Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ՈՒՄ ՎԻՃԱԿԸ ՏԽՈՒՐ Է

Նոյեմբեր 04,2008 00:00

\"\"Իսկ ԵՊՀ «ռեկտորը» հեռուստաեթերից հակառակն է պնդում

Վերջերս «Արարատ» մշակութային ալիքով լսում էի ԵՊՀ կարկառուն «ռեկտոր» Սիմոնյան Արամին: Թեեւ «վերեւներից» նա թերթերում չերեւալու զգուշացում է ստացել, սակայն նա ոչ միայն դա չի անում, այլեւ որոշել էր իր մակարդակը այս անգամ ներկայացնել էկրանից: Անդրադառնանք անձընտրյալ «ռեկտորի» «գիգանտ» մտքերին:

«Համալսարանի ուսանողությունը խիստ բեւեռացված է՝ կան շատ լավերը եւ դրանց կողքին շատ վատերը»,- հայտարարեց Սիմոնյան Արամը եթերում: Հետաքրքիր է, իսկ նա հիշո՞ւմ է, թե ինչպես են այդ վատերը հայտնվել համալսարանում: Դրանց մի մասը տեղափոխվածներն են, որոնք համալսարանի միջանցքներում հայտարարում են, թե իրենք ինչ գումարով են տեղափոխվել, մյուսները՝ «վերեւի» խրտնածների լակոտները (որոնց մեջ նույնպես կան տեղափոխվածներ), որոնց քննությունների ժամանակ ահռելի ճնշում է գործադրվում դասախոսների վրա՝ «ռեկտորի» եւ տարբեր ֆակուլտետների «ղեկավարների» կողմից: Այո, իսկապես լավերի կողքին են շատ վատերը, որոնք հիասթափեցնում են լավերին, նրանց հաշվի նստեցնում ոչ մարդկային, չափանիշները փչացնող, նվաստացուցիչ խաղի կանոնների հետ: Ավելին, համալսարանում խրախուսվում են այդ վատերը, որոնք կոռուպցիայի գլխավոր խթանիչներն են եւ այս կամ այն հաստագլխի եկամտի աղբյուրը:

«Մենք մանկավարժներ ենք, մենք պետք է վարժեցնենք երիտասարդներին կյանքին»,- սա ասում է համալսարանի «ռեկտորը»: Մանկավարժն ունի կրթելու, դաստիարակելու գործառույթ, բայց ո՛չ վարժեցնելու: Վարժեցնում են կենդանիներին: Այդ ձեւակերպմամբ «ռեկտորը» փաստում է իր մակարդակը, որը խեղաթյուրել է համալսարանը: Այո, համալսարանում ընթանում է վարժեցման գործընթաց՝ վարժեցնում են ոչ միայն ուսանողներին, այլեւ աշխատողներին, մասնավորապես՝ դասախոսներին: Վարժեցնում են կեղծիքին, կաշառակերությանը, քծնելուն, հանդուրժողականությանը, այլասերությանը… Արդյունքում՝ առավելությունը գրեթե միշտ տրվում է օճառով «առաջ գնացող» երիտասարդի տեսակին կամ կերամանից ավելի շատ լափելու համար պայքար մղող այս կամ այն կլանիկի դատարկագլխին: Իսկ իրենից ինչ-որ բան ներկայացնողների եւ շատ թե քիչ ինքնասիրություն ունեցողների ու «ռեկտորի» եւ նրա նմանների մակարդակին առնչվել չցանկացողների հիմնական մասը հեռանում է բուհից:

«Համալսարանը պահելու, փրկելու մասին այլեւս չենք մտածում, անցել է այդ ժամանակը, համալսարանում բարեփոխումներ են արվում»,- Սիմոնյան Արամի հաջորդ միտքն է:

Այստեղ հիշում ես բժշկի մասին հայտնի անեկդոտը, որը հարցնում է՝ բուժե՞մ, թե՞ թողնեմ ապրի: Քո ի՞նչ խելքի բանն է բարեփոխումը: Իսկապես, համալսարանը փրկելու մասին ի՞նչ կարիք կա մտածելու, այնպես չես քանդել, որ հնարավոր լինի փրկել: Համալսարանում ընթացող «բարեփոխումն», ըստ էության, համալսարանի ոչնչացման գործընթաց է՝ դեբիլացման եւ նապաստակացման գործընթաց՝ համատարած կոռուպցիա ու կաշառակերություն, կադրային սխալ քաղաքականություն, համալսարանի ֆինանսական միջոցների փոշիացում, աշխատողների ինքնասիրության ոտնահարում…

«Պետք է տանել բաց քաղաքականություն, բոլոր օղակները պետք է աշխատեն բաց, թափանցիկ եւ համալսարանը փորձում է դա անել: Առողջ քննադատությունը ուրախ ենք ընդունելու: Կարծում եմ՝ դա օգնում է մեր գործին»,- հեռուստաեթերից ասում է «ռեկտորը»:

Այո, համալսարանը փորձում է դա անել, սական ռեկտոր կոչվածը՝ խանգարում: Տեղին է նշել, որ համալսարանում եթե մեկը համալսարանի մասին մի քննադատական խոսք է ասում՝ այս կամ այն տեղական-ֆակուլտետային թափթփուկը «կարիերայում» մեծ հաջողություն ունենալու համար վազում է քաջնազարի մոտ: Չէ՞ որ այսօր համալսարանը փորձում է դառնալ «կարիերայի կենտրոն»՝ օճառավորների արտադրամաս եւ «հաջողության» հասնելու համար այստեղ բավարար չէ քծնելը, պետք է քծնելու մրցույթում հաղթել: Օրերս մի քանի դասախոս դիմել են դատարան՝ Սիմոնյան Արամի՝ «հոգին» եւ «ուղեղը» հղփացման ճնշմանը չդիմանալու եւ համալսարանը իր հոր դուքանը պատկերացնելու արդյունքում իրենց աշխատանքից հեռացնելու համար: Մտածելով, որ Հայաստանը «առաջ» տանողների ետեւից վազելը իր գործողությունների ազատության թույլտվությունն է, Սիմոնյան Արամը դատավորների եւ նրանց բարեկամների երեխաների՝ համալսարանում ուսանելու գործոնը օգտագործում է որպես դատարանի վրա ճնշում գործադրելու եւ իր կամայականությունները օրինականացնելու միջոց: Իսկ բաց քաղաքականություն՝ համալսարանում չի տարվել եւ չի էլ տարվելու: Եթե տարվի՝ պետք է աշխատողներին «ռեկտորը» ներկայացնի, թե ինչ գումարներով է գնել մեքենաներ, տներ, ինչ արժե տարբեր ֆակուլտետներում հեռակա ուսուցման մեկ դեբիլի տեղը, ինչու է համալսարանում այս կամ այն փոքր շինարարական աշխատանքը արժեցել մեկ շենքի գին, ինչո՞ւ է աշխատողներից պահանջում հրաժարական՝ պատճառի մասին հարկ չհամարելով ասել, ինչո՞ւ է լավագույն դասախոսներին անօրինական հեռացնում եւ այլն:

Ես ուրախ եմ, որ ռեկտորը «սիրում է» քննադատությունը (որի համար, ի դեպ, ինձ հեռացրել է աշխատանքից) եւ ուզում եմ հավաստիացնել, որ առաջիկայում նույնպես կօգնեմ համալսարանին եւ նրա անկրկնելի «ռեկտորին»:

«Վիճակը այնքան տխուր չէ, ինչքան կարելի է պատկերացնել»,- հայտարարում է «ռեկտորը»:

Այսինքն՝ նա, այնուամենայնիվ, տեղյակ է համալսարանի տխուր վիճակի մասին հասարակական կարծիքին: Միաժամանակ հուշում է, որ ավելի տխուր կլինի, եթե ինքը մնա այդ աթոռին: Հուսով ենք՝ «ռեկտորի» պատկերացրած ավելի տխուր վիճակին համալսարանականները ականատես չեն լինի ապագայում՝ իհարկե, աշխատողների մի քիչ համարձակության դեպքում:

Ինչ վերաբերում է Սիմոնյան Արամին, խորհուրդ կտամ՝ եթե նստել ես վառոդի տակառին, գոնե քո ձեռքով այն մի վառիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել