Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 05,2008 00:00

ԱՄԱՌԱՅԻՆ ՄՐՑԱՇՐՋԱՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՓԱԿՎՈՒՄ Է

Ամառային մարզաձեւերն աստիճանաբար նահանջում են՝ իրենց տեղը զիջելով ձմեռայիններին: Արդեն մատների վրա կարելի է հաշվել օրացուցային պլաններում մնացած եւ իրենց հաղթողներին եւ մրցանակակիրներին սպասող առաջնությունները: Այս ժամանակահատվածում գերակայում են միջազգային մրցաշարերը, որոնք ավելի շատ նպատակաուղղված են մրցաշրջան 2009-ին սպասվող թեժ պայքարների համար հիմք դնելուն:

Լիվերպուլում, հնարավոր է, մեդալներ լինեն

Սիրողական բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Լիվերպուլ, որտեղ նոյեմբերի 7-15-ը կայանալու է Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ամառային օլիմպիական խաղերի մասնակցության արդյունքների քննարկման ավարտին «Առավոտին» տված հարցազրույցում ասել էր, որ հավաքականի ղեկն ստանձնել է այն ժամանակ, երբ նախապատրաստության քառամյա ցիկլի մեկնարկից բավականին ժամանակ էր անցել եւ այդ պատճառով իր գլխավոր նպատակը համարել է ապագայի կայուն ու բարձրակարգ հավաքական ստեղծելը, թեեւ այդ ընթացքում կարեւորել է նաեւ պաշտոնական մրցումներում եւ միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճելը: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե դա իրեն հաջողվե՞լ է, պատասխանը դրական եղավ: Ավելին, մարզիչը վստահեցրեց, որ այսօրվա հավաքականի առաջին համարներն արդեն կայացած բռնցքամարտիկներ են եւ հեռու չէ այն ժամանակը, երբ իր սաները ռինգում իրենց ծանրակշիռ խոսքը կասեն: Ավելին, պարոն Մեհրաբյանը հավատում էր, որ հենց Լիվերպուլից իր ղեկավարած թիմը ձեռնունայն չի վերադառնա:

Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու հրավիրված բռնցքամարտիկներից գլխավոր մարզիչն ընտրել է հետեւյալ ինը մարզիկներին: 48 կգ քաշային կարգ՝ Հովհաննես Դանիելյան, 51 կգ՝ Դերենիկ Գիժլարյան, 54 կգ՝ Արթուր Գրիգորյան, 57 կգ՝ Ազատ Հովհաննիսյան, 60 կգ՝ Արա Պուլուզյան, 64 կգ՝ Էդուարդ Համբարձումյան, 69 կգ՝ Սամվել Մաթեւոսյան, 75 կգ՝ Անդրանիկ Հակոբյան, 91 կգ՝ Ցոլակ Անանիկյան:

Հավաքականի կազմում բացակայում է Պեկինի օլիմպիական բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը, որը Խաղերից հետո տեղափոխվել է ավելի բարձր՝ 64 կիլոգրամ քաշային կարգ ու մինչեւ Եվրոպայի առաջնության նման բարձրակարգ առաջնությունում հանդես գալը նոր քաշին հարմարվելու համար դեռ ժամանակ եւ մի քանի միջազգային մրցաշարերի մասնակցելու անհրաժեշտություն ունի:

Փաստորեն, կարելի է ասել, որ Ջավախյանի համար մրցաշրջան 2008-ն արդեն ավարտված է: Ճիշտ է, մարզաձեւի միջազգային ֆեդերացիան նրան եւ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանին տարվա արդյունքներով հրավիրել էր մասնակցելու աշխարհի գավաթի առաջնությանը, սակայն հրավերը 60 կգ քաշային կարգում հանդես գալու համար է եւ, ըստ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պարզաբանման, Ջավախյանի փոխարեն այդ քաշային կարգը ներկայացնող մեկ այլ բռնցքամարտիկի գործուղելու իրավունք չկա:

Մեր հանրապետությունը Եվրոպայի առաջնությունում ունենալու է նաեւ իր մրցավարը, որը միջազգային կարգի մրցավար Սուրեն Ղազարյանն է:

Աղջիկները մեկնեցին Մակեդոնիա

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ այսօր վաղ առավոտյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը, գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանի ղեկավարությամբ, մեկնել է Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ հոկտեմբերի 7-12-ը մասնակցելու է միջազգային մրցաշարի: Մեր աղջիկների մրցակիցները լինելու են տանտերերը, Էստոնիան եւ Մալթան:

Հավաքականը գերազանցապես համալրված է «Քոլեջ» եւ «Բանանց» ակումբների սաներով, իսկ «Ֆուրման» ակումբը ներկայացնում է մեկ հոգի:

Հայաստանցի աղջիկները խաղալու են հետեւյալ օրերին:

Նոյեմբերի 7-ին՝ Էստոնիա-Հայաստան:

Նոյեմբերի 9-ին՝ Մակեդոնիա-Հայաստան:

Նոյեմբերի 12-ին՝ Հայաստան-Մալթա:

Իսկ ձյուդոիստները՝ Վրաստան

Այսօր Վրաստան է մեկնում ձյուդոյի Հայաստանի 20 մարզիկներից բաղկացած պատանեկան հավաքականը, որը Ախմետա քաղաքում հանդես է գալու այդ տարիքային խմբի միջազգային մրցաշարում: Բացի տատամիի տերերից, այնտեղ ավագ մարզիչ Մարտին Սարգսյանի տղաները մրցելու են նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի մարզիկների հետ: Մ. Սարգսյանը մրցավայր մեկնելուց առաջ նշել է, որ եկող տարի կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ սա միջազգային մրցափորձ կուտակելու լավ հնարավորություն է:

Վովան եւ Գաբին՝ Իսպանիայի փոխչեմպիոն

Շախմատի 2006 թվականի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ, Հայաստանի ազգային հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը «Լինեքս» ակումբի կազմում նվաճել են Իսպանիայի ակումբային առաջնության արծաթե մեդալները: Իսկ չեմպիոն դարձել է «Կայանարիասը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել