Լրահոս
Օրվա լրահոսը

Հօգուտ եւ ընդդեմ սերիալների

Նոյեմբեր 04,2008 00:00

«Վերվարածներ» հեռուստասերիալն ինձ հետաքրքրեց, այնտեղ կենդանի բան կա, իհարկե տհաճ բաներ էլ կան: Իզուր ա Արմեն Աշոտյանը հարձակում սկսել սերիալների վրա… եթե փակեն սերիալները՝ հեռուստատեսությունը կդառնա կեղծ, զզվելի, մարմելադե մի բան»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը: Նա նշեց, որ հիմնականում դիտում է «Շանթ»-ով ցուցադրվող «Վերվարածներն» ու «Որոգայթը», բայց հիմա նաեւ «Արմենիա» TV-ով ցուցադրվող «Դժբախտ երջանկությունը»: «Այնտեղ մի այլանդակ կերպար կա՝ Մարուխյանը, նրա այլանդակությունը շատ ճշմարիտ է, դրա համար էլ ուզում եմ ցուցադրվի, որ մարդիկ իրանց պատկերը տեսնեն: Չեմ ուզում էդ կերպարը հանեն, որ մարդկանց էլ չթվա, թե էդ այլանդակությունը չկա ու կարծում եմ՝ Աշոտյանի ուզածը հենց էտ ա»,- հավելեց Մարինեն: Դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանն էլ գտնում է, որ սերիալները այսպիսի մասշտաբ չէին ընդունի, եթե հեռուստատեսության ղեկավարները որոշակի գեղարվեստական էսթետիկայի մասին մտածեին. «Արվեստը միշտ էլ եղել է կյանքի արտացոլումը: Բարակ ու նուրբ անցում կա, ու երբ այն չես պահպանում՝ մի կողմից ընկնում ես չընդունվող վիճակի մեջ, մյուս կողմից էլ՝ այդ կյանքը նմանակելու, վատ ձեւով կապկելու: Էլբակյան թատրոնում «Կարմիր լապտերներ» ներկայացման մեջ ես խաղում եմ հասարակաց տան «Մամա Ռոզա»: Գիտե՞ք ի՜նչ հատակի կին եմ, ի՜նչ բառեր եմ ասում, վա՜…, բայց նայողը չի զգում տականքին, փողոցայինին…»: Բանաստեղծուհին դիմելով Հ. Տեր-Կարապետյանին՝ ասաց. «Ես սիրում եմ իրերն իրենց անուններով կոչել: Դուք խաղում եք պոռնիկի դեր, բայց չեք ուզում երեւա, դա մի էսթետիկա է, որը չեմ ընդունում: Պոռնիկը պիտի լինի այլանդակ»:

Մ. Պետրոսյանի խոսքով, այնքան ասացին «Որոգայթում» ոչ մի դրական հերոս չկա, մինչեւ մտցրին Ազատ Գասպարյանի հերոսին. «Դա այլանդակություն է, որովհետեւ նա հրեշտակ- ոստիկան է խաղում, իսկ Հայաստանում այդպիսիք չկան: Ազատ Գասպարյանի կերպարը ամենահիմար կերպարն է ու այդտեղ ամենավատը ինքն է խաղում, որովհետեւ հին դասական շկոլայի դերասան է»: Հ. Տեր-Կարապետյանն ընդհանրապես դեմ է սերիալներին եւ համոզված է, որ ԱԺ պատգամավոր Ա. Աշոտյանը դեռ մի բան էլ ուշացել է այդ հարցը բարձրացնելիս: Ըստ Մ. Պետրոսյանի՝ «Աշոտյանը հեղինակություն ա ձեռք բերում՝ ձեւ անելով, թե ինչ-որ բան ա անում ժողովրդի համար… մի՞թե փակելով իրական պատկերը՝ կրիմինալը վերանալու ա»: Բանավեճի ժամանակ, երբ Հ. Տեր-Կարապետյանը շարունակ ընդհատում էր Մ. Պետրոսյանի խոսքը, վերջինս ասաց. «Հասմիկ, դու արդեն տեռոր ես անում, հիմա էլ դու ես կրիմինալի դե… Իմ կարծիքով, Հայաստանում կրիմինալը հզոր որոշիչ ա, իսկ դուք ասում եք կրիմինալից չխոսա՞նք, բա ինչի՞ց խոսանք: «Հ1»-ով Նազենին «Սպանված աղավնի» ա խաղում, իբր ի՞նչ… Տենց բաներ նայենք ու ասենք՝ լոխ լավ ա՞… Ինձ համար պոռնիկը էն իրա բնական վիճակով շատ ավելի մարդ ա, քան Նազենին իր ներկվածությամբ ու դեկոլտեով… Զզվում եմ կեղծիքից»: Հ. Տեր-Կարապետյանն էլ փաստում է, որ ոչ միայն սերիալներում է այլանդակ ժարգոն ու վայրենի խոսք հնչում, այլեւ լրատվական հաղորդումների ժամանակ: Նաեւ ասաց, որ ինքը երբեք չի նկարահանվի նմանատիպ սերիալներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել