Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔ

Նոյեմբեր 05,2008 00:00

\"\"Այս երկուսի միջեւ, ըստ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի, պետք է ընտրություն կատարեն Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները:

«Ճգնաժամային իրավիճակների կովկասյան հետազոտական կենտրոնի» տնօրեն, ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում, խոսելով ՌԴ նախագահ Դիմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ նոյեմբերի 2-ին, Մոսկվայում տեղի ունեցած Սերժ Սարգսյան եւ Իլհամ Ալիեւ հանդիպման արդյունավետության եւ նրանց կողմից ստորագրած հռչակագրի մասին, նկատի ունենալով տարածաշրջանում առկա ընդհանուր իրավիճակը, կարծիք հայտնեց, թե՝ ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում ինչ-որ ճեղքում հնարավոր է: Ինչ վերաբերում է այդ հարցում Ռուսաստանի դերին եւ ստանձնած նախաձեռնությանը, ապա քաղաքագետի համոզմամբ, «հատկապես հարավօսեթական հակամարտությունից հետո Ռուսաստանը, որը սասանեց իր՝ խաղարարարի եւ իդեալական միջնորդի իմիջը, հիմա ամեն ինչ անում է իր երկրի համար ապահովելու անկողմնակալ դիտորդի կարգավիճակը, ներկայանալով որպես մի երկիր, որը ջանում է տարածաշրջանում ապահովել արդարացի խաղաղություն՝ հիմնված միջազգային նորմերի վրա: Հենց դրա համար Ռուսաստանն օգտագործում է իր կշիռը եւ հեղինակությունը՝ ԼՂ սառեցված հակամարտությունը տեղից շարժելու համար»: Թեեւ, նրա դիտարկմամբ, ստորագրված Հռչակագրում կարգավորման մանրամասների մասին ոչինչ ասված չէ, բայց, նկատի ունենալով Հարավային Կովկասում առկա ընդհանուր իրավիճակը, հասկանալի է, թե ինչ է ակնկալում այդ լուծումից Ռուսաստանը. «Ռուսաստանն առաջին հերթին ուզում է Ադրբեջանին եւ Հայաստանին պահել իր վերահսկողության տակ՝ դրա համար օգտագործելով ԼՂ հակամարտության թնջուկը: Երկրորդ՝ նա ուզում է ստանալ ադրբեջանական գազը, ինչը կնշանակի, որ մեխանիկորեն կստանա նաեւ Կենտրոնական Ասիայի գազը, եւ այդ դեպքում Նաբուկո ծրագիրը (Եվրոպա՝ գազի տեղափոխման՝ ՌԴ-ն շրջանցող ծրագիր է- Ն. Մ.) կարելի կլինի թաղել: Այդ պարագայում ՌԴ-ն կմնա Եվրոպա գազ արտահանող միակ երկիրը: Դա խոշոր աշխարհաքաղաքական խնդիր է, եւ դրա համար ՌԴ-ն պատրաստ է ամեն ինչի, նաեւ մեր երկրների վրա ճնշումներ գործադրելուն, որպեսզի նրանք ԼՂ հարցի կարգավորման հարցում փոխզիջումների գնան: Իհարկե, մարդիկ, ովքեր հանդես են գալիս արմատական ազգայնական դիրքերից, Հայաստանում կգոչեն՝ «ոչ մի քայլ ետ անել չի կարելի», մոռանալով, որ ՀՀ ռազմական հաջողությունները հնարավոր են դարձել շնորհիվ Ռուսաստանի, իսկ Ադրբեջանում նույնպիսի տրամադրվածությամբ մարդիկ նույնը կպնդեն եւ կմոռանան, որ Ադրբեջանը պարտված կողմ է, եւ պետք է օգտագործի բոլոր ռեսուրսները՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Կարծում եմ, Ռուսաստանը կարող է գտնել ինչ-որ հավասարակշռություն երկու սկզբունքների՝ ԼՂ հայերի ինքնորոշման եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության միջեւ, մանավանդ, որ դրա համար կան բոլոր հնարավորությունները»: Զ. Ալիզադեի ասելով՝ Ադրբեջանի Սահմանադրությունը թույլ է տալիս, որ առաջարկվող լուծման դեպքում ԼՂ-ն համարվի ադրբեջանական պետության մաս: Այդ դեպքում, ըստ նրա, կարող են լինել միջազգային երաշխիքներ, հակամարտության գոտում տեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր, բայց ռուսական կողմը կհասնի նրան, որ այդ խաղարարար ուժերի կորիզը լինեն ռուս խաղաղապահները: Իրավական տեսանկյունից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի, օկուպացված տարածքները կվերադարձվեն, իսկ միջանցքները ինչ-որ ժամանակ կգտնվեն միջազգային ուժերի վերահսկողության ներքո, ու երկու կողմերն էլ գոհ կլինեն: «Մի կողմը՝ Հայաստանը, կասի, որ իրենք պահպանել են ԼՂ նկատմամբ փաստացի վերահսկողությունը, մյուս կողմից Ադրբեջանը կասի, որ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը: Իրականում երկու կողմերն էլ կախված կմնան Ռուսաստանից»,- եզրակացրեց ադրբեջանցի քաղաքագետը:

Արդյո՞ք սա նշանակում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման նախաձեռնությունը վերջնականապես անցել է ՌԴ-ին եւ ԵԱՀԿ ՄԽ-ն կարգավորման համատեքստում այլեւս ազդեցություն չունի: «Ոչ: ԵԱՀԿ ՄԽ-ն, իհարկե, պետք է պահպանի իր ներկայությունը, որովհետեւ նրա դերը եւս շատ կարեւոր է որպես կամուրջ՝ կողմերի միջեւ հարաբերությունների վերականգնման եւ համագործակցության պատրանք ստեղծելու, նաեւ հայտարարելու համար, թե կարգավորման ուղղությամբ ահռելի քայլ է կատարվել: Բայց Հարավային Կովկասում Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից փաստացի ոչինչ կախված չէ»,- ասաց Զարդուշտ Ալիզադեն:

Ադրբեջանում իշխող կուսակցությունը՝ Իլհամ Ալիեւի գլխավորած «Ենի Ադրբեջանն», առաջինն է արձագանքել մոսկովյան հանդիպմանն ու դժգոհություն հայտնել ստորագրված հռչակագրի եւ կարգավորման առաջարկվող սկզբունքների առնչությամբ, նկատի ունենալով, որ այն չի հստակեցնում ԼՂ կարգավիճակը: Ընդունելի են արդյո՞ք հակամարտության լուծման համար առաջարկվող «մադրիդյան» սկզբունքները քաղաքագետի՝ որպես Ադրբեջանի քաղաքացու համար: «Նախ՝ Ադրբեջանում ընդհանրապես կուսակցություն, առավել եւս՝ «իշխող», չկա: Դա ընդամենը մարդկանց մի խումբ է, որոնք միավորվել են Իլհամ Ալիեւի շուրջ եւ նայում են նրա բերանին՝ սպասելով, որ այնտեղից մանանա կթափվի, կլինեն նշանակումներ բարձր պաշտոններում եւ այլն: Այնտեղ եղած մարդիկ բացարձակ զրո են եւ նրանց հետ ոչ ոք հաշվի չի նստում: Ինչ վերաբերում է «մադրիդյան սկզբունքների» ընդունելի լինել-չլինելուն, ապա՝ իմ կարծիքով, ընդունելի է ցանկացած լուծում, որը վերջ կդնի այս հակամարտությանը, որի շնորհիվ ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում իշխանության ղեկին հայտնվել են ապազգային, հակաժողովրդական մարդկանց խմբեր: Այդ հակամարտության արդյունքում զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, նույնքան մարդ դարձել է հաշմանդամ: Մենք կորցրել ենք մեր ժողովրդավարական զարգացման հեռանկարը, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը, շատ բան են կորցրել այս հակամարտության արդյունքում: Ես ուզում եմ, որ այս հակամարտությունը արագ կարգավորվի եւ մեր ժողովուրդները դուրս գան տեղապտույտից, ազգայնական թունավորումից եւ սկսեն զբաղվել նրանով, ինչով բոլոր նորմալ, կրթված մարդիկ՝ շինարարությամբ, գիտությամբ, համագործակցությամբ, իրենց համար արժանապատիվ կյանք ստեղծելով : Իսկ այսօր ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը ստորացուցիչ վիճակում են»:

Կարծում եք, որ ԼՂ հակամարտության լուծման առաջարկվող տարբերակով հիմնախնդրի կարգավորումը, որի դեմ երկու երկրներում էլ մեծ դիմադրություն կա, մեր երկրների համար երկարատեւ խաղաղություն կարո՞ղ է ապահովել: Մեր այս հարցին ի պատասխան ադրբեջանցի քաղաքագետը ասաց. «Դա արդեն կախված է մեր հասարակություններից: Եթե լինենք ավելի խելացի, քան՝ եղել ենք մինչեւ հիմա, այո: Իսկ հիմա մենք ընդամենը խամաճիկներ ենք օտարերկրյա պետությունների ձեռքին: Խաղաղություն չի լինի, խնդրեմ՝ կշարունակենք մեզ «ազգային հերոսներ» ձեւացնել եւ ապրել զարգացման հեռանկարից զուրկ պետություններում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել