Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը համատեղ որոշում կայացրեց

Նոյեմբեր 04,2008 00:00

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» նաեւ համատեղ հայտարարություն արեցին:

Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգություն» կուսակցությունը նոյեմբերի 1-ին համատեղ ասուլիսում հայտարարեցին «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված փորձագետների փաստահավաք խմբի աշխատանքներին իրենց մասնակցության մասին: Ընդդիմության այս որոշումն առանց վերապահումների չի կայացվել: Դրանք արտացոլված են նաեւ քաղաքական այդ ուժերի տարածած հայտարարության մեջ: ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» շեշտել են, որ փաստահավաք խմբի ստեղծման մասին Սերժ Սարգսյանի կարգադրությունը չի բավարարում հայ հասարակության ու ԵԽ-ի առաջ քաշած պահանջներին՝ «Մարտի 1»-ի իրադարձությունների անկախ, վստահելի եւ թափանցիկ հետաքննության անցկացման վերաբերյալ, եւ չի համապատասխանում ՀՀ օրենսդրությանը. «Մասնավորապես.

1. Կարգադրությունը հակասում է ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ՀՀ նախագահի լիազորություններին:

2. Ապահովված չեն հետաքննության անկախությունը, թափանցիկությունը եւ վստահելիությունը, քանի որ.

ա/ Փաստահավաք խմբում ներգրավված չեն միջազգային փորձագետներ, լիիրավ անդամի կարգավիճակով,

բ/ Համաձայն կարգադրության՝ խմբի աշխատանքը պետք է լինի դռնփակ, իսկ խմբի անդամներին արգելված է որեւէ տեղեկություն հայտնել ԶԼՄ-ներին,

գ/ Խումբը դե յուրե չի ստեղծվում որպես անկախ մարմին, այլ ենթարկված է իր անարժանահավատությունն ապացուցած համապատասխան խորհրդարանական հանձնաժողովին,

3. Փաստահավաք խումբն, ըստ էության, զրկված է 2008թ. Մարտի 1-ին պետական պաշտոն զբաղեցրած, այնուհետեւ պաշտոնաթող եղած անձանց պարտադիր ներկայանալու եւ պարզաբանումներ տալու հիմքով նիստերին հրավիրելու լիազորությունից»:

Այդուհանդերձ, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», հաշվի առնելով մարտի 1-ի ոճրագործության լիակատար բացահայտման եւ մեղավորներին արդարադատության առաջ կանգնեցնելու կարեւորությունը, նաեւ դիտարկելով փաստահավաք խումբը որպես միջոց այդ ճշմարտության բացահայտման եւ հանրությանը անաչառ զեկույց ներկայացնելու համար, պատրաստակամություն են հայտնել մասնակցելու խմբի աշխատանքներին, առայժմ՝ միայն մեկ ամսով: Այդ ընթացքում փաստահավաք խմբում ՀԱԿ-ը կներկայացնի ՀՀ ՆԳՆ եւ ՊՆ նախկին փոխնախարար, ԱԺ նախկին պատգամավոր, 1999-2000թթ. ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի՝ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ, նաեւ կադրային քաղաքականության հարցերով խորհրդական Անդրանիկ Քոչարյանը, իսկ «Ժառանգություն» կուսակցությունը՝ փաստաբան, «Մարտի 1»-ի գործով մի քանի ամբաստանյալի պաշտպան Սեդա Սաֆարյանը: Երկուսն էլ իրավաբանական կրթություն ունեն, բայց ասել, թե՝ նրանք քաղաքական նախասիրություններ կամ արդեն ձեւավորված վերաբերմունք չունեն «Մարտի 1»-ի վերաբերյալ՝ ճշմարիտ չի լինի: Փոխարենը մի բան հստակ է. նրանց նկատմամբ ճնշումներ կամ ազդեցություն բանեցնելը դատապարտված է անհաջողության: ՀԱԿ-ը պահանջել է նաեւ մեկամսյա ժամկետում համապատասխանեցնել փաստահավաք խմբի գործունեության իրավական հիմքերը վերոնշյալ երեք պահանջներին, նաեւ Օմբուդսմենին եւ պատգամավորներին առաջարկել է նախագահի կարգադրության սահմանադրականությունը վիճարկել ՍԴ-ում: «Եթե մեկամսյա ժամկետում չկատարվի առնվազն միջազգային փորձագետներին խմբում ներգրավելու պահանջը, մենք կվերաքննարկենք Փաստահավաք խմբի աշխատանքներին մասնակցելու նպատակահարմարությունը: Մենք կաշկանդված չենք մեր ներկայացուցիչների մասնակցությունը կասեցնելու հարցում, եթե վերջինների կամ խմբի աշխատանքները խոչընդոտվեն կամ նրանք ենթարկվեն տարաբնույթ ճնշումների»,- ասված է ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» համատեղ հայտարարության մեջ: Փաստահավաք խմբի մյուս երկու անդամներին պետք է նշանակեն իշխանական կոալիցիայի անդամ կուսակցությունները: Նրանք դա անել չեն շտապում՝ դրա համար ավելի քան մեկ շաբաթ դեռ ունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել