Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԻՄԱՍՏ ՈՒՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 05,2008 00:00

Հակոբ Հակոբյանին անձեռնմխելիությունից զրկել էին երկու ոստիկանների՝ իրար բառացի կրկնող զեկուցագրերի հիման վրա

Արդեն ներկայացրել ենք, թե «Մարտի 1»-ի գործի նյութերի համաձայն՝ Մյասնիկ Մալխասյանին առաջադրված մեղադրանքները հաստատող ինչ ապացույցներ կային նախաքննության մարմնի տրամադրության ներքո, երբ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 4-ին ԱԺ արտահերթ նիստում միջնորդագիր ներկայացրեց նրան եւ 3 այլ պատգամավորների որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ: Այսօր անդրադառնանք, թե ինչ ապացույցներ կային Հակոբ Հակոբյանի վերաբերյալ:

ԱԺ արտահերթ նիստում գլխավոր դատախազն ասաց, որ իր միջնորդագիրը պատրաստված է եղել մարտի 3-ի երեկոյան: Եվ հենց մարտի 3-ին էլ ոստիկանության Կենտրոնի բաժնի տեղամասային երկու տեսուչներ ներկայացրել էին զեկուցագրեր, որոնք ուղարկվել էին Հատուկ քննչական ծառայություն: Առաջին զեկուցագրում ասվում է, թե տվյալ ոստիկանը Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքների ժամանակ ծառայություն է կատարել ու «գրեթե ամեն օր տեսել եմ «Լեդի» մականունով ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին, որը մշտապես շրջում էր մոտ 20 անձանց ուղեկցությամբ»: Ոստիկանը նաեւ նշել է, թե երբ մարտի 1-ին «ժամը 7-ի սահմաններում ստացված հրահանգի համաձայն» եկել են Ազատության հրապարակ՝ տեսել է, որ «Օպերա» ակումբի մոտ կանգնած էր Հակոբ Հակոբյանը, «որի թիկունքում կանգնած էին շուրջ 25 հոգի, որոնք զինված էին փայտե մահակներով, մետաղական ձողերով: Վերջիններս չենթարկվելով տարածքը ազատելու՝ մեր օրինական պահանջներին, սկսեցին ձեռքի առարկաներով հարվածել ոստիկանության աշխատակիցներին»:

Երկրորդ ոստիկանը զեկուցագրում նույնպես նշել է, թե հանրահավաքների ժամանակ ծառայություն է իրականացրել Ազատության հրապարակում. «Այդ օրերին գրեթե ամեն օր այնտեղ տեսել եմ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին, որը հիմնականում լինում էր ժամը 20-ից հետո մոտ 20 անձանց ուղեկցությամբ»: Հետո էլի ճիշտ նույն արտահայտություններով նկարագրում է, որ երբ մարտի 1-ին «ժամը 7-ի սահմաններում ստացված հրահանգի համաձայն» եկել են Ազատության հրապարակ՝ այնտեղ «Օպերա» սրճարանի մոտ տեսել են Հակոբ Հակոբյանին, «որի ետեւում կանգնած էին շուրջ 20-25 անձինք՝ զինված փայտյա մահակներով, երկաթյա ձողերով, որոնք չէին ենթարկվում մեր օրինական պահանջներին տարածքն ազատելու եւ հնարավորություն տալու տարածքը զննելու վերաբերյալ»:

Իրարից կարծես արտագրված այս երկու զեկուցագրերը, որոնցով ընդամենը փաստվում է, թե Հակոբ Հակոբյանը ներկա է եղել հանրահավաքներին, իսկ մարտի 1-ին էլ նրա թիկունքում ինչ-որ մարդիկ են եղել՝ միակ ապացույցներն են, որոնց հիման վրա նա մարտի 3-ին ձերբակալվեց իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ կատարելու եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով, իսկ հաջորդ օրն էլ՝ զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից:

Հակոբ Հակոբյանն ԱԺ-ում հայտարարեց, թե բոլորին պարզ է, թե իրեն ինչու են մեղադրում եւ հիշեցրեց, որ փետրվարի 9-ին հայտարարել էր, թե պաշտպանում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Եվ հաստատել էր, որ փետրվարի 19-ից հետո «գիշերները ժամը 12-ից հետո մինչեւ առավոտյան 9-10-ը» եղել է Ազատության հրապարակում, «որովհետեւ ես վտանգը զգացել եմ, որ հնարավոր է լավ բաներ չստացվեն հանրապետությունում՝ լարվածությունը կանխելու համար»: Նաեւ հաստատեց, որ մարտի 1-ի առավոտյան էլ էր հրապարակում, եւ այնտեղ, որտեղ ինքն է գտնվել՝ «այդ ընթացքում երեւի միակ տարածքն էր, որ որեւէ կոնֆլիկտային իրավիճակ չի եղել։ Նույնիսկ այն տղաները, ովքեր եղել են այնտեղ, որեւէ մեկի մոտ փայտ չի եղել»: Պնդեց, թե եղած ոստիկաններից «որեւիցե մեկին նեղություն չեն տվել կամ որեւիցե մեկին ոչ  մի կոպիտ բառ չի ասվել մեր կողմից»: Հետո էլ մանրամասն պատմեց, թե ինչպես է Ֆրանսիական դեսպանատան մոտ փորձել կանխել սադրանքները: Նրա այս պնդումը հաստատեց Լարիսա Ալավերդյանը, որն, ի դեպ, միակն էր, որը հարց տվեց Հակոբ Հակոբյանին:

Մարտի 4-ին ԱԺ-ում ընդամենը 2-3 պատգամավոր գլխավոր դատախազին հարց ուղղեցին, թե ո՞րն է այս 4 պատգամավորների հստակ մեղքը, եւ կոնկրետ ո՞ր հանցանքների համար են իրենք մեղադրվում, նրանցից ո՞րը կոնկրետ ի՞նչ գործողություններ է արել, ի՞նչ ապացույցներ կան: Սակայն հստակ պատասխան այդպես էլ չեղավ: Գլխավոր դատախազը հղում արեց իր միջնորդագրին, որում նշված էր, թե քրգործով առկա են հիշյալ պատգամավորներին կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորող բավարար նյութեր։ Արդյոք բավարա՞ր էին այդ նյութերը մասնավորապես Հակոբ Հակոբյանի մասին՝ պատասխանը վերոհիշյալ երկու զեկուցագրերն են: Հիշեցնենք նաեւ ԱԺ գաղտնի քվեարկության արդյունքները Հակոբ Հակոբյանի մասով՝ 84 կողմ եւ 20 դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել