Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ «ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ» ԷԼ

Նոյեմբեր 05,2008 00:00

Հնաբերդցիները երկու հատվածի են բաժանվել

Նախորդ օրը՝ ժ.17-23-ը, ՀՀ վարչական դատարանում (5 դատավորի մասնակցությամբ) քննության դրվեցին Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի ղեկավարի թեկնածուներ Վաղինակ Իսրայելյանի եւ Հակոբ Սահակյանի հայցադիմումները: Նախ դատարան էր դիմել Վ. Իսրայելյանը, ապա հակընդդեմ հայցով՝ Հ. Սահակյանը:

Դատական նիստին ներկա հնաբերդցիները՝ երկու մասի բաժանված, հետեւում էին նիստին: Վ. Իսրայելյանը դատարան էր ներկայացել իր փաստաբանի՝ Լուսինե Խեչանյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ հոկտեմբերի 26-ին տեղի են ունեցել գյուղապետի ընտրություններ: Դրանք ճանաչվել են անվավեր:

Անկուսակցական Վ. Իսրայելյանի հետ իր թեկնածությունն է առաջադրել գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Հակոբ Սահակյանը:

Թիվ 14 ընտրատարածքի 14/01 տեղամասի քվեարկության արդյունքների արձանագրությամբ, Վ. Իսրայելյանը ստացել էր 432 ձայն, Հակոբ Սահակյանը՝ 451: Վ. Իսրայելյանը ընտրությունից երկու օր հետո պահանջել էր վերահաշվարկ, որի արդյունքում պարզվեց, որ իր օգտին քվեարկել է 421, իսկ Հ. Սահակյանի օգտին՝ 415 մարդ:

Վարչական դատարան դիմելով՝ Վ. Իսրայելյանը խնդրում էր իրեն ճանաչել Հնաբերդ համայնքի ընտրված ղեկավար եւ անվավեր ճանաչել թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 28.10.08 թ. թիվ 504-Ա որոշումը: «Անվավեր քվեաթերթիկների թիվը վերահաշվարկից հետո կազմեց 78: Նշեմ, որ վերահաշվարկ կատարելու ժամանակ իմ օգտին քվեարկած քվեաթերթիկներից միայն 12-ն անվավեր ճանաչվեց, իսկ Հ. Սահակյանինը՝ 42-ը: Վերջնական արդյունքում իմ ձայները եղավ 421, իսկ Հ. Սահակյանինը՝ 409: Այն արձանագրվեց մատյանում ու շնորհավորեցին ինձ»,- հավելեց Վ. Իսրայելյանը: Հանձնաժողովը, երբ ստուգել է առաջին արձանագրության 30 անվավեր քվեաթերթիկները, 6 քվեաթերթիկ (Հ. Սահակյանի օգտին տրված) վավեր է ճանաչվել: Վ. Իսրայելյանը պնդեց, որ Հ. Սահակյանի ձայներն ավելացել են անվավեր քվեաթերթիկների հաշվին, հետեւաբար, ԸԸՀ 504-Ա որոշումը, ըստ հայցվոր Վ. Իսրայելյանի, պետք է ճանաչվի անվավեր:

Հայցվոր կողմը դատարանին ներկայացրեց նաեւ ԸԸՀ հանձնաժողովի նիստի արձանագրության մատյանը, ուր գրված էր անվավեր ճանաչված քվեաթերթիկների քանակը: Եվ քանի որ Իսրայելյանը պահանջել էր քվեաթերթիկների վերահաշվարկ, ուշ գիշերով դատարան բերվեցին քվեաթերթիկները:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Հարություն Օհանյանն առարկեց Վ. Իսրայելյանի հայցի դեմ՝ պաշտպանելով Հ. Սահակյանի հայցը: Նա գտնում էր, որ «վերահաշվարկը հաշվարկային իմաստով ճիշտ է կատարվել, սակայն 8 անձի զգացողությունների հիման վրա են քվեաթերթիկները վավեր ճանաչվել»: Դա էր պատճառը, որ դատավորներից մեկը հարցրեց, թե արդյո՞ք հանձնաժողովի անդամը չպետք է առաջնորդվի ներընտրական օրենսդրության պահանջներով, որի համաձայն սահմանված են այն դեպքերը, թե երբ է քվեաթերթիկն անվավեր ճանաչվում: Հանձնաժողովի անդամը նշեց, որ «անվավեր են ճանաչվում այն քվեաթերթիկները, որոնք սահմանի վրա են՝ այս կողմ, թե՝ այն կողմ»: Ի դեպ, «սահմանի վրա» համարվեց V-ի նմանությունը հայերեն Մ-ին:

Հ. Սահակյանն իր խոսքում նշեց. «Ոչ մի տեսակի խախտման արձանագրություն չի կազմվել ոչ հանձնաժողովի անդամների կողմից, ոչ վստահված անձանց կողմից, ոչ մեր ու ոչ էլ թեկնածուի կողմից: Ընտրությունների ժամանակ ոչ մի միջադեպ չի եղել, ընթացքին հետեւել է երկու դիտորդ: Ընտրության արդյունքների հաշվարկման պահին եղել են ավագանիները, նրանց վստահված անձինք՝ 10-ը, իմ վստահված անձն ու Վաղինակ Իսրայելյանինը: 20 հոգով հաշվարկ են կատարել: Նախնական արդյունքների հաշվարկման ժամանակ համարվել էի ընտրված թեկնածու: Սակայն հոկտեմբերի 28-ին ձայների վերահաշվարկից հետո ընտրությունները ճանաչվել են անվավեր: Վերահաշվարկից հետո անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը 48-ով ավելացել է: Չգիտեմ՝ ի՞նչ պատճառով: Իմ ձայները դարձել է 415»:

«Նախնական արձանագրության հետ համաձա՞յն եք»՝ դատավորի հարցին Հ. Սահակյանը պնդեց, որ համաձայն է: Սակայն համաձայն չէր անվավեր ճանաչել նշված 30 քվեաթերթիկները:

Նոյեմբերի 6-ին դատարանը որոշում կկայացնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել