Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԸ» ԹԱՔՆՎՈՒՄ Է, «ՎԻԶԿՈՆԸ»՝ ԼՈՒԾԱՐՎՈՒՄ

Նոյեմբեր 05,2008 00:00

\"\"Մայրաքաղաքի իրացման գոտիներում կառուցապատում իրականացնող որոշ ընկերություններ բնակիչներից թաքցնում են իրենց հասցեն, իսկ ոմանք էլ չեն կատարում իրենց պարտավորությունները:

Պետության հատուկ կարիքների համար օտարված տարածքներում արդեն մի քանի տարի է, ինչ շինարարությամբ են զբաղվում այնպիսի կազմակերպություններ, որոնք, վտարված բնակիչների հավաստմամբ, ոչ միայն կառուցապատման իրավունք չունեն, այլեւ ի սկզբանե «բնակիչների հետ պայմանագրեր են կնքել ու գործարքներ կատարել՝ խաբեությամբ ու բռնություններով»: Մասնավորապես, կառավարության որոշմամբ, 4 տարի առաջ մայրաքաղաքի Բուզանդի փողոցին հարող հատվածում առանց մրցույթի՝ կառուցապատման թույլտվություն է տրվել «Գլենդել Հիլզ» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը վերոնշյալ փողոցի բնակիչների հետ կնքել է պայմանագրեր, որտեղ նշել է սխալ եւ ընդհանրապես գոյություն չունեցող իրավաբանական հասցե՝ Ամիրյան 20: Բացի այդ, «Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանի հավաստմամբ, «Գլենդել Հիլզը» բնակարանների փոխհատուցման ժամանակ կատարել է բազմաթիվ ապօրինություններ եւ նույն փողոցում, նույն վիճակում գտնվող բնակարանների համար բնակիչներին տրամադրել է խիստ տարբեր չափի փոխհատուցում:

Ս. Բաղդասարյանի հավաստմամբ՝ առանց հաշվի առնելու քաղաքապետի այն որոշումը, որ իրացվող բնակարանների 1քմ-ի համար տրվող փոխհատուցման գումարը պետք է պակաս չլինի $944-ից, ում հետ ինչպես կարողացել է՝ լեզու է գտնել ու փոխհատուցել է այնքան, որքան իրեն ձեռնտու է: Օրինակ, «Գլենդել Հիլզը» Լալայանց փողոցի 21 տան բնակչուհի Ռուզաննա Ավոյանին 110 քմ բնակարանի դիմաց վճարել է $104 հազար, ու, բացի այդ, նրան տրամադրել է 600 քմ հողատարածք՝ Հին Նորքում: Սակայն նույն փողոցի հարակից հատվածում Քնարիկ Առաքելյանին՝ 115 քմ սեփականության դիմաց, վճարել է ընդամենը $46 հազար: Ընդ որում, բնակարանների փոխհատուցումը կատարվել է ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ, այնպես որ, անշարժ գույքի գների նման անկում պարզապես չէր կարող տեղի ունենալ: Ք. Առաքելյանի շահերը պաշտպանելու համար, այս տարվա մարտին, «Պետական կարիքների զոհեր» հ/կ -ն դիմել է Երեւանի քաղաքացիական դատարան: Դատավոր Գոռ Հակոբյանը տեղեկացրել է, որ փաստաթղթերի վրա նշված Ամիրյան 20 հասցեում գոյություն չունի «Գլենդել Հիլզ» ընկերություն եւ այս տարվա հունիսին, հայցվորի միջնորդության հիման վրա, հայտարարել է հետախուզում, իսկ դատական գործը դադարեցվել է այնքան ժամանակ՝ մինչեւ «Գլենդել Հիլզին» «կհայտնաբերեն»: Շուրջ 6 ամիս է, ինչ ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել այդ ընկերությանը, իսկ «Առավոտից» ընդամենը մի քանի րոպե պահանջվեց «Գլենդել Հիլզի» իրական հասցեն եւ հեռախոսահամարները գտնելու համար: Տեղեկացնենք, որ այդ ընկերությունը ներկայումս գործում է մայրաքաղաքի Սեբաստիա 37 հասցեում: Ոստիկանության գործը հեշտացնելու համար նշենք նաեւ հեռախոսահամարները՝ 71-14-99, 72-14-99 եւ  093 70-66-99 : Ս. Բաղդասարյանի խոսքերով. «Պարզ է, որ ոստիկանությունը շահագրգռված չէ եւ ոչ մի քայլ չի ձեռնարկում «Գլենդել Հիլզին» հայտնաբերելու համար: Եթե մեկ այլ կազմակերպություն հետախուզվեր եւ նրան գտնելն իրենց պետք լիներ, ապա գետնի տակից էլ լիներ՝ կհանեին այդ ընկերությանը»:

Իրացման գոտի համարվող Բուզանդի 11,13,15,17 եւ 21 հասցեներում 4200 քմ-ի վրա կառուցապատման իրավունք էր տրվել նաեւ «Վիզկոն» ընկերությանը, որն, ըստ քաղաքաշինության նախարարության կողմից տրված տեղեկանքի, գրանցված չէ լիցենզավորման կենտրոնում եւ չունի կապիտալ շինարարության իրականացման լիցենզիա: Մեր տեղեկություններով, այսօր արդեն «Վիզկոնը» գտնվում է սնանկացման եզրին եւ շուտով կլուծարվի, իսկ Երեւանի քաղաքապետարանն ուզում է խզել այդ ընկերության հետ կնքած պայմանագիրը: Այսինքն՝ հարկադիր առուվաճառքի զոհ դարձած եւ հենց այս ընկերության կողմից բռնի կերպով իրենց բնակարաններից վտարված հազարավոր բնակիչներ կզրկվեն ինչպես էլիտար շենքում տուն ունենալուց, այնպես էլ գոնե չնչին փոխհատուցում ստանալուց: Նշենք, որ դեռեւս մի քանի տարի առաջ էին բնակիչները կանխատեսում իրենց «գլխին գալիքը»: Երբ սեփական տներից վտարվելուց հետո, մի քանի տարի անց, բնակիչները տեսան, որ իրենց բնակարանները քանդելուց բացի՝ «Վիզկոնն» այլ բան չի արել, բողոքի ցույց կազմակերպեցին ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների առջեւ: Նրանք վստահ էին, որ ապօրինություններով իրենց տներին տիրացած ընկերությունը չի կարող բարեխղճորեն կատարել պայմանագրային պարտավորություններն ու նշված ժամկետներում իրենց նորակառույց բնակարան տրամադրել:

Թե ինչու է Երեւանի քաղաքապետարանը դատի տվել «Վիզկոնին»՝ քաղաքապետարանի ԾԻԳ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանը չցանկացավ մանրամասնել, միայն ասաց. «Նախօրոք հայտարարություններ չեմ կարող անել: Ընդհանուր առմամբ, խնդիրն այն է, որ «Վիզկոնն» իր պարտավորությունները չի կատարել: Մինչեւ մենք չհասկանանք, թե ինչումն է խնդիրը, ո՞նց կարող ենք իրազեկումներ անել բնակչությանը: Հիմա մենք բնակիչներին իրազեկել ենք, եւ նրանք մեզ են ներկայացնում ընկերության հետ կնքած պայմանագրերը, որոնք էլ մենք ի մի ենք բերում, իսկ մնացած հարցերն արդեն կլուծվեն դատական կարգով»: Ինչ վերաբերում է «Վիզկոնի» սնանկությանը, ապա Ռ. Հարությունյանն ասաց. «Սնանկի մասին դեռ խոսք չկա: Բայց եթե նման բան լինի՝ հողը ձեռքից կվերցնենք, կհայտարարենք նոր տենդեր, ով որ կգա տենդերին մասնակցելու՝ նրան էլ կասենք, թե ինչքան պայմանագրային պարտավորություններ կան: Բնակիչները ոչ մի խնդիր չեն ունենա: Էն ժամանակ հողը լրիվ ուրիշ գին ուներ, հիմա ավելի բարձր է»:

Նկատենք, որ իրացման գոտու բնակիչների մեծ մասն այս պահին դատական գործընթացում է: Դատական հայցերը վերաբերում են հիմնականում փոխհատուցման գումարներին: Հիմա արդեն բնակիչներից շատերը ստիպված կլինեն եւս մեկ դատական հայց պատրաստել ու այս անգամ էլ «Վիզկոնի» պատճառով դռնեդուռ ընկնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել