Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՃՌԱԲԵԿԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ ԳԱԼԱ-Ի ՀԱՅՑԸ

Նոյեմբեր 04,2008 00:00

\"\"Մեկ տարի առաջ ԳԱԼԱ հեռուստաընկերությանը լռեցնելու նպատակով Գյումրիի քաղաքապետարանը նրանից փորձեց խլել հեռուստաաշտարակը:

Քաղաքապետարանը հայց ներկայացրեց հեռուստաընկերության դեմ՝ պահանջելով իր սեփականությունը հանդիսացող հեռուստաաշտարակից անհապաղ ազատել ԳԱԼԱ-ի սարքավորումները: ԳԱԼԱ-ն հակընդդեմ հայցով մտավ դատարան՝ պահանջելով հարկադիր սերվիտուտ սահմանել, այն է՝ հարկադրել քաղաքապետարանին հանրության սեփականությունը հանդիսացող հեռուստաաշտարակը տրամադրել հանրության տեղեկատվություն ստանալու պահանջի բավարարմանը: Սակայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը բավարարեց քաղաքապետարանի պահանջը:

Նշենք, որ մինչ այդ հեռուստաաշտարակը փաստացի տեր չուներ. ԳԱԼԱ-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը, տարբեր կառույցների գրավոր նամակներ հղելով, փորձում էր «հայտնաբերել» տիրոջը: ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ սեպտեմբերի 21-ի ելույթը ցուցադրելուց հետո հեռուստաաշտարակը նորահայտ տեր ունեցավ, Գյումրիի քաղաքապետարանը հապշտապ սեփականաշնորհեց այն՝ հրաժարվելով այն ԳԱԼԱ-ին վարձով տալ: Հեռուստաընկերությունն իր իրավունքները պաշտպանելու համար դիմեց վերաքննիչ, այնուհետ՝ վճռաբեկ դատարան: Վերաքննիչը անփոփոխ թողեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը 4 օր առաջ բեկանեց վերաքննիչի կայացրած վճիռը՝ գործը նոր քննության ուղարկելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Սա նշանակում է, որ իշխանությունների վերաբերմունքը փոխվեց անկախ լրատվական ալիքի նկատմամբ: Իսկ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր վերջին ասուլիսում խոստովանեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ փորձել է օգտվել ԳԱԼԱ-ի ծառայությունից, սակայն հեռուստաընկերությունը հրաժարվել է իր հետ աշխատելուց:

ԳԱԼԱ-ի գլխավոր խմբագիր Էդուարդ Մխիթարյանն «Առավոտին» ասաց. «ԳԱԼԱ-ին տեր կանգնեց ժողովուրդը, ինչն ունեցավ իր ազդեցությունը, եւ ընդհանուր քաղաքականության մեջ փոփոխություն մտավ: Հիշո՞ւմ եք, որ 10-11 ամիս շարունակ ամեն ինչ հօգուտ հակառակ կողմի էր որոշվում, դատարանը նույնիսկ մեր միջնորդությունները լսել չէր ուզում՝ անհիմն պատճառաբանություններով մերժում էր: Իսկ վճռաբեկի նման կտրուկ որոշում կայացնելը նշանակում է մեր նկատմամբ լավ տրամադրվել: Ենթադրում եմ, որ ամեն ինչ պետք է լավ վերջանա, հեռուստաաշտարակը երեւի թե կտրամադրեն ԳԱԼԱ-ին՝ իհարկե ողջամիտ վարձավճարով»: ԳԱԼԱ-ի քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանն էլ վճռաբեկի որոշումը որակեց որպես «արդարության վերականգնում»:

«Ես կարծում եմ, որ էդ վճիռը կայացվեց մի շարք գործոնների ազդեցության տակ: Նախ՝ դերակատարություն ունեցավ հասարակական կարծիքի գործոնը, եթե նման տեմպերով շարունակեին վարվել ԳԱԼԱ-ի հետ, կսկսվեր դժգոհության մեծ ալիք բարձրանալ թե՛ գյումրեցիների, թե, ՀՀ այլ շրջանների բնակիչների կողմից: Երկրորդը՝ միջազգային կազմակերպությունների ճնշումները: Շատ անհեռատես ու անտրամաբանական քաղաքականություն կլիներ մեր իշխանությունների կողմից ավելորդ լծակ ընձեռել միջազգային կազմակերպություններին՝ իրեն մեկ անգամ եւս ճնշելու, այս անգամ՝ ԳԱԼԱ-ի մասով: Հնարավոր է, որ որոշակի ազդեցություն ունեցավ «Ա1+»-ի գործով Եվրոդատարանում ոչ ի նպաստ ՀՀ-ի կայացրած վճիռը: Սրանով ցույց տվեցին մեր դատական համակարգի նեխածությունը ու անկատարությունը: Եվ ամեն մի նման արձագանք ունեցող գործ միջազգային հանրության առջեւ հարվածի տակ է դնում մեր միջազգային իմիջը»,- ասաց Դերենիկ Մալխասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել