Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկնածուները ընտրակաշառք են բաժանել

Նոյեմբեր 04,2008 00:00

Սիսիանում կրկին ընտրություններ էին

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած Սիսիան համայնքի ղեկավարի ընտրություններում առավելագույն քվեներ էր ստացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Սիսիանի տարածքային կառույցի ղեկավար, «ԱրմենՏելի» Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Աղասի Հակոբջանյանը: Սակայն ընտրություններն անվավեր էին ճանաչվել: Նոյեմբերի 2-ին կայացած կրկնական ընտրություններին մասնակցում էին բոլոր 6 թեկնածուները, սակայն պայքարն ընթանում էր երկուսի՝ ԲՀԿ ներկայացուցիչ Աղասի Հակոբջանյանի եւ ՀՅԴ անդամ Տիգրան Պողոսյանի միջեւ: ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Թանգյանը, նախկին քաղաքապետ Լավրենտի Սարգսյանը եւ ՕԵԿ ներկայացուցիչ Վազգեն Բաբայանը սատարում էին Աղասի Հակոբջանյանին: Սիսիանցիներն ասում էին նաեւ, որ մարզպետ Սուրեն Խաչատրյանը նույնպես սատարում է Աղասի Հակոբջանյանին, բայց այդ մասին պաշտոնական որեւէ հայտարարություն չի եղել: Տիգրան Պողոսյանի շտաբի պետ Վոլոդյա Հակոբջանյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Մարզպետն ինքը մասնակցում է ընտրական պայքարին, այցելում հիմնարկ-ձեռնարկություններ եւ կոչ անում, որ ձայն տան Աղասի Հակոբջանյանին»: Ի դեպ, Սիսիանում սովորույթ է դարձել, որ հիմնարկների աշխատողները կոնկրետ ժամերի ներկայանան տեղամասեր:

Ընտրության օրը շրջայց կատարելով բոլոր 6 տեղամասերով՝ լուրջ միջադեպերի ականատես չեղանք, սակայն տեղամասերում մարդկանց կուտակումներ էին, մեծ թվով ոստիկաններ էին հսկում, փակ էր 37/5 ընտրատեղամաս տանող ճանապարհը: Սիսիանցի Ժորային (ազգանունը չասաց) հարցրի՝ արդեն ընտրե՞լ եք, պատասխանեց՝ ուշ եմ ընտրելու, սպասում եմ գումարի մեծացմանը: Ինչպես հետո պարզվեց, Ժորան խմելու հակում ուներ, եւ ընտրատեղամասի մոտ քմծիծաղ տալով ասաց. «Բա որ ասում էի՝ ուշ ժամերին գումարի չափը բարձրանում ա՜…»: Տեղամասերի դիմաց հավաքված մարդկանց մեջ կային նաեւ անձինք, որոնց ձեռքերին ցուցակներ կային: Նրանցից մեկից փորձեցինք իմանալ, թե ի՞նչ ցուցակ է ձեռքին, ահաբեկված սկսեց վիրավորել լրագրողներին ու ասաց. «Դուք ընդամենը լրտեսություն եք անում: Ես պարտավոր չեմ ձեզ պարզաբանել, թե ինչ ցուցակ է»: Ինչպես հետո պարզեցինք՝ վերոնշյալ անձը Աղասի Հակոբջանյանի խնամի Հովհաննես Համբարձումյանն էր: Նշեմ նաեւ, որ ոստիկանները նրան չէին հեռացնում, այնինչ՝ մնացածներին հորդորում էին ցրվել: Երբ Աղասի Հակոբջանյանին հարցրինք, թե լուրեր են պտտվում, որ ընտրակաշառք է բաժանվում, թեկնածուն հերքեց. «Նման խոսակցություններ ես միայն լրագրողներից եմ լսում»: Հետո ավելացրեց, որ անարդարությունից ամենաշատը ինքն է տուժելու, որովհետեւ 4 անգամ է մասնակցում ընտրությունների, 3 անգամ հաղթել է, այս անգամ էլ է հաղթելու:

Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Տիգրան Պողոսյանի շտաբում ոչ ոք չէր բողոքում, որ ընտրությունը կեղծվել է, անարդար է եղել կամ նման մի բան: Շտաբի պետ Վ. Հակոբջանյանին հարցրինք՝ լուրջ միջադեպերի մասին արձանագրություն կազմվե՞լ է: Պատասխանեց. «Լուրջ միջադեպեր չեն եղել, միջադեպն այն է, որ մեր թեկնածուն պարտվել է»: Այստեղ հիասթափված դաշնակցականները հավաքում էին իրենց իրերը, իսկ նախկին զինվորական, Սիսիանի գնդի սպառազինությունների գծով հրամանատարի տեղակալ Տիգրան Պողոսյանը ոչ մնալու է քաղաքական դաշտում, ոչ էլ վերադառնալու է նախկին աշխատանքին: Թեկնածուին հարցրինք՝ ընտրակաշառք բաժանե՞լ եք: Բարկացած պատասխանեց. «Այո, բաժանել ենք»: Սիսիանցիներից նաեւ հետաքրքրվեցինք՝ ո՞վ է ավելի շատ գումար տվել: Հիմնականում նշեցին ընտրված քաղաքապետի անունը:

Նորընտիր քաղաքապետից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է պատրաստվում անել Սիսիանի համար: Պատասխանեց. «Առջեւում դեռ ձմեռ է, տեսնենք»: Իսկ հարցին՝ աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ ի՞նչ է անելու, որ քաղաքից դուրս սովորող ուսանողները ընդմիշտ չլքեն Սիսիանը, պատասխանեց. «Ամենեւին պարտադիր չէ, որ ուսանողները ավարտեն ու գան Սիսիան: Որովհետեւ ես գտնում եմ, որ խելացիներն ու գործունյաները պետք է մնան մայրաքաղաքում»:

Հ. Գ. Ընտրություններին մասնակցել է 7517 մարդ: Ընտրողներից 3951 ձայն ստացել է Աղասի Հակոբջանյանը, իսկ Տիգրան Պողոսյանը՝ 3319: Նախորդ ընտրության ժամանակ նրանց միջեւ ձայների տարբերությունը 63 էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել