Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնավոր ընկերությունները չեն վստահում բուհերին

Նոյեմբեր 05,2008 00:00

Հատկապես ՏՀՏ ոլորտում նրանք նախընտրում են ինքնուրույն «թրծել» սեփական կադրերին

Օրերս «Առավոտին» աշխատատեղեր գտնելու վերաբերյալ իրենց դժգոհությունները փոխանցեցին մի շարք ուսանողներ եւ շրջանավարտներ: Նրանց դիտարկմամբ՝ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի մասնավոր ընկերություններում բարձր վարձատրվող աշխատանք գտնելու համար բուհերում ստացած գիտելիքները բավարար չեն, ուստի ստիպված են անցնել ընկերությունների կազմակերպած 1 կամ 2 տարվա ուսուցում: Մտահոգությունը փոխանցեցինք բուհերի համապատասխան ֆակուլտետների պատասխանատուներին: ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը նկատեց. «Մասնավոր ընկերությունների եւ ԵՊՀ-ի հետապնդած շահերի միջեւ կա մեծ տարբերություն: Այդ ֆիրմաները շահույթ հետապնդող, իսկ համալսարանը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է պատրաստել բարձրորակ գիտնականներ, արդյունաբերության մեջ աշխատող մարդիկ: Դա է պատճառը, որ դեռ ուսանելու տարիներին մասնավոր ընկերություններում աշխատող որոշ ուսանողների աշխատավարձն ավելի բարձր է, քան իրենց դասախոսական կազմինը»: Վ. Դումանյանը նաեւ նկատեց. «Մասնավոր ընկերություններին պետք են կոնկրետ գործիքով աշխատանքի ունակություն ունեցող մարդիկ, իսկ պետհամալսարանը այդպիսի մարդիկ պատրաստելու նպատակ չունի»: Վ. Դումանյանը նաեւ կարծում է, որ ավելի արդյունավետ կլիներ, եթե բոլոր մասնավոր ընկերությունները միավորվեին եւ միասնական ուժերով լուծեին կադրերի պատրաստման հարցը, ինչը բխում է բոլորի շահերից: Պարոն Դումանյանից հետաքրքրվեցինք՝ գուցե լաբորատոր սարքավորումնե՞րը հնարավորություն չեն տալիս ավելի բարձրակարգ կադրեր պատրաստել: «Տեխնիկայի ամենավերջին խոսքով զինված չենք, բայց չենք դժգոհում»,- պատասխանեց դեկանը եւ մտահոգություն հայտնեց. «Դասախոսական կազմն է ծերանում, երիտասարդները շահագրգռված չեն բուհում աշխատել: Լավագույնները երկրից գնում են: Մասնավոր եւ կրթական սեկտորները կարծես թե լավ չեն օգնում միմյանց, քանի որ պետությունը գումարներ է ծախսում, կադրեր պատրաստում, արդյունքում բուհը, իրենից բացի, բոլորի համար կադրեր է պատրաստում»:

Բուհերի հետ համագործակցության միջոցով սեփական կադրեր պատրաստող մասնավոր ընկերություններից ամենաակտիվը «Սինոփսիս Արմենիան» է, որը կրթական ծրագրեր է իրականացնում հայաստանյան բուհերից ԵՊՀ-ի, ՀՊՃՀ-ի, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական, Ամերիկյան համալսարանների եւ Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի (ՄԷՏԻ) հետ: Այս տարի «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտն է ավարտել ԵՊՀ եւ ՀՊՃՀ 122 շրջանավարտ, ուսանողների թիվը 272 է: ՀՊՃՀ-ի դեպքում կիրառվում է հետեւյալ մեթոդը. բուհն է «գալիս» արտադրություն, ԵՊՀ-ի դեպքում՝ արտադրությունն է բուհ «գնում», Սլավոնականում 2 մոդելների հիբրիդն է կիրառվում: «Առավոտը» ուսանողների դժգոհությունը փոխանցեց «Սինոփսիս Արմենիայի» գործադիր տնօրեն, ԿԳՆ ոսկե հուշամեդալակիր Հովիկ Մուսայելյանին: Նա պատասխանեց. «Բուհերն այսօր չեն պատրաստում կադրեր, որոնք պահանջված են մասնավոր հատվածում: Դրա պատճառներից է այն, որ բուհերում չկա տեխնիկական անհրաժեշտ բազա՝ լաբորատոր ժամանակակից սարքավորումներով, չկան ծրագրային գործիքներ: Դրանք աստղաբաշխական ֆինանսներ են պահանջում: Կա նաեւ պրոֆեսորադասախոսական որակավորման խնդիր, ինչը բխում է վերոնշյալից: Նախկինում լավագույն ուսանողները մնում էին բուհում, նրանցից ոմանք գնում էին արտադրություն, իսկ այժմ միայն նվիրյալներն են մնում բուհում»: Մասնավոր հատվածի համախմբման եւ միասին կադրերի պատրաստման մասին պարոն Մուսայելյանն ասաց. «Դա կառավարության խնդիրն է: Կրթության ասպարեզում նա պիտի ուղղորդի հիմնական միջոցները եւ փորձի միջազգային արժութային հիմնադրամներին ներգրավել մեր կրթական միջավայրի ստեղծմանը»: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս փարատել ուսանողների մտահոգությունը: «Ուսանողները ըստ էության գիտեն, որ վերը նշված հանգամանքների պատճառով բուհում չեն ստանալու այն կրթությունը, որով մասնավոր ընկերությունները նրանց դռնբաց կընդունեն աշխատանքի»,- պատասխանեց պարոն Մուսայելյանը: Հարցրինք, թե այդ խնդիրը էլ ո՞ր երկրներում կա: Մեր զրուցակիցը նշեց. «Դա հատուկ է նոր-նոր զարգացող երկրներին: Հայաստանը դեռ ավելի լավ վիճակում է, քան նախկին խորհրդային երկրները, քանի որ մենք լավ կրթական ավանդույթներ ենք ունեցել, հին դասախոսական դպրոցը դեռ կա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել