Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ»

Նոյեմբեր 04,2008 00:00

\"\"Ասում են քաղբանտարկյալների հարազատները, թեեւ նաեւ խոստովանում են, որ լսելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը հանրահավաքները դադարեցնելու մասին՝ սթրես էին ապրել:

Հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ազդարարած որոշումը՝ զանգվածային հրապարակային միջոցառումները դադարեցնելու մասին, քաղբանտարկյալների հարազատները ընդունել էին դժգոհությամբ: Եվ դա էր պատճառը, որ դրանից շուրջ մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 25-ին, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանը հանդիպել էին նրանց հետ: Մեր հարցին, թե հանդիպման ընթացքում ի՞նչ մտահոգություններ են արտահայտվել՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Չկար մտահոգություն: Եվ շատ ուրախալի էր, որ մեր քաղբանտարկյալների կանայք վստահ են, որ համաժողովրդական շարժումը որպես գերխնդիր, առաջնահերթություն է դիտում եւ աչքաթող չի անում քաղբանտարկյալների հարցը: Իսկ քաղաքական որոշման իմաստով՝ բոլորն էլ շատ դրական էին գնահատում ժամանակավոր դադարը, որը, ինչպես ցույց տվեց մանավանդ Մոսկվայի հանդիպումը, արդարացված է»:

Քաղհալածյալների հարազատներն այժմ իրոք շատ հանդարտ են արձագանքում Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ որոշման վերաբերյալ հարցերին:

Ասենք՝ Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի կինը՝ Քնարիկ Խաչատրյանը, որը շարունակում է մասնակցել գլխավոր դատախազության դիմաց քաղբանտարկյալների հարազատների ուրբաթօրյա բողոքի ցույցերին, թեեւ իր ամուսինն ազատության մեջ է՝ այս կապակցությամբ ասաց «Առավոտին». «Երբ որ առաջնորդ ես ունենում եւ անվերապահորեն հավատում ես իր բոլոր քայլերին՝ պիտի նաեւ վստահես իրեն: Ես անվերապահորեն վստահում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ համարելով, որ ինքը շատ խորը ու շատ պատրաստված քաղաքական գործիչ է: Ես իմ առաջնորդին վստահում եմ»:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի քույրը՝ Ռուզաննա Այվազյանը, հարցին, թե ինչպես է վերաբերվում այս երկամսյա դադարին՝ պատասխանեց. «Մենք ցանկանում ենք, որ քաղբանտարկյալների համար լավ լինի, եւ այդ հարցը թողնում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի հայեցողությանը: Ես նորմալ եմ գնահատում: Ճիշտ է՝ սկզբում դժգոհություն կար, որ երթեր չեն կազմակերպվելու: Բայց միգուցե սա՞ է բարին»:

Քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանի կինը՝ Անժելա Ալավերդյանն ասաց, որ խորհրդակցությունից հետո այլեւս դժգոհություն չի եղել. «Ուղղակի կանայք սկզբում մի քիչ սթրես տարան: Բայց դա մեր գործը չէ՝ շարժման ղեկավարների գործն է, թե իրենք ինչ կանեն ու մասնավորապես, կանե՞ն հանրահավաքներ, թե՞ ոչ: Իսկ մենք շարունակելու ենք մեր հարազատներին առնչվող այս ակցիաները, որոնք դադարեցնելու մասին ոչ մի խոսք չի եղել: Ոչինչ չի պատահել՝ մենք նորից միասին ենք, դժգոհություններն անցել են՝ ոչ մի խնդիր այլեւս չկա: Բացի այդ՝ ես կարծում եմ, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմաց լիներ մի տրամաբանող ղեկավար՝ մենք արդեն հաղթել էինք: Բայց քանի որ այնտեղ նստած է, ինձ թվում է՝ խաղամոլ, նա աշխատում է քարտերի վրա: Ինչ քարտ գալիս է՝ նա այդպես է գործում»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը, պատմեց. «Առաջին օրը՝ հոկտեմբերի 17-ի հանրահավաքի ժամանակ, մենք բոլորս ասացինք՝ վա՜յ, էս ինչ եղավ, դա մեզ ի՜նչ կտա, ո՜նց է լինելու: Ասացի՝ լավ, գնանք, մտածենք: Ու բոլորս հասկացանք,… թեեւ չեմ կարող բոլորի համար ասել, բայց մեծ մասամբ՝ բոլոր ակտիվիստներն էլ ընդունեցին ու հասկացան: Հյուսիսային պողոտայում, դատախազության դիմաց եւ մեր այլ՝ ոչ զանգվածային միջոցառումները շարունակվելու են՝ ոչինչ չի փոխվել: Զանգվածային միջոցառումներն են մի փոքր դադարելու: Եվ ինձ թվում է՝ այս դադարը շատ կարճատեւ է լինելու: Բայց ամեն դեպքում, մեզ համար միեւնույն է՝ մեր պայքարը շարունակվելու է»:

Հ. Գ. Քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանի քրոջը՝ Հերմինե Մանուկյանին, որին ձերբակալել էին վկային իբր սպառնալու համար, ազատ են արձակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել