Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՐԱՇԱԳՈՐԾԻ ԱՇՈՒՆԸ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ Է

Նոյեմբեր 01,2008 00:00

Երեկ Կինեմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցավ միության նախագահ, Տոնինո Գուերային նվիրված «Հրաշագործի աշունը» ֆիլմի համառեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի ասուլիսը: Նրա փոխանցմամբ՝ վերջերս Խանտի- Մանսիյսկում (ՌԴ) ֆիլմը «Ոսկե դահիրա» հեռուստածրագրերի եւ ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնին «Պատմություն եւ մշակույթ» անվանակարգում հաղթող է ճանաչվել:

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Մոսկվայում տեղի ունեցած «Նոր կինո XXI դար» միջազգային փառատոնում էլ արժանացել է գլխավոր մրցանակի: «Հրաշագործի աշունի» պրեմիերան տեղի է ունեցել անցյալ տարի՝ Վենետիկում, իսկ հայաստանյան պրեմիերային մասնակցել է նաեւ Տոնինո Գուերան: Ասուլիսին «Հրաշագործի աշունից» անցում կատարվեց դեպի մեկ այլ ֆիլմի՝ Տիգրան Խզմալյանի հեղինակած «Սարդարապատին», որը վերջին շրջանում քննադատությունների թիրախ է դարձել: Լրագրողներին հետաքրքրեց, եթե պետպատվերով նկարահանված «Սարդարապատը» չի գոհացրել մասնագետներին, ապա ռեժիսորը իրեն հատկացված գումարը պիտի վերադարձնի՞: «Բարդ իրավիճակ է ստեղծվել: Այո, գումարը, ըստ օրենքի՝ պիտի վերադարձվի: Ախր, չի կարելի խաբել մարդկանց՝ սեփական PR-ը անելու համար: Պետությունը տրամադրել է երեք ու կես միլիոն, որից Տիգրանի խումբը ստացել է մեկ միլիոն հարյուր հիսունյոթ հազարը, էլի կստանար, եթե ֆիլմը նորմալ ընթանար: Մենք հրավիրեցինք Տիգրանին այդ ֆիլմը նկարահանելու, հավանելով նրա նախորդ ֆիլմերը: Արդյունքում ստացվեց այնպես, ինչպես մի ավեստագետի առաջարկեն ցեղասպանության մասին ֆիլմ նկարել եւ նա ապացուցեր, որ ցեղասպանության մեղավորը հայերն են»,- պատասխանեց Գեւորգյանցը: Հետաքրքրվեցինք, մի՞թե հնարավոր չէր ֆիլմի նկարահանման ընթացքում կանխել փաստական սխալները, որոնցում էլ հիմնականում մեղադրում են Տ. Խզմալյանին: Ռ. Գեւորգյանցը պատասխանեց. «Ինքը տեքստը չներկայացրեց, ինչը ամրագրված է պայմանագրով, եւ մեզ փաստի առաջ կանգնեցրեց: Ինչո՞ւ պիտի մեր հերոսներին չեզոքացնի, զրո դարձնի, դա մեր թշնամիների համար զենք է: Ինքը կոնսուլտանտ պիտի վերցներ, այնինչ՝ ներկայացրել էր մեկին, որն իր ընկերն էր, ոչ թե պատմաբան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել