխանում: Այս դեպքում մենք էլի կկորցնենք, ինչպես կորցրել ենք մեր պատմության ընթացքում: «Մադրիդյան» սկզբունքներում ես տեսնում եմ որոշակի առաջարկներ, որոնք համապատասխանում են իմ մոտեցումներին, բայց նաեւ տեսնում եմ բազմաթիվ բացեր, որոնց պատասխանը ինքս չունեմ: Որպեսզի այդ հարցերի պատասխանները պարզ դառնան ՀՀ ցանկացած քաղաքացու համար, անհրաժեշտ է դիվանագիտական, քաղաքական լուրջ աշխատանք տանել եւ պայքարել՝ հնարավոր առավելագույնին հասնելու համար: Մենք այդ հնարավորությունը Սերժ Սարգսյանին տվել ենք. թո՛ղ պայքարի, մենք իրեն չենք խանգարում: Ընդհակառակը՝ նույնիսկ խորհուրդ ենք տվել, թե ինչպես անի, որ առավելագույնս հաջողության հասնի այդ հարցում: Այս իմաստով, ցանկացած կուսակցություն՝ անկախ այսօրվա իշխանությունը ռեժիմի կողմից բռնազավթված համարելուց, պետք է կարողանա այս խնդրի շուրջ համախմբվել եւ պետական մտածողություն ցուցաբերել, որպեսզի այս գլոբալ խնդիրը լուծվի գոնե եթե ոչ՝ առանց «հաղթել ենք» ասելու, բայց նաեւ՝ չպարտվելով: Սա ես նաեւ իմ խնդիրն եմ համարում՝ որպես Վազգեն Սարգսյանի եղբայր, որպես կուսակցության ղեկավար»,- հայտարարեց Ա. Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել