Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր մինի օպերա՝ «Վարք հիմարաց»

Նոյեմբեր 05,2008 00:00

Վերջինիս բեմադրիչ Սեդրակ Երկանյանի կարծիքով՝ այն այժմեական է եւ վաղվա

Մշակույթի նախարարությունում երեկ կայացած ասուլիսը վերաբերում էր Սեդրակ Երկանյանի բեմադրած «Վարք հիմարաց» մինի օպերային, որը մեր բանահյուսության մի քանի նմուշ էր՝ խաղերգերի ձեւով: Օպերան այսօր Կամերային երաժշտության տանը կհանձնվի երաժշտասեր հասարակության դատին: «Վարք հիմարաց» ընդհանուր վերնագրով խաղերգերի այս փունջն իր մեջ ներառում է Հովհաննես Թումանյանի չորս հայտնի հեքիաթները՝ «Խելոքն ու հիմարը», «Բարեկենդանը», «Անբան Հուռին», «Կիկոսի մահը»: Մինի օպերայի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Դավիթ Սաքոյանն է, լիբրետոն, ռեժիսուրան եւ նկարչական ձեւավորումը Սեդրակ Երկանյանինն են: Վերջինիս ղեկավարած «Տաղարան» անսամբլը եւ նրա մենակատարները՝ Լուսինե Մարկոսյանը, Քրիստինե Սահակյանը, Պերճ Քարազյանն ու Հովսեփ Նշանյանն էլ կներկայացնեն օպերան:

Ս. Երկանյանի փոխանցմամբ՝ «Վարք հիմարացն» ընթանում է երկու արարով՝ 70 րոպե ընդհանուր տեւողությամբ: Առաջին արարում «Խելոքն ու հիմարը», «Բարեկենդանը» եւ «Անբան Հուռին» են, երկրորդում՝ «Կիկոսի մահը»: Պարոն Երկանյանը նշեց. «Մինի օպերաներ ստեղծելու գաղափարն ինձ հետապնդում էր դեռ 14 տարի առաջ, երբ նոր էի նշանակվել «Տաղարանի» գեղարվեստական ղեկավար: Վերջապես իրականացրի ցանկությունս: Մինի օպերաներ կոչվածի նպատակը մեր ունեցած հարուստ բանահյուսական, երաժշտական, մշակութային ժառանգությունը արխիվներում, պահոցներում կամ դեկլարատիվ հայտարարությունների մեջ չթողնելն է: Թումանյանի չորս հեքիաթների սյուժեի հիման վրա ստեղծել ենք լիբրետո՝ յուրովի շեշտադրումներով… Օրինակ, Կիկոսի մեջ ոչ թե երեք աղջիկ է, հայր եւ մայր, այլ փեսա, աղջիկ, հայր ու մայր, ու առաջինն էլ ոչ թե ջրի է գնում փոքր աղջիկը, այլ հայրը, հետո մայրը, աղջիկը, վերջում էլ փեսան, իսկ թե հետո ինչ է կատարվում՝ պիտի ինքներդ նայեք: Լիբրետոն՝ հիմնված թումանյանական սյուժեների վրա, այնպես է կառուցված, որ իրենք առանձին-առանձին իբրեւ խաղերգեր թեեւ կարող են ներկայանալ, բայց ներքին բովանդակային առումով կապված են: Եթե «Խելոքն ու հիմարը» հեքիաթում հիմարը գնում-կորչում է, իսկ մեր պարագայում իրեն կին է գտնում ու ամուսնանում է եւ այլն»:

Բանախոսն ասաց, որ ծրագիրն իրականացնելու համար ի սկզբանե «Տաղարանի» եւ մշակույթի նախարարության միջեւ պայմանագիր է կնքվել, իսկ ծրագրի համար ծախսվել է 997 000 դրամ: Նրա ձեւակերպմամբ, «Վարք հիմարացը» հրատապ է, այժմեական եւ վաղվա, որովհետեւ մարդկային տիպերը երբեւէ բնավորությունները չեն փոխում, ու, ինչպես 1000 տարի առաջ էր, այժմ նույնպես հիմարը մնալու է հիմար, խելոքը՝ խելոք: «Օպերան նախատեսված է բոլոր տարիքի մարդկանց համար ու հատկապես մանուկների: Մեր նպատակը նրանց հայեցի դաստիարակությունն է, որովհետեւ բոլորիս է հայտնի, որ մեր եթերն ու բեմերը ինչով ասես ողողված են, բացի հայկականից ու ազգայինից: Նպատակներից մեկն էլ այն է, որ մեծահասակները չվրդովվեն, որ TV-ով միայն աստղեր են ծագում, որովհետեւ դա, ի վերջո, մեր դեմքը չէ: Որքան հնարավոր է՝ պետք է քաջալերել մեր ունեցած գանձերն ու մեջտեղ հանելով՝ դարձնել հանապազօրյա հաց»,- կարծում է Սեդրակ Երկանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել