Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնահրաժարական տվեք»

Նոյեմբեր 05,2008 00:00

«Գյումրիի ավագանին պիտի հրաժարական տա»,- այսպիսի պահանջ է ներկայացնում ԱԺՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Վահան Թումասյանը:

Վահան Թումասյանի վերոնշյալ պահանջի պատճառն այն է, որ քաղաքական գործիչը, առաջադրելով իր թեկնածությունը, սեփական փորձով է համոզվել, թե Գյումրիում ավագանու անդամ դառնալու համար ինչպես են թեկնածուներն իրարից ձայներ փախցնում: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Վ. Թումասյանը Գյումրիի ՏԻՄ ընտրություններին հետեւյալ գնահատականը տվեց. «Իմ քվեները մոտ 1200 են, այսինքն՝ անցողիկին մոտ, բայց համոզված եմ, որ մնացածը ախպերափայ արեցին, որովհետեւ սոսկալի վիճակ է տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Վերջին 5-6 տարում ՀՀ-ում նորարարություն մտցրեցին, այն է՝ հանձնաժողովի անդամ լինելու համար պետք է համապատասխան որակավորում ունենաս, բայց կան այլ չգրված օրենքներ՝ դրա հետ մեկտեղ պարտադիր պետք է բնավորությամբ զոռբա լինես, կարողանաս հլու-հնազանդ ծառայել իշխանություններին, մեր տեղամասային հանձնաժողովները նման մարդկանցով են համալրված: Տեսնելով, թե թեկնածուներից ով մեծ ցանկություն ու գնողունակություն ունի, հանձնաժողովականներն անմիջապես սկսում են մյուս թեկնածուների քվեները «Ոսկե հորթի» հայտնի հերոսի՝ Պանիկովսկու սկզբունքով բաժանել. «սա ինձ, սա ինձ, սա քեզ, սա նրան»:

«Առավոտը» Վ. Թումասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է այդքան վստահ, որ իր ձայները գողացել են, եթե նույնիսկ չի բողոքարկել: «Ընտրությունների հաշվարկի այն որակը, որն այսօր կա, նաեւ վստահված անձանց հաղորդած ինֆորմացիան բավական է, որպեսզի համոզվես, որ պարզապես հնարավոր չէ թեկնածուի քվեն պահել, քանի որ ձեռքիցդ տանում են: Մի՞թե չտեսաք, թե թիվ 34 ԸԸՀ-ում ընդամենը մի տեղամաս բացելուց՝ ինչպիսի խայտառակություն պարզվեց, բողոքողներից մեկի օգտին միայն մի տեղամասում 40 գողացած քվե հանեցին»,- ասաց Վ. Թումասյանը, որն առաջարկներով լի մի նամակ է ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Իրավիճակը փոքր-ինչ մեղմելու նպատակով նա առաջարկում է մի շարք փոփոխություններ կատարել «Ընտրական օրենսգրքում», մասնավորապես՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներին վերապահելով միայն քվեարկությունը կազմակեպելու ու անցկացնելու լիազորություններ, նրանց զրկել քվեարկության արդյունքների ամփոփումից եւ այն տեղափոխել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ: Այնուհետեւ նա առաջարկում է 50000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններն առանձնացնել ու անցկացնել առնվազն 6-ամսյա ժամանակային տարբերությամբ, իսկ եթե դրանք, այնուամենայնիվ, անցկացվում են միաժամանակ, ապա առաջին հերթին ամփոփել ավագանու անդամների ընտրությունների արդյունքները: Առաջարկում է նաեւ քվեաթերթիկում վերականգնել բոլորին դեմ քվեարկելու համար նախատեսված տողը:

Պարոն Թումասյանը պահանջում է Գյումրիի «ոչ լեգիտիմ» ավագանու հրաժարականը, իսկ եթե չստացվի, ապա առաջարկում է գարնանը Գյումրիում հանրաքվե անցկացնել ու որոշել՝ արժե՞ ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնել, թե՝ ոչ. «Մեզ կցորդ, նշանակովի ավագանի պետք չէ, եթե ավագանի դառնալով հույսեր ունեն ինչ-որ բաներ շահել, ապա թող հանգիստ մնան, քաղաքում տարածքներ ու երթուղայինի գծեր այլեւս չեն մնացել»: Նա ավագանու նորընտիր անդամներին կոչ է անում այս պահից սկսած՝ ինքնահրաժարական տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել