Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԱՅՆ ՈՒՂՏԵՐԸ ԳԻՐՔ ՉԵՆ ԿԱՐԴՈՒՄ»

Նոյեմբեր 04,2008 00:00

\"\"60 տարի առաջ այս կարգախոսով է բացվել գրքի ֆրանկֆուրտյան տոնավաճառ-ցուցահանդեսը, որին այս տարի կրկին ներկայացված էր Հայաստանը:

Վերջերս Ֆրանկֆուրտում կայացավ աշխարհում ամենամեծը համարվող գրքի միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսը: Գերմանիան, պատերազմի վերքերից դեռ չապաքինված, հասկանալով, որ միայն գրագետ քաղաքացու մասնակցությամբ է ստեղծվում հզոր պետություն եւ, տեսնելով գրքի նկատմամբ աճող անտարբերությունը, որոշեց Ֆրանկֆուրտում անցկացնել գրքի տոնավաճառ: Մարդկանց ուշադրությունը գրավելու համար միջոցառման կազմակերպիչները կենդանաբանական այգուց ուղտ էին բերել ու վրան փակցրել հետեւյալ մակագրությամբ ցուցանակ՝ «Միայն ուղտերը գիրք չեն կարդում»: 1992-ից Ֆրանկֆուրտյան տոնավաճառին մասնակցում են հայաստանյան գրահրատարակչություններ: Նշենք, որ բացի ֆրանկֆուրտյան միջոցառումից, Հայաստանը դեռեւս խորհրդային տարիներից մասնակցում է Մոսկվայի ամենամյա եւ արդեն 3 տարի՝ Վաշինգտոնում անցկացվող նման միջոցառումներին: Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 9-ը հայ գիրքը կներկայացվի նաեւ Ստամբուլում անցկացվող 27-րդ միջազգային ցուցահանդեսում:

«Առավոտը» հանդիպեց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանին: Նրան խնդրեցինք ներկայացնել հայ գրահրատարակիչների ձեռքբերումները, նաեւ՝ նրանց մտահոգող խնդիրները: Ա. Մարտիրոսյանը նշեց. «Օրինակ, Ուկրաինայում արդեն 15 տարի գրքի արտադրությունն ազատված է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ), իսկ 6 տարի էլ՝ շահութահարկից: Ռուսաստանում 1998-2005թթ. գիրքը չէր հարկվում իր ստեղծման բոլոր փուլերում՝ ներառյալ վաճառքը: Պետական նման միջամտության շնորհիվ է, որ գրքի ինդուստրիան Ուկրաինայում եւ ՌԴ-ում բում ապրեց: Ու թեեւ Հայաստանում մանկական, ուսումնական դասագրքերը ազատված են ԱԱՀ-ից, սակայն մինչ օրս այդ բեռից ազատված չէ գեղարվեստական գրականությունը»: Մեր զրուցակիցը զարմանում է, թե ինչու է մեր երկրում հարկվում մի բան, որը չի վաճառվում կամ գրեթե գոյություն չունի. «Տարիներ շարունակ խոսում ենք գրքի մաքսային ձեւակերպումների հետ կապված խնդրի մասին, ինչո՞ւ մեր պետությունը չի պաշտպանում իր ներքին արտադրողին, ինչո՞ւ սահմանի վրա գրքի համար նախատեսված թուղթը հարկվում է ԱԱՀ-ով, իսկ դրսում տպագրված հայերեն գիրքը չի հարկվում: Հատուկ եմ նշում այս մասին, քանի որ չի կարելի հարկել այլ լեզուներով դրսում հրատարակված գրքերը: Առանց այն էլ բոլոր հնարավոր շրջափակումների մեջ ենք, մնացել է մտավոր շրջափակման մեջ լինենք»: Ա.Մարտիրոսյանը փաստեց, որ ֆրանկֆուրտյան տոնավաճառին Ուկրաինան խնդրել է Իգոր Մուրադյանի աշխարհաքաղաքականությանը վերաբերող երկու գրքերի նմուշներ ուղարկել, եւ բացի «Հայփոստից», որի առաքման ժամկետները բավական երկար են, մնացած բոլոր ընկերությունները պահանջել են անգամ դրանց համար կատարել մաքսային ձեւակերպումներ: «Ինչպե՞ս կարելի է այդքան թշնամաբար վերաբերվել գրքին մի երկրում, որն ունի Մատենադարան»,- նեղսրտում է պարոն Մարտիրոսյանը: Նա նշեց նաեւ հայ հրատարակիչների ձեռքբերումների մասին. Ֆրանկֆուրտում մերոնք գնել են 120 անուն գրքի հեղինակային իրավունք, շնորհիվ հայ հրատարակիչների՝ վրացիներն իրենց հանրագիտարանի հրատարակությունը պատրաստվում են իրականացնել Հայաստանում: Այս տարի իրենց համագործակցությունն են առաջարկել թուրքերը՝ հանձին «Թուդեմ» հրատարակչության: Պարոն Մարտիրոսյանը կարծում է, որ Թուրքիան Հայաստանի համար գրավիչ շուկա է գրահրատարակչության ոլորտում:

Հավելենք նաեւ, որ ֆրանկֆուրտյան տոնավաճառին առաջին անգամ մասնակցել է «Արտբրիջ» գրավաճառ կազմակերպությունը, որը ներկայացրել է հիմնականում մշակութային եւ արվեստի ուղղվածության գրքեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել