Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանձնաժողովը չի կարող զոհերին վերակենդանացնել»

Նոյեմբեր 05,2008 00:00

«Մարտի 1»-ի հանձնաժողովի անդամ, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը վստահ է, որ հանձնաժողովը կանի ամեն ինչ՝

յուրաքանչյուր զոհի մահվան հանգամանքները բացահայտելու համար:

– Փաստահավաք խմբի մասին ոմանք այն կարծիքին են, որ խումբն իրեն չի արդարացնելու, ուրիշները՝ լավագույն սպասելիքներ ունեն, իսկ ՀԱԿ-ը եւ «Ժառագությունը» որոշել են մեկ ամսով անդամակցել եւ ապա որոշել հետագա անելիքը: Դուք ի՞նչ սպասելիք ունեք փաստահավաք խմբից:

-Երբ ԱԺ-ն որոշում կայացրեց հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, նմանատիպ ընթացք ունեցան նաեւ հանձնաժողովին տրվող գնահատականները: Նույն բովանդակությունն է, նույն հոռետեսությունը եւ նույն պնդումները, թե հանձնաժողովը որեւէ բան չի կարող անել: Դա ընդդիմության իրավունքն է: Նույն ձեռագիրը որդեգրվել է նաեւ փաստահավաք խմբի նկատմամբ, փաստահավաք խումբը ստեղծվել է ՀՀ նախագահի կարգադրությամբ եւ այն մեկնաբանելու իրավունք ես չունեմ: Այն նոր միավոր է, որը ստեղծվել է ոչ միայն ՀՀ հասարակության, այլեւ՝ միջազգային կառույցների պահանջով: Փաստահավաք խումբը մեր հանձնաժողովին պետք է ներկայացնի իր կողմից հավաքագրված անկողմնակալ նյութ, որի առկայության դեպքում՝ ես որպես մարդ, որը չի հավակնում լինել միակ ճիշտ կարծիք արտահայտողը, այդ նյութերը պետք է իմ միջով անցկացնեմ, իմ զգացմունքների, իմ բանականության:

– Դուք կարծում եք, որ փաստահավաք խմբի ինֆորմացիան կօգնի՞ հանձնաժողովին՝ իրականությունը բացահայտել:

– Իրականությունը բացահայտված է, իրականությունն այն է, որ եղել են նախագահական ընտրություններ, կողմերից մեկը ՀՀ ՍԴ եւ ԿԸՀ-ի կողմից հռչակվել է հաղթող, մյուս կողմը վիճարկում է դրա օրինականությունը: Վիճարկում է տարբեր միջոցներով, այդ թվում՝ հանրահավաքների, որոնց արդյունքում մենք ունեցանք քաղաքացիական բախում, որի հետեւանքով, ցավոք, ունեցանք մարդկային զոհեր:

– Զոհերի մասով հանձնաժողովը ոչ մի կոնկրետ բան չի բացահայտել:

– Հանձնաժողովը չի կարող զոհերին վերակենդանացնել, դա մեր ուժերից վեր է: Մեր առջեւ դրված խնդիրն է՝ պարզել մահվան հանգամանքները: Մեկ առ մեկ փորձելու ենք պարզել յուրաքանչյուր զոհի, յուրաքանչյուր քաղաքացու մահվան հանգամանքները:

– Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ 19 հոգանոց ցուցակ ներկայացվեց, որոնց հանձաժողովը մտադիր է հրավիրել նիստի եւ հարցեր ուղղել, այդ ցուցակում նաեւ 1-ին եւ 2-րդ նախագահներն են: Ե՞րբ եք մտադիր հրավիրել նրանց:

– Հանձնաժողովը հրավիրելու է 1-ին եւ 2-րդ նախագահներին: Հրավերը լինելու է, կգան, թե չեն գա՝ դա մեր խնդիրը չի: Եթե գան, իրենց հիմնավորումները լսելու առիթ կունենանք:

– Շատերն են խոսում «մարտի 1-ի էջը փակելու» մասին: Ձեր կարծիքով՝ ե՞րբ է հնարավոր փակել այդ էջը:

– Մարտի 1-ի էջը ՀՀ քաղաքական պատմությունից չի փակվելու երբեք: Պարզապես, պետք է կարողանանք նվազագույնի հասցնել մարտի 1-ի հետեւանքները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել