Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուկները՝ մշակույթի մասին

Նոյեմբեր 01,2008 00:00

Հոկտեմբերի 16-20-ը Երեւանում կայացած մանկապատանեկան ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնի ժյուրիի կազմում, բացի հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստներից՝ ընդգրկված էին նաեւ մանուկներ: Չնայած երեխաները կինոփառատոնի ժյուրիի անդամներ էին, սակայն նրանցից ոչ բոլորն են հետագա պլաններ կապում կինոգործունեության հետ: «Առավոտի» հետ զրույցում երեխաները խոսեցին իրենց երազանքների, հայկական կինոյի, մուլտֆիլմերի ու այդ ոլորտի իրենց պատկերացումների մասին:

9-ամյա Արման Բադալյանն ասաց. «Ես երազում եմ դառնալ բիզնեսմեն, ուզում եմ պապայիս նման լինել: Չեմ ուզում կինոյի հետ կապ ունենալ»: Ըստ նրա՝ շատ դժվար է ֆիլմում խաղալը. «Ժյուրիի անդամ առաջին անգամ էի կյանքումս: Սովորեցի գնահատել ֆիլմի որակը, երաժշտությունը, մուլտիկներում՝ նկարչությունը. լա՞վ գործ է արված, թե՞ մատների արանքով են նայել, ու այդ ամենից հասկացա, որ չեմ ուզում կինոյի հետ կապ ունենալ»: 13-ամյա Հայկ Բայանդուրը նույնպես առաջին անգամ էր ժյուրիի կազմում: Շատ է սիրում ֆիլմեր, բայց՝ ոչ մանկական. «Սիրում եմ մեծական ֆիլմեր: Շատ գնահատելի էր կոնկրետ մեզ՝ երեխաներիս, ժյուրիի կազմում ընդգրկելը: Վերջապես հայերը հասկացան, որ փոքրերի խոսքն էլ արժեք ունի»: Իսկ թե ինչ մասնագիտություն է ընտրելու՝ առայժմ չգիտի: «Միայն գիտեմ, որ կինոյի հետ կապ չեմ ունենալու, չեմ ուզում»,- հավելեց նա: Ի տարբերություն Արմանի եւ Հայկի, 11-ամյա Աշոտ Աբրահամյանը արդեն երրորդ անգամ է ժյուրիի կազմում: Կինոարտադրության հետ կապված երազանքներ չունի. «Դեռ չեմ որոշել՝ ինչ եմ դառնալու, ծնողներս շատ են պատմել հայկական կինոյի մասին, կուզենայի, որ մենք ունենայինք մուլտիկներ: Չնայած կան, սակայն այն չեն, ես երեխա տեղովս նախընտրում եմ «Մադագասկար», «Շրեկ» նայել, քան դժվար հասկանալի ու ընկալելի, հայ անիմատորների խոսքով ասած՝ խորիմաստ մուլտիկներ: Իսկ ո՞վ է ասել, որ ես ուզում եմ մուլտիկների մեջ խոր իմաստ փնտրել ու գտնել: Վերջին շրջանի բազմաբնույթ սերիալների փոխարեն, որոնք մեզ՝ երեխաներիս, ոչինչ չեն սովորեցնում, թող կարգին մուլտեր նկարեն»: Հայաստանաբնակ, բայց արմատներով բուլղարացի 13-ամյա Ռիմա Բեկիրսկային մտահոգում է հայկական մանկական ֆիլմերի ճակատագիրը. «Երկու տարի առաջ եղբայրս նկարեց մի կարճամետրաժ ֆիլմ, որտեղ ես էի գլխավոր դերում խաղում: Այդ օրվանից սիրահարվեցի կինոյին, մասնավորապես՝ մանկական: Ցավում եմ, որ այդ ուղղությամբ Հայաստանն այնքան էլ ակտիվ չէ»: Ռիման կամ, ինչպես ընկերներն են դիմում՝ Միմին, երազում է դառնալ հայտնի ռեժիսոր կամ թատրոնի, կինոյի աստղ. «Թատերական կյանքն էլ է ինձ գրավում: Սիրում եմ կյանքին, իրականությանը մոտ ֆիլմեր, ներկայացումներ դիտել»: 10-ամյա Բաբկեն Սիմոնյանը չնայած երազում է բժիշկ կամ պատմաբան դառնալ, բայց մեծ ցանկություն ունի, որ հայկական ժամանակակից կինոյի մասին լսվի կամ խոսվի այնպես, ինչպես տատի ու պապի պատմած 60-70-ականներին է եղել. «Ուզում եմ, որ Հայաստանը միշտ ծաղկի, որի շնորհիվ էլ իրար ետեւից բոլոր ոլորտներն էլ կզարգանան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել