Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկ Դարչինյանն արդեն լեգենդ է

Նոյեմբեր 04,2008 00:00

\"\"Վանաձորցին կատարեց խոստումը՝ իններորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով մեքսիկացուն

Կիրակի լուսաբացից սկսած, Հայաստանում բոլորը միմյանց շնորհավորում եւ աչքալուսանք են տալիս: Ու դրա «մեղավորը» այդ գիշեր աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը նվաճած վանաձորցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանն է, նույն ինքը՝ «Կատաղի ցուլը»:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ամբողջ պատմության մեջ, բոլոր քաշային կարգերը միասին վերցրած, մատների վրա կարելի է հաշվել այն բռնցքամարտիկներին, որոնց հաջողվել է մարզաձեւի երեք կազմակերպությունների գոտիներ միավորել: Իսկ առաջին գերթեթեւ քաշային կարգում (մինչեւ 52,2 կգ) սա նախադեպը չունեցող իրադարձություն է: Ու դրա հեղինակը հայ է, հայաստանցի:

IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն ամռանը Հայաստանում էր, երբ հեռախոսով նրա պրոումոթերը տեղեկացրեց, որ վերջնականապես որոշվել է WBA-ի եւ WBC-ի վարկածների գոտիների տիրակալ մեքսիկացի Քրիստիան Միխարեսի հետ մենամարտի օրը նախապես նշանակված նոյեմբերի 8-ից մեկ շաբաթ առաջ տեղափոխել: Այդ պահին մենք միասին էինք ու պատրաստվում էինք մեկնել Սպիտակ՝ Վախթանգ Դարչինյանի անվան բռնցքամարտի դահլիճի բացմանը ներկա գտնվելու: Մի անգամից փոխվեց, լրջացավ: Տեսնել էր պետք՝ լուրն ստանալուն պես նրա աչքերի փայլատակումը: «Վերջապես,- ասաց:- Հենց այսօրվանից, երբ Սպիտակից վերադառնանք, այլեւս ոչ մի հրավեր, ոչ մի հանդիպում: Շտապ մեկնում եմ Ավստրալիա եւ սկսում ամենայն լրջությամբ նախապատրաստվել: Ժամանակը շատ չէ, բայց բավարարում է: Այս պահից սկսած ամեն մի օրն անգին է»: Եվ այդ ժամանակ, գուցե, առաջինը մեզ խոստացավ Միխարեսին անպայման նոկաուտով հաղթել:

Մարտից առաջ բռնցքամարտիկները բազմաթիվ հայտարարություններ էին անում: Չնայած մարտը հեռարձակող «Showtime»-ի՝ նախօրեին բռնցքամարտի թեմաներով գրող լրագրողների շրջանում անցկացրած հարցման արդյունքում 26-ը նախապատվությունը տվել էր մեքսիկացուն եւ միայն 6-ն էր հավատացել մեր մարզիկի հաղթանակին, Վիկը չէր կասկածում, որ ԱՄՆ-ի Կարսոն քաղաքից ինքը հեռանալու է երեք գոտիներով: Բայց նաեւ ասում էր, որ միավորներով հաղթանակն իրեն չի գոհացնի: Ասուլիսներից մեկում նա հայտարարել էր, որ Միխարեսն առաջին իսկ ռաունդից կզգա իր հարվածների ուժը: Բայց ինքը միանգամից նոկաուտ չի անի, քանի որ հանդիսականը դրամ է վճարում ռինգում հետաքրքիր պայքար դիտելու համար: Ու խոստացել էր իր երկրպագուներին այդ հնարավորությունն ընձեռել: Եվ մենամարտն ընթացավ Վիկի խոստացած սցենարով: Հենց մեկնարկային ռաունդում մեքսիկացին վանաձորցու հերթական ընդգծված հուժկու ապերկոտից տապալվեց հատակին: Նոկդաուն: Հետո յոթ խաղափուլ փորձում էր դիմակայել Վախթանգի ճնշմանը՝ բնականաբար, ինքն էլ երբեմն հակագրոհների դիմելով: Բայց մարտի ընթացքը հուշում էր, որ բանը 12-րդ ռաունդին չի հասնելու: Իններորդում Վիկի հերթական գրոհն ավարտվեց Միխարեսի դեմքին հասցված երկու հուժկու ուղիղ հարվածներով, որոնցից հետո (վերջինն այդ օրը 208-րդն էր) մեքսիկացին երկրորդ անգամ հայտնվեց հատակին, բայց այս անգամ արդեն ոտքի կանգնել ի վիճակի չեղավ:

Մարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում IBF-ի, WBA-ի եւ WBC-ի վարկածներով աշխարհի չեմպիոնը հայտարարել է, որ ցանկանում է հաջորդ մենամարտն անցկացնել WBO-ի չեմպիոն Ֆեռնանդո Մոնտելի հետ: «Ես ուզում եմ հանդիպել բոլոր լավագույնների հետ եւ հավաքել բոլոր գոտիները: Ֆեռնանդո Մոնտելը հաջորդն է: Երբ նրա վերջն էլ տամ՝ նա թոշակի կգնա: Ես ցանկանում եմ, որպեսզի զավակիս ճանաչեն որպես լեգենդի եւ աշխարհի չեմպիոնի որդու»:

Ի դեպ, մարտին հեռուստաէկրաններից հետեւած մարզասերները նկատած կլինեն, որ Վիկի գոտու առջեւի մասում գրված էր՝ «ՍՊԻՏԱԿ», քանի որ այս մենամարտի նախապատրաստությունը հովանավորել էր Սպիտակի քաղաքապետարանը, իսկ ետեւի մասում՝ «ՌՈՒԲԵՆ», Վիկի հոր եւ որդու անունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել