Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիկբեզ»

Նոյեմբեր 05,2008 00:00

«Ակունք» քաղաքական վերլուծական կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը նոյեմբերի 2-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը դիտարկում է տարածաշրջանային զարգացումների համատեքստում ու ըստ այդմ՝ հայտարարում, որ Ռուսաստանը ցանկանում է ԼՂ ուղղությամբ զարգացնել վրաց-օսեթական հակամարտության ընթացքում իր ձեռք բերած հաջողությունը: Երեկ «Փաստարկ» ակումբում բանախոսը կարծիք հայտնեց, որ Հայաստանը ճիշտ եզրակացություն չի արել այդ հակամարտությունից. «Դրա գլխավոր դասը ոչ թե այն է, որ պատերազմը հակամարտություն լուծելու անհեռանկար գործիք է, այլ՝ որ Ռուսաստանը ցույց տվեց իր շահը ամեն գնով՝ անգամ պատերազմի, հետապնդելու հաստատակամությունը»: Ուստի, եթե Ռուսաստանի շահը պահանջի համաձայնել ինչ-որ հակամարտության, ապա ինքը չի կարծում, որ Ռուսաստանը չի գնա դրան: Ընդհանրապես, մոսկովյան հանդիպումը, ըստ նրա, ՌԴ-ի նախաձեռնությունն էր, որով Ռուսաստանը սկսում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր փուլ՝ քայլ առ քայլ փորձելով վերականգնել եւ ամբողջացնել իր ազդեցությունը տարածաշրջանում: «Ռուսաստանը թերեւս փորձում է սիրաշահել Ադրբեջանին, քանի որ այն իր էներգահումքային ռեսուրսով կարեւոր երկիր է, ու այդ սիրաշահման գործընթացում ՌԴ համար կարող է գործիք դառնալ նաեւ Ղարաբաղը»,- ասում է Ռ. Հակոբյանը: Նա կարծում է, թե իշխանությունն այս խաղի մեջ է մտել շահելու ակնկալիքով, սակայն հղումներ անելով պատմությանը, նա փաստում է, որ երբ տարածաշրջանում համընկնում է Թուրքիայի եւ Ռուսաստանի շահը, իսկ այժմ այդպես է, ապա Հայաստանը միշտ տուժում է: Ուստիեւ՝ բանախոսին մտահոգում են ՀՀ իշխանական որոշ գործիչների հիացական արձագանքները նշյալ Հռչակագրի առումով: Մասնավորաբար, խոսքն այն մասին է, որ ՀՀԿ մամուլի խոսնակը նախորդ օրը հայտարարեց, թե այդ Հռչակագիրը փաստացի սառը ջուր է ադրբեջանական ռազմատենչության գլխին: Մինչդեռ՝ «Հռչակագիրը չունի որեւէ իմպերատիվ, պարտադիր բնույթ», նաեւ՝ «պատմության մեջ շատ դեպքեր են եղել, երբ որեւէ համաձայնագրից կամ պայմանագրից հետո անմիջապես սկսվել է պատերազմ»: Այնպես որ՝ «ժամանակն է դադարենք Ռուսաստանի հետեւը թաքնվելով՝ Ադրբեջանի վրա մատ թափ տալուց», քանի որ ՌԴ-ն, ամենայն հավանականությամբ, կառաջնորդվի իր հավերժական շահի նշանաբանով կամ՝ մեզ «կպաշտպանի» ուշացումով, ինչպես եղավ արցախյան պատերազմական գործողությունների մի քանի դրվագներում եւ հատկապես «Կոլցո» օպերացիայի ժամանակ: Բանախոսը նաեւ քննադատական խոսք հնչեցրեց, որ ՀՀ-ում դարձյալ ոչինչ չի արվում քարոզչական ոլորտում, մինչդեռ ադրբեջանական կողմը դարձյալ բավականին ակտիվ է: Անդրադառնալով ներհայաստանյան խնդիրներին, Ռուբեն Հակոբյանը կարծիք հայտնեց, որ մեր երկրում՝ «կոռուպցիայի թիվ մեկ բացիլակիրը ԱԺ-ն» է՝ մասնակի բացառություններով: Նա նաեւ չի կասկածում կոռուպցիայի դեմ պայքարի մասին Սերժ Սարգսյանի խոսքերի անկեղծությանը, բայց միաժամանակ չգիտե մի դեպք, երբ մարդը աջ ձեռքով կտրի իր ձախ ձեռքը: Հետեւաբար՝ «պարզապես այդ ցանկության իրագործման մեխանիզմն է սխալ ընտրված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել