Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ՝ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹ

Նոյեմբեր 05,2008 00:00

Այսօր Երեւանի ոստիկանություն բացատրություն տալու են գնալու սեպտեմբերի 9-ին հացադուլ հայտարարած մի շարք քաղաքացիներ, որոնց հաղորդման հիման վրա՝ Երեւանի ոստիկանությունը սկսել է ծառայողական քննություն: ՀՀ ոստիկանապետին, գլխավոր դատախազին ուղղված այդ հաղորդումը ներկայացվել էր դեռ սեպտեմբերի 16-ին, ու պատճեններն էլ հղվել էին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին ու Միջազգային Կարմիր խաչի գրասենյակին: Հաղորդման մեջ մասնավորապես ասված է, որ սեպտեմբերի 9-ին՝ գրավոր տեղեկացնելով Երեւանի քաղաքապետարանին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ Կարմիր խաչի գրասենյակին, մի խումբ քաղաքացիներ հայտարարել էին անժամկետ հացադուլ՝ պահանջելով ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին. «Նույն օրը, երեկոյան ժամը 21-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում, որտեղ ընթանում էր հացադուլը, ոստիկանական համազգեստով մարդիկ հարձակում են գործել մեզ վրա, առանց որեւէ օրինական հիմք, որոշում, հրաման կամ միջոցառումն արգելող ինչ-որ փաստաթուղթ ցույց տալու կամ բանավոր զգուշացման: Պոկել են «հացադուլ» վերտառությամբ պաստառը: Այնուհետեւ, մոտավորապես մեկ ժամ անց, համազգեստավոր մարդկանց ավելի մեծ խումբ, որոնց մեջ ճանաչելի էին պահակապարեկային ծառայության եւ հատուկ ջոկատային հանդերձանքով ոստիկաններ, ինչպես նաեւ քաղաքացիական հագուստով մարդիկ, կրկին առանց որեւէ հիմնավորման, առանց որեւէ օրենքով նախատեսված հիմքի, չներկայանալով եւ չներկայացնելով որեւէ օրինական պահանջ, հարձակում են գործել ինքնաբուխ առաջացած ոչ զանգվածային միջոցառում՝ հացադուլ անցկացնող կանանց վրա եւ դիմելով ուժի ու բռնության, ստիպողաբար դադարեցրել միջոցառումը, ապա ոստիկանների եւ անհայտ քաղաքացիական անձանց կողմից ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում՝ կիրառելով անհամաչափ ուժ, նստեցրեցին մեքենաները եւ տարան անհայտ ուղղությամբ»:

Հացադուլավորները ոստիկանությանը խնդրել են գնահատել կատարված արարքները, հայտնաբերել եւ պատասխանատվության կանչել մեղավորներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել