Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԶՈՒՄ ԵՆ ԶՈՀԵՐԻՑ ՄԵԿԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

Նոյեմբեր 05,2008 00:00

\"\"«Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովը սկսել է պարզել զոհերի մահվան հանգամանքները

«Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի անդամներն այցելել էին ոստիկանության զորքերի թիվ 10/33 զորամաս, որտեղ ծառայել է մարտի 1-ի դեպքերի ժամանակ վիրավորված եւ 40 օր անց մահացած զինծառայող Տիգրան Աբգարյանը:

Մենք արդեն գրել էինք, որ հանձնաժողովականների հետ զորամաս էր այցելել զոհված զինծառայողի մայրը: Քանի որ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն չտրվեց այցելել, կգործածենք այն տեղեկատվությունը, որը տարածել է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ըստ այդմ՝ զորամասի հրամանատար Արսեն Գալստյանը մանրամասն ներկայացրել է իր հրամանատարությամբ դեպքերին մասնակցած ջոկատի թվաքանակը, սպառազինության հիմնական միջոցները, ցուցարարների եւ զինծառայողների գործողությունների ընթացքը:

Նշվել է, որ մարտի 1-ի առավոտյան, ժ. 7-ի կողմերը զորամասի 200 զինծառայողից կազմված ջոկատը տեղակայվել է օպերայի տարածքում, երբ արդեն տարածքը ազատված է եղել ցուցարարներից: Զինծառայողները զինված են եղել միայն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ ռետինե մահակներով, հակահարվածային վահաններով, պլաստմասսայե սաղավարտներով: Նրանց սպառազինության մեջ եղել են նաեւ հատուկ քիմիական միջոցներ՝ գազային նռնակով փամփուշտներ՝ «Չերյոմուխա-4», «Չերյոմուխա-7», «Սիրեն-6» եւ 2 կարաբին հրացան՝ «ԿՍ-23», որոնք նախատեսված են գազային նռնակների կրակելու համար: Որոշ ժամանակ անց հրաման է ստացվել շարժվել դեպի Մաշտոցի պողոտա եւ Ֆրանսիայի դեսպանատան տարածք: Անդրադառնալով հատուկ քիմիական միջոցների կիրառման հարցին՝ պարոն Գալստյանը նշել է, որ «Չերյոմուխան» կիրառվել է միայն անկյան տակ, ասել է նաեւ, որ իրենց գործողությունները կրել են միայն պաշտպանական բնույթ: 10/33 զորամասի շտաբի նախկին պետ Արմեն Անտոնյանը նշել է, որ երեկոյան ժ. 19-ի մոտ Մաշտոցի պողոտյում տեղակայվելուց որոշ ժամանակ հետո հրաման է ստացվել շարժվել դեպի Գրիգոր Լուսավորչի եւ Պարոնյան փողոցների խաչմերուկ: Այդ ընթացքում զինվորների նկատմամբ սադրիչ գործողություններ են կատարվել՝ հարվածել են քարերով, մետաղաձողերով, վառվող շշերով, հնչել են վիրավորանքներ: Նրա խոսքով՝ 4-5 զինծառայող թունավորվել է նրանց նկատմամբ կիրառված հատուկ միջոցներից: Զինծառայողներից ոմանք ստացել են բեկորային վնասվածքներ: Ցուցարարները այրել են զորամասի շտապօգնության մեքենան՝ որտեղ գտնվելիս են եղել վիրավոր զինվորները: Երեկոյան ժ. 9-10-ի կողմերը, երբ փորձել են փշալարով փակել ճանապարհը, ամբոխը հարձակվել է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա, զինվորներին ծեծելով հանել ավտոմեքենայի միջից, առգրավել այն, որով եւ հետագայում վրաերթի են ենթարկել Գեւորգ Թեւանյանին: Ցուցարարների ճնշումը մեծ է եղել եւ ջոկատը, պարոն Անտոնյանի խոսքով, նահանջել է Լեոյի փողոց: Ջոկատը երկու շարքով պատ է կազմել եւ մնացել այդտեղ: Նրանց վրա նռնակ է շպրտվել ցուցարարների կողմից, որը, բարեբախտաբար, ընկել է պատի եւ տեղակայված 2 ավտոմեքենաների արանքում. մեքենաները ամբողջությամբ վնասվել են: Այդտեղ բեկորային վնասվածք է ստացել սպաներից մեկը: Պարոն Անտոնյանի խոսքով՝ քիչ անց անսպասելի վայր է ընկել առաջին շարքում կանգնած զինծառայող Տիգրան Աբգարյանը: Պարզվել է, որ նա դիմահար հրազենային վնասվածք է ստացել պարանոցի շրջանում: Քանի որ զորամասի շտապօգնության մեքենան այրվել է, ապա հնարավոր չի եղել անմիջապես բուժօգնություն ցույց տալ վիրավոր երիտասարդին: Նա որոշ ժամանակ անց տեղափոխվել է թիվ 1 հիվանդանոց:

Այս զինծառայողի մահվան հանգամքների հետ կապված ներկայացված տեղեկատվության հետ լուրջ անհամաձանություն ունի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Արմեն Մարտիրոսյանը մասնակցել է Տիգրան Աբգարյանի հուղարկավորությանը եւ, իր ասելով, զինվորի մահվան հանգամանքների մասին բավականին տեղեկություններ է ստացել. «Հարցն այն է, որ զինվորին այնպես են կրակել, որ պարանոցային 5-ից մինչեւ 6-րդ ող գնդակը գնացել է, եւ այդ կրակոցը ցուցարարների կողմից չէր կարող լինել, եթե անգամ փորձեն մեղքը բարդել ցուցարարների վրա, որովհետեւ պարզ է, որ դա վերեւից կրակված գնդակ է: Զինվորը բավականին բարձրահասակ երիտասարդ էր: Չեմ կարծում, որ ցուցարարները շտապօգնության մեքենաներ են այրել, որովհետեւ, ես որքան տեղեկացված եմ, շտապօգնության մեքենաներին որեւէ մեկը ձեռք չի տվել, այրված են եղել այն մեքենաները, եւ ոչ թե ցուցարարների կողմից, այլ՝ բոլորովին այլ մարդկանց, որոնց վրա ոստիկանական համարներ են եղել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը: Ըստ պարոն Մարտիրոսյանի, մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովը զոհերի մահվան հանգամանքները բացահատելու մասով դեռ շատ անելիք ունի: Հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը զորամաս այցից հետո մեզ պատմեց, որ հանձնաժողովը հիմնական երեք խնդիր է ունեցել՝ հասկանալ մահվան պայմանները, պարզել, թե ինչպիսի հնարավոր ելք կար խուսափել դրանից եւ երրորդ՝ հետագայում նման իրավիճակների դեպքում ինչպես զերծ մնալ զոհեր ունենալու հավանականությունից: Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ, զորամաս այցելությունից հետո հանձնաժողովականների տպավորությունը ծանր էր. «Որովհետւ բոլորն էլ հարգում եւ սիրում էին Տիգրանին: Կարողացանք հասկանալ, որ իրավիճակը, որում հայտնվել է զորամասը, հաճախ ուղղակի հիմնված է եղել պարզապես հրամանի վրա, առանց վերլուծությունների, առանց կանխատեսվող գործողությունների: Իմ կարծիքով, մենք շատ գործ ունենք անելու եւ մասնագիտական պատրաստվածության, եւ հոգեբանական աջակցության, ինչպես նաեւ հատուկ միջոցների գործադրման ժամանակ պատրաստվածության բարձր աստիճանի եւ նպատակայնության ճիշտ գնահատման առումով: Սրանք խնդիրներ են, որոնք լուծումներ են պահանջում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել