Լրահոս
Օրվա լրահոսը

«6»-ի Արման Հարությունյանին սպառնացե՞լ են

Նոյեմբեր 05,2008 00:00

\"\"Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի դատավարությունը:

Դատավարության ընթացքում ցուցմունքներ տվեցին տուժողներ՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին օպեր-լիազոր Տիգրան Աղվանյանը եւ նույն համակարգի աշխատակից, երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսին Արման Հարությունյանը: Հիշեցնենք, որ վերջիններս տուժող են ճանաչվել այն պատճառով, որ երբ դիմակավորված «սպեցնազցիները» Գ. Ջհանգիրյանին բերել են «6»-ի շենք, իրենց հրահանգել են նախկին դատախազին տանել համապատասխան վարչություն, սակայն այդ ընթացքում, իբր, Գ. Ջհանգիրյանը դիմադրել է նրանց, հարվածել, սպառնացել եւ հայհոյել: Երեկվա դատական նիստի ժամանակ ոստիկան «տուժողները» հաստատեցին նախաքննական մարմնին տված իրենց ցուցմունքները:

Գ. Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հարցրեց, թե ի՞նչն է Տ. Աղվանյանի աշխատանքից ազատվելու պատճառը: Թեեւ նախագահող Ժորա Վարդանյանը եւ մեղադրող Կորյուն Փիլոյանը հարցի դեմ առարկեցին, սակայն «տուժող» Աղվանյանն իրազեկեց, որ իր դիմումի համաձայն է ազատվել: Նկատենք, որ Տ. Աղվանյանը տուժող է ճանաչվել, քանի որ «քաշքշուկի պատճառով պատռվել է նրա աշխատանքային վերնահագուստի գրպանը»: Տ. Աղվանյանը երեկ դատարանի շենքի բակ էր մտել ոստիկանական մեքենայով, այն էլ նախկին գործընկերոջ՝ Արման Հարությունյանի հետ:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կրտսեր տեսուչ Ա. Հարությունյանը մասնավորապես նշեց, որ փետրվարի 23-ի երեկոյան հրահանգել են իրեն եւ Տիգրանին՝ աշխատավայրի բակից բերման ենթարկված անձին տանել գլխավոր մասնաշենք. «Անմիջապես ճանաչեցինք Գ. Ջհանգիրյանին: Երբ մեքենայից փորձում էինք իջեցնել նրան, ոտքով հարվածում էր: Նրան հաջողվեց ոտքով հրել ինձ, որի պատճառով՝ անվստահությունից ընկա, բարեբախտաբար վնասվածք չստացա: Սակայն ձեռքերը ոլորեցինք ու մտանք վարչության նախասրահ: Այդ ժամանակ եւս Գ. Ջհանգիրյանը հայհոյում էր եւ սպառնում»: Գ.Ջհանգիրյանի պաշտպան Լ. Սահակյանի հարցերից պարզվեց նաեւ, որ երկու «տուժողները» այդ օրը հերթապահության չեն եղել, բայց գտնվել են աշխատավայրում: Ա. Հարությունյանն իրենց աշխատավայրում մնալը նախ պայմանավորեց այս կերպ. «Հատուկ միջոցառումների դեպքում մնում ենք՝ կապված «Մարտի 1»-ի հետ», ապա շտկեց միտքը. «Մնացել էինք աշխատավայրում, որը բխում էր երկրում ստեղծված իրավիճակով»: Ավելի ուշ Ա. Հարությունյանը հավելեց. «Շատ հարգալից պահանջեցինք, որ մեքենայից դուրս ելնի, քանի որ նա պարոն Գագիկ Ջհանգիրյանն էր: Մեր պահանջը այդ էր: Սակայն նա դիմադրում էր»:

Ա. Հարությունյանը հայտարարեց նաեւ, որ իր եւ ընտանիքի նկատմամբ էլեկտրոնային կայքէջերով սպառնալիքներ են ուղարկվում՝ ընդգծելով, որ դրանք ինքը չի կապում Գ. Ջհանգիրյանի հետ: Իր այս ասածը պնդեց Ա. Հարությունյանը անգամ այն ժամանակ, երբ Լ. Սահակյանը հրապարակեց նախաքննական մարմնին տված Ա. Հարությունյանի ցուցմունքներից մեկը, որում վերջինս հայտնում է, որ իրեն եւ ընտանիքին ահաբեկում են: Դատախազությանը տված նրա ցուցմունքում մասնավորապես ասվել է. «Ըստ իս, սպառնալիքները Գ. Ջհանգիրյանի մասին տված իմ ցուցմունքների արդյունքն են»:

Դատավարության վերջում Գ. Ջհանգիրյանը հայտարարություն արեց՝ հակադարձելով ոստիկաններին, քանի որ որեւէ հարց չտվեց նրանց. «Ես կամավոր եմ նստել նրանց «Ֆորդ» մեքենան: Երբ այս մեքենայով եկանք 6-րդ գլխավոր վարչություն, իմ օրինական զենքը կամավոր հանձնեցի ուղեկցող ոստիկանին: Հետո, երբ հասնում ենք ոստիկանության բակ, չգիտես ինչու Ջհանգիրյանը սկսում է չիջնե՞լ, ոտքերը թափահարել ու դիմադրե՞լ: Այսքանը, Փիլոյան»:

Հ. Գ. Երբ լրագրողները փորձեցին իմանալ Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ օրերս ստորագրված Հռչակագրի մասին Գ. Ջհանգիրյանի կարծիքը, վերջինս պատասխանեց. «Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն կանի՝ կլսեք, ես այստեղ արտաքին քաղաքականությամբ չեմ զբաղվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել