Լրահոս
Օրվա լրահոսը

Կարենին թագադրեցին

Նոյեմբեր 04,2008 00:00

\"\"Շաբաթ օրը Էջմիածնում բեմականացում էր կազմակերպված, որի ժամանակ «Վաղարշ արքան» մեծ հանդիսավորությամբ իր թագը հանձնեց նորընտիր քաղաքապետ Կարեն Գրիգորյանին:

Այդ օրը առավոտից քաղաքի հրապարակը մարդկանցով լեփ-լեցուն էր: Նախ, քաղաքապետարանին հարող պուրակում գեներալ Մանվել Գրիգորյանը կտրեց արցախյան ազատամարտին նվիրված հուշակոթողի կարմիր ժապավենը: Պուրակի մեկ այլ հատվածում էջմիածինցիներին զբաղեցնում էր լարախաղացը: Այդ ամբողջ արարողությունն իրենց երգ ու պարով «ծաղկեցրին» նաեւ մայրաքաղաքից ժամանած երգիչ-երգչուհիներն ու պարի խմբերը: Կ. Գրիգորյանի պատվին Մոսկվայից մեկ օրով Էջմիածին էր ժամանել ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, մեր տեղեկություններով՝ հանդիսության ավարտից հետո նա անմիջապես պետք է Մոսկվա մեկներ:

Հուշակոթողի բացումից հետո ժողովրդին մատաղ բաժանվեց: Տեղեկացանք, որ այդ առիթով 40 ոչխար էր զոհաբերվել: Մատաղն օրհնեց Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, բայց քանի որ այդ ամենը կատարվում էր Մայր աթոռի անմիջապես հարեւանությամբ, էջմիածինցիներն ակնկալում էին, որ այդ ծիսակարգը կանի անձամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, սակայն նա այդպես էլ չերեւաց: Ինչպես պարզվեց, կաթողիկոսը ճիշտ այդ ժամին հյուրընկալվել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նշենք, որ ՀՀ իշխանություններից որեւէ մեկը Կ. Գրիգորյանի ուրախությունը կիսելու չէր եկել: Հյուրերի թվում չկար նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզպետարանից միայն ներկա էին փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանն ու մարզպետի օգնականը: Էջմիածինցիների հետ զրույցից պարզվեց, որ մարզպետի բացակայությունը նրանց համար այնքան էլ անակնկալ չէ, քանի որ դեռեւս նախընտրական շրջանում նա բացահայտ ցույց էր տալիս, որ Կ. Գրիգորյանն իր սրտով չէ եւ ջանասիրաբար աջակցում էր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ):

Բարձրաստիճան պաշտոնյաների բացակայությունն առանձնապես չէր խոչընդոտել, որպեսզի Կ. Գրիգորյանի «պալատական» թիմակիցներն իրականացնեն իրենց ծրագրած բեմականացումը: Այն է՝ հանդիսավոր արարողությամբ հանրությանը ներկայացավ Էջմիածնի հիմնադիր հայոց արքա «Վաղարշը»: Նա իր օրհնությունը տվեց Կ. Գրիգորյանին, ապա թագը իր գլխից հանելով՝ թագադրեց նորընտիր քաղաքապետին, որից հետո միայն Կ. Գրիգորյանն ու ավագանու նորընտիր անդամները մտան քաղաքապետարան: Այդ օրը նախատեսված էր նաեւ ավագանու անդրանիկ նիստը: Օրակարգում պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցն էր: Այդ կոչմանն արժանացան Սեյրան Սարոյանը, նախկին քաղաքապետ Գագիկ Ավագյանն ու էջմիածինցի Ստեփան Ստեփանյանը: Ս. Սարոյանը դիմելով հավաքվածներին՝ խոստացավ ամեն հարցում օգնել նոր քաղաքապետին եւ միասին իրագործել նրա ծրագրերը:

«Առավոտի» հետ զրույցում Գ. Ավագյանն ասաց, որ առաջիկա մեկ ամսում լավ հանգստանալու է, որից հետո միայն կմտածի, թե որ բնագավառում կաշխատի. «Ես ուժ ու աշխատելու կարողություն ունեմ, չեմ պատրաստվում քաղաքականությունից հեռանալ ու համալրել երիտասարդ թոշակառուների շարքերը: Բայց իրականությանը չեն համապատասխանում այն խոսակցությունները, թե քաղաքապետարանում ինձ պաշտոն են տալու, չեմ պատրաստվում այնտեղ աշխատել»:

Նշենք, որ բեմականացմանը հաջորդած քեֆ-ուրախության ժամանակ մի տարեց կին այնքան պարեց ու համբուրեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, որ ուրախությունից արյան ճնշումը բարձրացավ ու ուշագնաց եղավ: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները, ճիշտ է, կնոջը առաջին օգնություն ցուցաբերեցին, բայց ասացին, որ նրա վիճակը շատ լուրջ է եւ հնարավոր է, որ նա չապրի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել