Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԼՂՀ-ԻՆ

Նոյեմբեր 04,2008 00:00

\"\"Նախագահների մոսկովյան հանդիպման եւ դրա արդյունքների մասին այսօր կարծիք կհայտնի ՀՀ առաջին նախագահը

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները կիրակի օրը մոսկովյան հանդիպումից հետո հռչակագիր են ստորագրել, պատրաստակամություն հայտնելով շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունները, որպես կարգավորման հիմք ընդունելով 2007 թվականի նոյեմբերի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Մադրիդում առաջարկված սկզբունքները։ Ստորագրված փաստաթուղթը բաղկացած է հինգ կետից, որով Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղ բանակցությունների շարունակման կարեւորությունը եւ պարտավորվել են համապատասխան քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ: Կողմերը նաեւ նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը պետք է ուղեկցվի «իրավականորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքների» ընդունմամբ։ Թե այս համատեքստում ինչ է նկատի առնվում՝ հրապարակված փաստաթղթերում առկա չէ: Համենայնդեպս, ադրբեջանական լրատվամիջոցների մատուցմամբ, նախագահ Իլհամ Ալիեւը երեկ հայտարարել է. «Ղարաբաղյան հարցի լուծումը մոտ է»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «պատմական եւ կարեւոր» է համարել ստորագրված հռչակագիրը՝ «թեկուզ միայն այն առումով, որ սկսած 1994 թվականից, երբ կնքվեց զինադադարի մասին պայմանագիրը, սա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով ընդունված առաջին փաստաթուղթն է»: Նկատենք մի էական տարբերություն. 1994 թվականին ստորագրված փաստաթղթի տակ նաեւ ԼՂՀ-ի վավերացումը կա: Ի դեպ, նույն զրույցում Մերզլյակովը նույնպես կարծիք է հայտնել, որ փաստաթուղթը կարագացնի ու կակտիվացնի բանակցային գործընթացը: Փաստաթղթի ստորագրումից հետո Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Մինսկի խմբի համանախագահների հետ: Իսկ երեկ նա Մոսկվայից մեկնել է Փարիզ, որտեղ առանձնազրույց կունենա Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, կհանդիպի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի եւ Շառլ Ազնավուրի հետ: Փարիզից Սերժ Սարգսյանը կմեկնի Բրյուսել, ուր նախատեսված են հանդիպումներ Բելգիայի վարչապետի, Սենատի եւ խորհրդարանի նախագահների, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, արտաքին կապերի գծով եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների, Եվրախորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Պոտերինգի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ:

Հայաստանում կայացած հանդիպման եւ ստորագրված փաստաթղթի մասին կարծիքները դեռ «սուղ» են: Հայ ազգային կոնգրեսի անդամ Լեւոն Զուրաբյանն «Առավոտին» փոխանցեց, որ իրենք դեռեւս տեղեկատվության հավաքման եւ այն վերլուծելու փուլում են եւ հարցի վերաբերյալ ամբողջական տեսակետ կարտահայտեն առաջիկա օրերին: Իսկ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հավանաբար, այսօր արդեն կբարձրաձայնի իր տեսակետը: Ի դեպ, ՀԱԿ-ում այս հանդիպման եւ նրա հետեւանքների առիթով մոտեցումները տարբեր են: Մասնավոր զրույցներում որոշ գործիչներ ասում են, որ այսպիսով Սերժ Սարգսյանը կարգավորեց իր լեգիտիմության հարցը եւ ապահովեց ԼՂՀ հարցի ներկայիս վիճակով «սառեցումը»: Գերակշիռ մասը կարծում է, որ գործընթացը շատ ավելի խորն է, իսկ զարգացումները՝ անկանխատեսելի: Որոշ գործիչներ ուշադրություն են հրավիրում նաեւ ՌԴ նախագահի կողմից հռչակագրի ընթերցման պահին երեք նախագահների տրամադրությունների վրա: Կարծում են, որ ամենաուրախն Ադրբեջանի նախագահն էր՝ դրանից բխող հետեւանքներով, իսկ ամենատխուրը՝ ՌԴ նախագահն էր: Այսինքն, հանդիպման արդյունքում ՌԴ-ն ակնկալում էր ստանալ ավելին: Իսկ Հայաստանի նախագահի համար՝ «այս ամենը՝ զավթածը պահելու ջանքեր են»:

Կոնգրեսի՝ ԼՂՀ հարցում ամենառադիկալ թեւի համակարգող, «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնության հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանի նախնական տպավորությամբ՝ «կատարվածը բացասական է»: Փոքր-ինչ մանրամասնելով՝ մեր զրուցակիցը նկատում է. «Այս հանդիպումից հետո ես լիովին համոզված եմ, որ Արցախի հարցում ձեռքից ձեռք փախցնելու որոշում կա: Ես արդեն տեղյակ եմ, որ առաջիկայում էլ մի համանման հանդիպում սպասվում է Վաշինգտոնում: Երկու գերտերությունների միջեւ այս հարցում միայն այս մրցակցությունն արդեն ինձ համար բավական է, որ այս ամենից լավ բան մենք չպետք է սպասենք, քանի որ այս ընթացքում կողմերը կարող են կոշտ քայլեր ձեռնարկել, եւ մենք, այսպես ասած, հողի տակ կգնանք: Այս իմաստով եմ ընթացքը բացասական գնահատում, իսկ հռչակագրի ենթատեքստի մանրամասներին կանդրադառնանք դրանց ծանոթանալուց եւ մարսելուց հետո»:

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով էլ՝ «Արդեն իսկ հստակ երեւում է, որ ամեն ինչ գնում է ազատագրված յոթ շրջանները վերադարձնելուն (նկատի ունի «մադրիդյան սկզբունքներ» ձեւակերպման մեկ անգամ եւս ամրագրումը- Ն. Գ.): Խոսվում է, որ կա «պրատոկոլ», որը դեռ հրապարակային չեն դարձնում, եւ հարց է, թե երբ հայտնի կլինի դրա էությունը, համենայնդեպս, կա ինչ-որ բան, ինչի մասին հասարակությունը տեղյակ չէ: Հայտարարվում է միայն այն, ինչը նպատակահարմար են գտնում, իսկ գաղտնի բանակցությունները դեռ գաղտնի են: Ակնհայտ է նաեւ, որ այս պահին ամեն ինչ արվում է, որպեսզի գոհացնենք Ռուսաստանին, իսկ երբ գնա Ֆրանսիա եւ Բրյուսել՝ ի՞նչ է պայմանավորվելու, երբ արդեն իսկ գոյություն ունի որոշակի պայմանավորվածություն՝ պարզ չէ»: Նախագահների հանդիպումը, ստորագրված հռչակագիրը եւ հնարավոր զարգացումները «բացասական» է գնահատում նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: «Մադրիդյան սկզբունքների ժամանակ մենք զիջում ենք 7 շրջանները, այնպես որ, եթե վերցնում ենք, թե ինչ պրոգրես է ապրել Ղարաբաղի խնդրի կարգավորումը եւ, երեկ փաստաթուղթը ստորագրելով, մենք ինչ հաջողություն ֆիքսեցինք՝ հիմա սեղանին դրվում է մի տարբերակ, որը բացարձակորեն ոչ մի բանով դրական եւ լավը չէ 97 թվականին քննարկվող տարբերակից եւ շատ հարցերով նաեւ զիջում է»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նա: Միակ դրական բանը, ըստ նրա, այն է, որ հարցը դուրս չի գալիս Մինսկի խմբի շրջանակներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել