Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 01,2008 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք յոթերորդ

Գլուխ ութերորդ

 

ՆՐԲԵՐՇԻԿ ԵՎ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ

Եվ Սամիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ էդ տերտերի մասին գրես, դրանով, փաստորեն, Վահագին կպած կըլնես», եւ ես ասացի՝ «մինչեւ գրեմ, մինչեւ տպվի, Վահագն արդեն սպորտը թարգած կըլնի», եւ Սամիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «թարգի՝ չթարգի, ինքն արդեն սպորտի պատմության մեջ մտած մարդ ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ես էլ իրա միջոցով գրականության պատմության մեջ կմտնեմ», եւ Սամիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չես կարա», եւ ես հարցրի՝ «խի՞ չեմ կարա», եւ Սամիկն ասաց՝ «ինքը Հայաստանի ու սաղ հայերի ռեկորդները խփել ա. դու կարա՞ս Թումանյանի կամ Րաֆֆու ռեկորդները խփես», եւ ես ասացի՝ «արդեն վեց հատոր վեպ եմ գրել. մի հատոր էլ որ Վահագի ու էդ տերտերի մասին գրեմ, սաղի ռեկորդները կխփեմ», եւ Սամիկը մի քիչ մտածեց, տարակուսանքով ինձ նայեց ու ասաց՝ «էսքան տարվա ընկեր ենք, բայց իմ մասին մի տող գրած չկաս», եւ ես ժպտալով ասացի՝ «որ էդ տերտերի մասին գրեմ, մեր էս խոսակցությունն էլ կգրեմ», եւ Սամիկն ասաց՝ «էս խոսակցությունը շատ անհետաքրքիր խոսակցություն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «ես հետաքրքիր կգրեմ», եւ Սամիկը ժպտալով հարցրեց՝ «ասում ես՝ էդ տերտերի մասին էլ ե՞ս գրելու», եւ ես ասացի՝ «էդ տերտերի մասին որ չգրեմ՝ վեպ չի ստացվի», եւ Սամիկը հարցրեց՝ «բա ի՞նչ կստացվի», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հոդված», եւ Սամիկը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «հոդվածն ա՞ ուժեղ, թե՝ վեպը», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էրկուսի էլ ուժեղն ա ուժեղ», եւ Սամիկը ժպտալով ասաց՝ «պարզվում ա՝ ուժեղից ուժեղն էլ կա», եւ ես ժպտալով հարցրի՝ «տերտերին նկատի ունե՞ս», եւ Սամիկը ժպտալով ասաց՝ «գոնե էդ տերտերի մասին մի գրի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էս սաղ պատմության մեջ ամենակարեւորը տերտերն ա», եւ Սամիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս պատմության մեջ ամենակարեւորը Վահագի հերն ու հոր ընկերներն են», եւ ես ասացի՝ «իրանք էլ են կարեւոր, բայց տերտերն ավելի կարեւոր ա», եւ Սամիկը ժպտալով ասաց՝ «երեւի էդ տերտերի աղոթքները տեղ են հասել», եւ ես ասացի՝ «կարաս չկասկածես», եւ Սամիկն ասաց՝ «երեւի դրա համար են արտասահմանցի սպորտսմենները մրցումից առաջ խաչակնքվում», եւ ես ասացի՝ «հա», եւ Սամիկը հարցրեց՝ «բա մերոնք խի՞ չեն խաչակնքվում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «որովհետեւ մենք առաջինն ենք քրիստոնեությունը պետական կրոն դարձրել», եւ Սամիկը հարցրեց՝ «էդ կապ ունի՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի», եւ Սամիկը հոգոց հանեց ու ասաց՝ «մինչեւ էդ տերտերին սեփական աչքով չտենաս, չես պատկերացնի», եւ ես ժպտալով ասացի՝ «պատկերացնում եմ», եւ Սամիկն ասաց՝ «կաթողիկոսի տեղն ըլնեի՝ էդ տերտերին մեդալ կտայի», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ հնարավոր ա՝ տա», եւ Սամիկն ասաց՝ «էդ տերտերը երեւի տրիներ էլ չունի. երեւի ինքնագլուխ ա պարապել», եւ ես ասացի՝ «երեւի կարգին չի էլ պարապել. ուղղակի առավոտները վազել ա, որ բուժվի», եւ Սամիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իզուր էլ ինձ էդ բաներն ասեցիր», եւ ես հարցրի՝ «ի՞նչ բաներ», եւ Սամիկն ասաց՝ «Վահագի հոր ու հոր ընկերների մասին», եւ ես ասացի՝ «որ չասեի, պիտի մտածեիր՝ Վահագն էդ տերտերին չեստնիով ա կրվել», եւ Սամիկը մի քիչ մտածեց, հոգոց հանեց ու ասաց՝ «փաստորեն, էլի չեստնիով ա ստացվում», ու էդ պահին սկսվեց սուպերգավաթի «Միլան»-«Սեւիլիա» խաղը, եւ Սամիկն ասաց՝ «ֆուտբոլ նայենք», եւ ես ասացի՝ «շատ ուժեղ խաղ ա ըլնելու», եւ Սամիկն ասաց՝ «էդ տերտերի թեման փակենք», եւ ես ասացի՝ «հա», եւ իսկապես՝ մի ամբողջ խաղակես բառ անգամ չփոխանակեցինք, բայց երբ Կանուտեն գոլ խփեց ու գոլից հետո խաչակնքեց, Սամոն նայեց ինձ ու ասաց՝ «տես՝ Կանուտեն էլ ա խաչակնքվում», եւ ես ժպտալով ասացի՝ «հա», եւ Սամիկն ասաց՝ «նեգր ա, բայց մեզնից հավատացյալ ա», եւ երբ շատ չանցած Կական պատասխան գոլը խփեց ու ձեռքերը վեր պարզած՝ ահագին ժամանակ երկինք էր նայում, Սամիկը ծիծաղեց ու ասաց՝ «վերջում պարզվելու ա՝ էս Կական էլ ա տերտեր», եւ ես ծիծաղելով ասացի՝ «շատ հնարավոր ա», եւ ինքը հոգոց հանեց ու ասաց՝ «բայց էդ բանն ինձ իզուր ասեցիր», եւ ամեն ինձ տեսնելիս ասում է՝ «էդ տերտերի հաշվով ինձ չպիտի ասեիր», եւ Ջավախյանն էլ ամեն ինձ տեսնելիս ասում է՝ «էդ տերտերի հաշվով քեզ իզուր ասեցի», եւ երբ հարցնում եմ՝ «խի՞», ինքն ասում է՝ «ինչքան էլ քեզ զսպես, մեկ ա, մի օր էդ պատմությունը կգրես», եւ հիմա, երբ էդ պատմությունը պատմեցի, ինքս էլ չգիտեմ՝ ճի՞շտ արեցի, թե՝ ոչ, ու էս գրածս կարդալով՝ երեւի Վահագն էլ մի քիչ կտխրի, ու մեր Առաքելական եկեղեցու պատասխանատուներն էլ երեւի առանձնապես չուրախանան իրենց ներկայացուցչի էդ աննախադեպ հաղթանակով, որովհետեւ հարյուր մետր սպրինտում հաղթելն, այնուամենայնիվ, երկնքի արքայության ու հավերժության հարցերի համեմատ հեչ բան է, եւ էդ պատմությունից միակ շահողը, թերեւս, ես եմ, որովհետեւ Վահագի ու տերտերի էդ աննախադեպ մրցակցության շնորհիվ ոչ միայն էս վեպս որոշակիորեն հետաքրքրացրի ու ահագին առաջ տարա, այլեւ էդ թեմայով տարվելով ու էդ թեմայի մեջ խորանալով՝ ահագին շեղվեցի իմ անձնական խնդիրներից, եւ, որ շատ կարեւոր է, իմ ու երեսունհինգ տարվա ընկերոջս տարաձայնությունները վերջնականապես հաղթահարեցի ու մոռացության տվի, եւ, որ ամենակարեւորն է, արհեստական ատամներիս գոյության մասին իսպառ մոռացա եւ, փաստորեն, անկախ ինձանից մեկին մեկ կատարեցի հորաքրոջս ատամնաբույժ որդի Միքայելի հորդորն ու պատվերը, որն էր՝ «պիտի արտակարգ ու արտասովոր բաներ մտածես, որ ատամներիդ մասին մոռանաս», եւ ահա՝ Վահագի ու տերտերի էդ արտակարգ ու աննախադեպ մրցակցության կողմ շեղվելով՝ ես ոչ միայն մոռացա պրոտեզիս գոյության մասին, այլեւ, կարելի է ասել, արդեն հնարավորինս վարժվեցի էս խորթ ու չափազանց արհեստական ատամնաշարիս, եւ հիմա արդեն էս արհեստականին հնարավորինս ընտելացած՝ կարող եմ հանգիստ խղճով վերադառնալ բուն նյութիս, որից արդեն մի տարի է՝ անարդարացիորեն ու անհեթեթորեն շեղվել ու կտրվել եմ, եւ եթե հազար ինը հարյուր յոթանասունվեց թվականի օգոստոսի տասնյոթի էդ իրիկուն Ախալքալաքցի Աշոտը նրբերշիկներով գնաց փոխպարետ ու պահակ Վարոսի խուց եւ ընդամենը կես ժամ ինձ սպասեցնել տվեց, ես ահա արդեն մի տարի է՝ էդ «Ապագա բժիշկ» բազմատիրաժ թերթի խմբագրությունից դուրս եմ եկել ու ոչ մի կերպ չեմ կարողանում էդ խմբագրություն վերադառնալ:

Հազար ինը հարյուր յոթանասունվեց թվականի օգոստոսի տասնյոթի էդ իրիկուն, երբ Ախալքալաքցի Աշոտը նրբերշիկներով խմբագրություն վերադարձավ, աչքերս արդեն փակվում էին, որովհետեւ գիշերը համարյա չէի քնել, եւ, բացի այդ, խմածս շամպայնն արդեն որոշակիորեն իրեն զգացնել էր տալիս, եւ երբ Աշոտը նրբերշիկներով խմբագրասենյակ մտավ ու ինձ տեսավ, ծիծաղելով ասաց.

– Էս արդեն քնում ե՞ս, Արմո ջան:

– Չէ,- սթափվելով ու դժվարությամբ աչքերս բացելով՝ ասացի ես:

– Աչքերդ փակվել էին,- ժպտաց Աշոտը.- երեւի մեզանից հոգնեցիր:

– Սպասելուց հոգնեցի,- ասացի ես:

– Ընդամենը կես ժամ եմ սպասացրել,- ժամացույցին նայելով՝ ասաց Աշոտն ու ավելացրեց.- էս սասիսկիները շուտ էին էփել, բայց դասախոսներից մեկը ոտը կախ էր գցել. մինչեւ դրան ցրեցինք՝ ահագին ժամանակ անցավ:

– Բա Վարո՞սն ուր ա,- հարցրի ես:

– Մոռացել էի հաց առնեմ. Վարոսին հացի ուղարկեցի,- ասաց Աշոտն ու պահարանից ափսեներ ու պատառաքաղներ հանելով՝ շարեց սեղանին:

– Բա սասիսկինե՞րն ուր են,- հարցրի ես:

– Մինչեւ էդ Գիտկոմի դասախոսին ցրեցինք, սասիսկիները սառեցին: Վարոսը հացը կառնի, սասիսկիները նորից կտաքացնի, կբերի:

– Իզուր էլ էդքան չարչարվեցիր,- ասացի ես:

– Չեմ հասկանում՝ սոված չե՞ս,- զարմացավ Աշոտը:

– Սպասելուց սովածացա,- ժպտացի ես:

– Ընդամենը կես ժամ ես սպասել,- նորից ժամացույցին նայելով՝ ասաց Աշոտը:

– Անծանոթ ու օտար միջավայրում որ սպասում ես, կես ժամը մի տարի ա թվում:

– Ի՞նչ օտար միջավայր,- զարմացավ Աշոտը.- էս օտար միջավայրն արդեն քո աշխատանքի տեղն ա:

– Մինչեւ էդ հոդվածը չգրեմ, ինձ աշխատանքի ընդունված չեմ համարի:

– Պայմանավորվեցինք, որ էդ հոդվածի մասին չենք խոսում,- ասաց Աշոտը:- Ինչքան էդ հոդվածի մասին մտածես, էնքան դժվար կգրվի:

– Որ էսքան ուշացար, անկախ ինձանից սկսեցի էդ հոդվածի մասին մտածել:

– Քնած վախտ էլ ե՞ս մտածում,- ծիծաղեց Աշոտը:

– Ո՞նց քնած վախտ,- զարմացա ես:

– Ես որ ներս մտա՝ քնած էիր,- ծիծաղեց Աշոտը:

– Չեմ քնել,- ասացի ես.- երեւի հոգնածությունից աչքերս իրանք իրանց փակվել են:

– Ի՞նչ ես արել, որ հոգնել ես,- ասաց Աշոտն ու ծիծաղելով ավելացրեց.- հոգնելը վա՛ղը կտենաս:

– Պայմանավորվեցինք, որ էդ հոդվածի մասին չենք խոսում,- ծիծաղելով ասացի ես:

– Հոգեբանորեն ես հոգնել,- ասաց Աշոտը.- էսօր երեւի քո համար շատ լարված օր էր:

– Հա,- համաձայնվեցի ես.- շատ լարված ու սպասողական վիճակ էր:

– Ի՞նչ սպասողական վիճակ,- զարմացավ Աշոտը.- էս կես ժամը նկատի ունե՞ս:

– Ամբողջ օրը նկատի ունեմ:

– Շատ դեպքերում մարդ ոչ մի բան չանելուց է՛լ ա հոգնում,- ասաց Աշոտը:

– Անորոշ վիճակից ես հոգնում,- ասացի ես:

– Ի՞նչ անորոշ վիճակ,- զարմացավ Աշոտը.- որ խոսք էի տվել, ուրեմն՝ աշխատանքիդ հարցը պիտի համարեիր լուծված:

– Մենակ աշխատանքի հարցը չի,- ասացի ես:

– Պայմանավորվեցինք, որ հոդվածի մասին չենք խոսում,- ծիծաղեց Աշոտը:

– Սոված փորներիդ լավ էլ ուրախանում եք,- սենյակ մտնելով՝ ասաց Վարոսը:

– Բա ի՞նչ անենք՝ տխրե՞նք,- հարցրեց Աշոտը:

– Աստված չանի տխրեք, Ավետիսյան ջան,- ասաց Վարոսը:

– Մանավանդ որ՝ տխրելու պատճառ առանձնապես չունենք, Սարուխանյան ջան,- ժպտալով ասաց Աշոտն ու ավելացրեց.- մեր Արմոն էսօր աշխատանքի ա ընդունվել:

– Էդ իսկական ուրախանալու պատճառ ա,- ասաց Վարոսը:- Շատ ափսոս, որ հետներդ չեմ կարա ուրախանամ:

– Ինչի՞ չես կարա,- զարմացավ Աշոտը:

– Էսօր համ պոստն ա վրես, համ էլ՝ տարածքը,- բացատրեց Վարոսն ու ավելացրեց.- համ էլ՝ ինձնից ի՞նչ շամպանսկի խմող:

– Ուզում ես՝ արաղ բերենք,- առաջարկեց Աշոտը:

– Չէ, Ավետիսյան ջան,- ասաց Վարոսը.- էսօր համ պոստն ա վրես, համ էլ՝ էս սաղ տարածքը:

– Մի բաժակը չի խանգարի,- ասաց Աշոտը:

– Խանգարելը չի խանգարի, բայց ես որ աշխատանքի վայրում խմեմ, ուրիշներին բարոյական ի՞նչ իրավունքով նկատողություն անեմ,- ժպտաց Վարոսը:

– Ինչի՞ համար նկատողություն անես,- հարցրեց Աշոտը:

– Աշխատանքի վայրում խմելու համար,- բացատրեց Վարոսը:

– Հիմի մեզ նկատողություն ե՞ս անելու,- հարցրեց Աշոտը:

– Դուք ուրիշ չեք,- ասաց Վարոսն ու ժպտալով ավելացրեց.- դուք մերոնքական եք:

– Զգացված ենք,- ժպտաց Աշոտը:

– Հիմի ո՞նց ենք անում, Ավետիսյան ջան,- հարցրեց Վարոսը:

– Ի՞նչն ենք ոնց անում,- հարցրեց Աշոտը:

– Էս սասինսկիներն ըսենց կաստուրկի մեջից ուտե՞նք, թե՞ ամանի մեջ լցնենք:

– Ամանի մեջ կլցնենք,- ասաց Աշոտն ու պահարանից մի խորը ափսե հանելով՝ դրեց սեղանին:

– Մի հատ էլ բաժակ կտա՞ս, Ավետիսյան ջան,- ասաց Վարոսը:

– Սիրով,- ժպտաց Աշոտն ու հարցրեց.- որոշեցիր միանաս մե՞զ:

– Էս բաժակը սավսեմ ուրիշ նպատակով ուզեցի,- ասաց Վարոսը, հետո Աշոտից բաժակը վերցնելով՝ նայեց ինձ, ժպտաց ու ասաց.- մի բան որ խնդրեմ, հո չե՞ս նեղանա, ջահել ջան:

– Ասեք,- ասացի ես:

– Էս բաժակով տուալետից ջուր չես բերի՞,- հարցրեց Վարոսը:

– Խի՞ չեմ բերի,- բաժակը Վարոսից վերցնելով՝ ասացի ես:

– Ե՛ս կբերեմ,- ասաց Աշոտը:

– Կարող ա՞ իրան վիրավորեցի,- Աշոտին հարցական նայեց Վարոսը, հետո նայեց ինձ ու ասաց.- մեջներիցս ջահելն ինքն ա, դրա համար իրան ասեցի:

– Ե՛ս կբերեմ,- ասաց Աշոտը:

– Ե՛ս կբերեմ,- բաժակն Աշոտին չզիջելով՝ ասացի ես:

– Համ էլ՝ մենք էդքան չարչարվանք, բայց ինքն ահագին գլուխ պահեց,- ինձ ժպտալով՝ ասաց Վարոսը:

– Տուալետի տեղը գիտե՞ս,- ինձ հարցրեց Աշոտը:

– Հա,- ասացի ես:

– Էսքան շամպանսկին որ խմել եք, ո՞նց կարա տուալետի տեղը չիմանա,- հռհռաց Վարոսը:

– Հերիք չի հետներս չես խմում, մեզ էլ ձեռ ես առնում,- ասաց Աշոտը:

– Ձեռ չեմ առնում,- ասաց Վարոսը.- ընդամենը մի բաժակ ջուր եմ ուզել, էն էլ՝ ձե՛ր համար եմ ուզել, ոչ թե՝ իմ:

– Մեզ ջուր պետք չի,- ասաց Աշոտը.- մենք շամպայն ենք խմում:

– Որ իմանայի՝ մի բաժակ ջրի համար էսքան խոսակցություն ա բացվելու, չէի խնդրի,- նեղացած ասաց Վարոսը:

– Հիմի կբերեմ,- ասացի ես ու սենյակից դուրս եկա:

Երբ վերադարձա, Վարոսը հացն էր կտրտում, եւ երբ բաժակով ջուրը մեկնեցի իրեն, զարմացած ասաց.

– Ի՞նձ ինչի ես տալի. դիր սեղանին:

Ես բաժակով ջուրը դրեցի սեղանին, նստեցի տեղս, եւ հացը կտրտելուց հետո Վարոսը մի քանի հատ նրբերշիկ վերցրեց ու դրեց բաժակով ջրի մեջ:

– Էդ ի՞նչ ես անում,- զարմացած հարցրեց Աշոտը:

– Մի քանի վայրկյան որ համբերես՝ կիմանաս,- ասաց Վարոսը:

– Էդ սասիսկիներն էլի սառացնում ես,- ասաց Աշոտը:

– Չեն հասցնի սառեն,- ժպտաց Վարոսը:- Դե հիմի ամեն մեկդ ձեր սասինսկիները հանեք, տեսեք՝ ինչքան հեշտ են վրեքի ցելոֆանները դուս գալի:

Վարոսն իր նրբերշիկի վրայի ցելոֆանը հեշտուհանգիստ հանեց եւ սկսեց իր նրբերշիկն ուտել:

– Ի՞նչ եք զարմացած նայում,- ասաց Վարոսը.- դուք չեք ուտելո՞ւ:

Ես ու Աշոտն իր օրինակին հետեւելով՝ մեր բաժին նրբերշիկների վրայի ցելոֆանները կլպեցինք:

– Բայց խի՞ ջրի մեջ դրիր,- Վարոսին հարցրեց Աշոտը:

– Ուտողխմող տղա ես, Ավետիսյան ջան,- ասաց Վարոսը.- դու էս բանն ինձանից լավ պիտի իմանայիր:

– Ի՞նչ բան,- հարցրեց Աշոտը:

– Որ ջրի մեջ չդնես, վրեքի էդ ցելոֆանները չես կարա հանես,- բացատրեց Վարոսը.- որ ջրի մեջ չես դնում, մինչեւ վրեքի էդ ցելոֆանները հանում ես, հոգիդ դուս ա գալի:

– Հաստա՞տ,- զարմացավ Աշոտը:

– Հաստատ,- ինքնագոհ ժպտաց Վարոսն ու ավելացրեց.- համ էլ՝ որ առանց ջրի էդ ցելոֆանները հանես, էդ սասինսկիների կեսը ցելոֆանի հետ վարի ա էթում:

– Առաջին անգամ եմ լսում,- ասաց Աշոտը:

– Թե չես հավատում՝ մի հատ առանց ջրի փորձի,- առաջարկեց Վարոսը:

Աշոտն ընդհանուր ափսեից մի նրբերշիկ վերցրեց, երկար չարչարանքից հետո վրայի ցելոֆանը դժվարությամբ հանեց, բայց ցելոֆանի հետ նրբերշիկի մի զգալի մասը, ինչպես Վարոսն էր ասում, վարի գնաց:

– Հիմի համոզվեցի՞ր, Ավետիսյան ջան,- ժպտաց Վարոսը:

– Մեր Վարոսի կենացը խմենք, Արմո ջան,- առաջարկեց Աշոտը:

– Առաջինը քո՛ կենացը պիտի խմվի, Ավետիսյան ջան,- ասաց Վարոսը.- դու լավ գիտես, որ ես սուբորդինացիան հարգող ու պահող մարդ եմ:

– Հեչ պարզ չի՝ պարետի տեղակալն ա բարձր, թե՝ թերթի պատքարտուղարը,- ասաց Աշոտն ու ավելացրեց.- համ էլ՝ մենք քո կենացը որպես չխմող ենք առաջինը խմում:

– Էդ սավսեմ ուրիշ բան,- ասաց Վարոսը:- Ես պոստի վրա մի կում էլ ա չեմ խմում:

– Համ էլ՝ քո կենացը որպես նորարար ենք խմում,- ծիծաղեց Վարոսը:

– Ի՞նչ նորարար,- զարմացավ Վարոսը:

– Էս ցելոֆանի գործը լրիվ նորություն ա,- ծիծաղեց Աշոտը:

– Էդ ձե՛ր համար ա նորություն,- ասաց Վարոսը.- իմ շրջապատում արդեն տարուց ավել ա՝ էս ձեւով ենք սասինսկին կճպում:

– Ի՞նչ շրջապատ,- հարցրեց Աշոտը:

– Ո՞նց թե՝ ինչ շրջապատ,- զարմացած ասաց Վարոսն ու քմծիծաղով ավելացրեց.- ինձ լրիվ պահակի տեղ ե՞ս դրել, Ավետիսյան ջան:

– Կենա՛ցդ, Ստախանով ջան,- բաժակը բարձրացնելով՝ Վարոսին ժպտաց Աշոտը:

– Մերսի, Ավետիսյան ջան,- Սեյրանի բաժակը վերցնելով ու Աշոտի բաժակին խփելով՝ ասաց Վարոսը:

– Ձեր կենացը,- բաժակս Վարոսի բաժակին խփելով՝ ասացի ես:

– Մերսի, ջահել ջան,- ասաց Վարոսը:

– Էս շամպայնն արդեն տաքացել ա,- մի կում անելուց հետո ասաց Աշոտը:

– Էդ շշերը շեֆիդ խալադելնիկը դիր՝ թող սառեն,- ասաց Վարոսը.- էդ զիբիլը մենակ սառը վիճակում ա խմվում:

– Ճիշտ ես ասում,- իր բերած շշերը վերցնելով ու տեղից վեր կենալով՝ ասաց Աշոտը:

– Խոլոդը դիր, որ շուտ սառի,- խորհուրդ տվեց Վարոսը:

– Էդ մեկը հասկանում եմ, Ստախանով ջան,- ժպտաց Աշոտը:

– Էս զիբիլը ոնց էլ խմում եք, տնաշեններ,- ինձ ասաց Վարոսը, երբ Աշոտն արդեն սենյակից դուրս էր եկել:

Հիմա՝ երեսուն ու ավելի տարիներ անց, ես Վարոսից ավելի եմ զարմանում՝ ոնց էինք էն թվերին էդ դեղնավուն հեղուկը լիտրերով խմում, ընդ որում՝ ամեն օր ու առավոտից իրիկուն, ընդ որում՝ ամենուր ու բոլորս, եւ հատկապես գրողական միջավայրում ու հատկապես Հովհաննես Մելքոնյանի գրողական միջավայրում էին առավոտից իրիկուն շամպայն խմում, եւ հիմա որ էդ հարյուրավոր ու հազարավոր դատարկված շշերը հիշում եմ, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ ու հիմնավորել՝ ինչու էինք «հՏՉպՑրՍՏպ ՔՈՎտՈվրՍՏպ» կոչվող էդ կիսադեղնավուն հեղուկն առավոտից իրիկուն թափաններս լցնում:

– Էդ խեղճ տղի՞ն խի էիր քաշել,- Դարբինյանի սենյակից վերադառնալով՝ Վարոսին հարցրեց Աշոտը:

– Ի՞նչ խեղճ տղա,- զարմացավ Վարոսը:

– Դարբինյանը քեզնից ա իմացել, որ էդ զապը Սեյրանինն ա:

– Խեղճը ես ու դու ենք, Ավետիսյան ջան,- ասաց Վարոսն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- ես ի՞նչ իմանայի, որ մի բուռ խմբագրություն եք, բայց իրարից խաբարություն չունեք ու իրարից գաղտնիքներ եք պահում:

– Խմբագիրն էլ ա նեղացել, որ իրանից թաքուն ա պահել,- ասաց Աշոտը:

– Դարբինյանն ընդամենն ինձ հարցրել ա՝ էդ ո՞ւմ զապն ա, ես էլ ասել եմ՝ քու ֆոտոգրաֆինն ա,- ասաց Վարոսն ու քմծիծաղով ավելացրեց.- ես ի՞նչ իմանայի, որ մարդ կարա ավտո առնի ու իրա ամենամոտիկներից թաքուն պահի:

– Հա,- ասաց Աշոտը.- ոչ մեկիս չէր ասել:

– Էդքանից հետո գոնե էնքան ֆայմ ունենար, որ իրա էդ զապն իրա շեֆի ավտոյի մշտական տեղը չկայնացներ:

– Հա,- համաձայնվեց Աշոտը:

– Էդքանից հետո մեղավորը ե՛ս դուս էկա,- ասաց Վարոսը.- շենքից որ դուս էր գալի, քթովմռթով էր. վրես սկի չնայեց էլ:

– Ո՞վ,- հարցրեց Աշոտը:

– Ձեր էդ Սեյրան կոչեցյալը,- ասաց Վարոսն ու ավելացրեց.- ընենց քիթը ցցած կողքովս անցավ, ոնց որ՝ իրա բարեւին կարոտ ենք:

– Խմբագիրն իրա վրա շատ ա ջղայնացել,- ասաց Աշոտը:

– Էդ ավտոյի հաշվո՞վ,- հարցրեց Վարոսը:

– Էդ ավտոյից բացի՝ ուրիշ հարցեր էլ կան,- ասաց Աշոտը:

– Ես ի՞նչ մեղք ունեմ, որ ինքն իրա շեֆից գաղտնիքներ ա պահում,- խորամանկ ժպտաց Վարոսը:

– Դու ոչ մի մեղք չունես,- ասաց Աշոտը:

– Ասում են՝ մի քանի հատ էլ վզակոթին ա հասցրել, հա՞,- փռթկացրեց Վարոսը:

– Ո՞վ ա վզակոթին հասցրել,- հարցրեց Աշոտը:

– Դարբինյանը,- փռթկացրեց Վարոսը:

– Դարբինյանն ո՞ւմ վզակոթին ա հասցրել,- հարցրեց Աշոտը:

– Ձեր էդ Սեյրան կոչեցյալի,- հռհռաց Վարոսը:

– Ո՞վ ա ասում,- հարցրեց Աշոտը:

– Ավետիսյան ջան, դու ինձնից լավ գիտես, որ էս ինստիտուտում ճանճն էլ տզզա՝ Վարոսն իմանում ա,- ժպտալով ասաց Վարոսը:

– Սուտ են ասել,- ասաց Աշոտը.- ոչ մի կռիվ էլ չի էղել:

– Ես կռվի անուն չտվի,- ասաց Վարոսը.- մենակ էդ էր պակաս, որ էդ դեղնակտուցը Դարբինյանի հետ կռիվ աներ: Ասում են՝ ընդամենը մի քանի հատ դաստիրակչական թաթալոշ ա տվել:

– Սուտ են ասում,- ասաց Աշոտը.- ամեն մեկի ասածին մի հավատա:

– Աստված տա՝ սուտ ըլնի,- խորամանկ ժպտաց Վարոսը.- չուզողը թող Վարոսն ըլնի:

– Դարբինյանը կիրթ մարդ ա,- ասաց Աշոտը.- ո՞նց իրա աշխատողին կխփի:

– Կարող ա չխփի, բայց մի էրկու հատ գլխին դաստիրակչական կտտացնի,- փռթկացրեց Վարոսը:

– Ըտենց բան չի էղել,- ասաց Աշոտը:

– Թող ձեր խմբագրական հարաբերությունները լավ ըլնեն, թող չուզողը Վարոսն ըլնի,- ժպտաց Վարոսը:

– Մեր խմբագրական հարաբերությունները չտեսնված են,- ծիծաղեց Աշոտը:

– Աստված տա՝ դուք իրար հետ լավ ըլնեք ու ինձ էր ավելնորդ տեղը վատամարդ դուս չբերեք,- ասաց Վարոսը:

– Քեզ ո՞վ ա վատամարդ դուս բերել,- հարցրեց Աշոտը:

– Ընենց կողքովս անցավ ու թարս նայեց՝ ոնց որ թուրքը խոզի մսին,- փնթփնթաց Վարոսը:

– Ո՞վ թարս նայեց,- հարցրեց Աշոտը:

– Ձեր էդ Սեյրան կոչեցյալը,- ասաց Վարոսը:

– Սիրտը նեղված ա էղել,- ասաց Աշոտը:

– Նեղված ա՝ թող Դարբինյա նին թարս նայի,- ասաց Վարոսն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- թե՞ դրա տղամարդկությունն իմ վրեն ա բռնում:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել