Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը՝ հանցավորության քաղաք

Նոյեմբեր 05,2008 00:00

Երեկ ՀՀ ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանն ամփոփեց 9 ամսում ՀՀ հանցավորության վիճակը: Հանրապետությունում գրանցվել է 6825 հանցագործության դեպք, նախորդ տարվա 6510-ի դիմաց. աճը կազմել է 4,8% կամ 315 դեպք: Հաշվետու ժամանակահատվածում 10 հազար բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է 21,3։ Նշվեց, որ հանցավորության մակարդակը բարձր է միայն Երեւանում (31,4), առավել ցածր՝ Գեղարքունիքում (11,1): Աճել են մարդու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները:

Ս. Շիրինյանը տեղեկացրեց, որ հանրապետությունում նվազել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը: 2007թ. 9 ամսում 74 դեպք էր գրանցվել, 2008թ. 9 ամսում՝ 67: Անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին, Ս. Շիրինյանն ասաց. «Չնայած այս ամենին, մարտի 1-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ բնակչության մոտ դեռեւս առկա է զգալի քանակությամբ զենք եւ ռազմամթերք, ինչի հայտնաբերման եւ կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության մարմինների կողմից տարվել է հետեւողական աշխատանք»:

Քրեական պատասխանատվության կանչված անձանց տարիքային խմբերի հարաբերակցությունը գրեթե փոփոխության չի ենթարկվել. 14-ից 15 տարեկան՝ 62 անձ (1,6%), 16-17 տարեկան՝ 152 անձ (4%), 18-24 տարեկան՝ 622 անձ (16,3%), 25-29 տարեկան՝ 757 անձ (19,8%), 30-49 տարեկան՝ 1670 անձ (43,8%), 50 եւ ավելի տարիք ունեցող՝ 550 անձ (14,4%): Ըստ վիճակագրության, ձերբակալվել է այլ պետությունների կողմից հետախուզվող 78 հանցագործ: ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 38 քաղաքացի հաշվետու ժամանակահատվածում ձերբակալվել է տարբեր երկրներում եւ տեղափոխվել Հայաստան:

Լրատվամիջոցներին տեղեկացվեց, որ տարբեր կարգապահական խախտումներ թույլ տալու համար 164 ոստիկան ենթարկվել է կարգապահական տույժի: 12-ը զգուշացվել է պաշտոնին ոչ լրիվ համապատասխանելու մասին, 4-ի կոչումն իջեցվել է մեկ աստիճանով, 12-ն ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:

«Առավոտի» հարցին, թե 4 օր առաջ Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները բաժին են տարել Պերճ Մկրտչյանին, որի գտնվելու վայրը, ըստ նրա հարազատների, հայտնի չէ, ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացրեց, որ նա ձերբակալված է եւ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնի կողմից հարուցվել է քրգործ: Պ. Մկրտչյանին բաժին են տարել 2X2 բենզալցակայանի մոտից՝ գողության կասկածանքով, ապա նրա բնակարանում տեղի է ունեցել խուզարկություն, որի ժամանակ հայտնաբերվել է «Վալտեր» տիպի գազային ատրճանակ եւ օդամղիչ ատրճանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել