Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիսատեսը դառնում է դերասան

Նոյեմբեր 01,2008 00:00

Հանդիսատեսը ներկայացման ընթացքում մի պահ դառնում է դերասան. սա է ֆորում թատրոնի այն առանձնահատկությունը, որով այն տարբերվում է թատրոնի այլ ուղղություններից: Ֆորում կոչվող թատրոնի ուղղությունը հիմնադրել է բրազիլացի ռեժիսոր Ավգուստո Բոալը՝ 1960-ականներին: Իսկ Հայաստանում այս ուղղությունը սկսել է զարգանալ 1-2 տարի առաջ՝ «Փոփոխությունների թատրոն» թատերախմբի միջոցով: «Առավոտը» զրուցեց այդ թատերախմբի դերասաններից Արսեն Հակոբյանի հետ: «Ներկայացման մեջ հանդիսատեսի ցանկությամբ ինչ-ինչ տարրեր փոփոխելու միջոցով նրան օգնում ենք այն առումով, որ գոնե այդ պահին նա իր երազած արդարությունն է հաստատում: Այսինքն՝ այն, ինչ առօրյայում նրան ոչ ոք հնարավորություն չի կարող տալ իրագործել, նա կարող է ի կատար ածել ներկայացման ընթացքում՝ ունենալով երեւակայելու եւ այն մարմնավորելու հնարավորություն: Սակայն կան որոշ կանոններ, որոնց պարտավոր է հետեւել բեմ բարձրացող հանդիսատեսը: Նա չպիտի մարմնավորի այնպիսի գործողություններ, որոնք բռնության տարրեր պարունակեն կամ լինեն հեքիաթային տեսարաններ»,- զգուշացրեց Ա. Հակոբյանը: Ըստ Բոալի՝ թատրոնը կարող է լինել այն ֆորումը, որտեղ մարդիկ կարող են մշակել իրենց կյանքը փոխելու ռազմավարությունը: Ուստի դա է պատճառը, որ «Փոփոխությունների թատրոնի» խաղացանկում տեղ են գտնում այնպիսի ներկայացումներ, որոնք վերաբերում են մերօրյա մեծապատիվ մուրացկաններին կամ նախընտրական նախաճաշին: «Այնպիսի թեմաներ ենք արտացոլում, որոնք հուզում են մեր ժամանակներում ապրող մարդկանց: Օրինակ՝ «Մեծապատիվ մուրացկաններ» պիեսում մայրը կորցնում է իր 3 երեխաներին, որոնք Ամերիկա են գնում փող աշխատելու: Արդյունքում՝ դուստրը դառնում է անբարոյական, որդին՝ թմրամոլ եւ այլն: Հետո հայտնվում են, այսպես կոչված, լույսի, ջրի մարդիկ, որոնք առանց երեխաների մնացած կնոջից անընդհատ փող են ուզում: Այս դեպքում հանդիսատեսը դառնում է ներկայացման հերոսներից մեկը եւ պիեսին տալիս իր լուծումները»,- պատմեց Ա. Հակոբյանը: «Փոփոխությունների թատրոնը» այժմ չունի մշտական տանիք, այն շրջում է տարբեր թատրոնների դահլիճներում: Իրականացնում է նաեւ դպրոցականներին ուղղված ուսուցողական ծրագրեր: Ա. Հակոբյանն ասաց, որ այս սեպտեմբերից շրջագայել են մարզերի դպրոցներում: Ըստ դերասանի՝ ֆորում թատրոնը փրկում է նաեւ մարդկանց ուղեղները. «Սովորական ներկայացում դիտելիս մենք ուղղակի նստած ենք մեր տեղերում, իսկ ֆորում թատրոնում մտնում ենք խաղի մեջ: Բեմ բարձրանալով՝ հանդիսատեսը սկսում է մտածել, որն էլ թույլ չի տալիս, որ ուղեղը ժանգոտի: Արդյունքում՝ ներկայացումը մի քանի անգամ է ներկայացում դառնում՝ դիտելիս եւ խաղալիս: Այսինքն՝ աշխատում են հանդիսատեսի հոգին, ուղեղն ու մարմինը»:

Ըստ մեր զրուցակցի, թատրոնը պիտի թելադրի, թե ինչպես շարժվի հանդիսատեսը: Ցավոք, այժմ ինչ պետք է՝ արվեստագետները նրան են վազում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել