Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱԶԱԶԻՆ» ԿԴԱՏԵ՞Ն

Նոյեմբեր 04,2008 00:00

Ոստիկանությունն ընթացք է տվել իր իսկ աշխատակիցների կողմից սեպտեմբերի 15-ի երեկոյան «Հիմա» եւ «Հատուկ գունդ» երիտասարդական նախաձեռնությունների անդամների նկատմամբ բռնությունների վերաբերյալ հաղորդմանը: Այն ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղել էր Իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը: Հաղորդման մեջ մասնավորապես նշված է, որ տվյալ երիտասարդական նախաձեռնությունների անդամներն այդ օրը քաղաքացիներին տեղեկացրել էին սպասվող հանրահավաքի մասին, որի վերաբերյալ իրազեկումը քաղաքապետարանն ընդունել էր ի գիտություն, սակայն «Նաիրի» կինոթատրոնի մոտակայքում նրանց վրա առանձին-առանձին հարձակվել էր ոստիկանների խումբը՝ գնդապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ: Երիտասարդներին ծեծի էին ենթարկել «ռետինե մահակներով, ոտքերով եւ ձեռքերով, այդ գործողությունները զուգորդելով սեռական բնույթի հայհոյանքներով»: «Հատուկ գունդ» նախաձեռնության անդամներից նաեւ խլել էին պաստառները, ոչնչացրել հանրահավաքի այլ պարագաներ. «Իսկ նախաձեռնության անդամ Շահանե Հակոբյանին էլեկտրաշոկի կոթով հարվածել է անձամբ գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը»:

Արմեն Խաչատրյանը հաղորդման մեջ նշել է, թե այսպիսով «խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մեր իրավունքները», ինչպես նաեւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի դրույթները, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով» նախատեսված իրավունքները եւ այլն: Ու խնդրել է օրենքով սահմանված կարգով գնահատել կատարված արարքները ու պատասխանատվության կանչել մեղավորներին:

Այս հաղորդումը թեեւ ուղարկվել է սեպտեմբերի 25-ին՝ Արմեն Խաչատրյանը միայն երեկ է հրավիրվել Երեւանի ոստիկանություն, որտեղ նրանից բացատրություն են վերցրել: Եվ Արմեն Խաչատրյանը նաեւ նշել է, թե «առավելագույնս նպաստելու համար, որ պատժվեն մեղավորները»՝ կարող են ապահովել, որ ներկայանան այն մարդիկ, «ովքեր անձամբ այնտեղ են եղել եւ դարձել ոստիկանության ապօրինի, ոչ իրավաչափ գործողությունների տուժողը»: Հաղորդման պատճենն ուղարկված էր Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, որի գրասենյակից էլ պատասխան են ստացել, թե քննության են առնելու այս հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել