Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիվանագիտական հաջողություն»

Նոյեմբեր 04,2008 00:00

\"\"Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, ՌԴ նախագահի հրավերով, հանդիպելով 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում, ինչպես հաղորդվում է նախագահականի պաշտոնական տեղեկատվության մեջ՝ «կառուցողական մթնոլորտում առարկայական եւ բովանդակային քննարկելով ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական միջոցներով, ուղիղ երկխոսության շարունակման ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավիճակը եւ հեռանկարները, հայտարարում են, որ կնպաստեն Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը եւ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը՝ ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա, նաեւ հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակությունը՝ հաշվի առնելով նրանց 2007 թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ եւ հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով»:

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովն «Առավոտին» ասաց, որ նախագահների հանդիպումը կարեւոր էր Ղարաբաղի հարցի լուծման համար, քանի որ 1994-ից հետո առաջին անգամ հռչակագիր է ստորագրվում, եւ կարելի է խոսել Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող խելացի արտաքին քաղաքականության, հայկական կողմի դիվանագիտական հաջողության եւ արտաքին քաղաքականության նախաձեռնողականության մասին. «Եթե ուշադիր եք եղել, հռչակագրի առաջին կետում նշվում է, որ ԼՂ հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով: Սա՝ ի հեճուկս ադրբեջանական կողմի ռազմաշունչ հայտարարությունների: Մինսկի խմբի ֆորմատի պահպանումը եւ նրա շրջանակներում խաղաղ բանակցությունների շարունակումը ցույց են տալիս, որ արդարացված չէ մտայնությունն, ըստ որի, իբր, ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի փոփոխություն է սպասվում, եւ Թուրքիան դառնում է միջնորդ: Նման բան չկա, խոսք է եղել միայն աջակցության մասին: Կուզեի հատուկ շեշտել, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավական նորմերին համապատասխան, հիշեցնեմ, որ այս մասին խոսելով ՄԱԿ-ի 63-րդ վեհաժողովում՝ մեր նախագահը շեշտեց, որ հարցը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել