Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային խճանկար

Նոյեմբեր 01,2008 00:00

Աստղերը՝ Ջիվան Գասպարյանին

Հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանը հոկտեմբերի 12-ին դարձավ 80 տարեկան: Նրա տարեդարձի կապակցությամբ Մարզահամերգային համալիրում նոյեմբերի 11-ին կայանալիք «Ջիվան Գասպարյան եւ ընկերներ» համերգին մասնակցելու են աշխարհահռչակ աստղեր Պիտեր Գաբրիելը, Զուկերոն, «Փլանեթ Իքսը», այլ աստղեր ու խմբեր, ովքեր Գասպարյանի հետ հանդես են եկել տարբեր երկրներում եւ բեմահարթակներում: Համերգի տոմսերը կարժենան 10-50 հազար դրամ: Ի դեպ, աստղերը ելույթ են ունենալու առանց հոնորարի:

Ամերիկացիներն ու հայկական հուշարձանները

1992-ից Հայաստանում ապրող երկու ամերիկացիների՝ տեխասցի Ռիկ Նայի եւ ալաբամացի Ջոն Հյուզի հիմնած Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրն օգնում է երկրի այցելուներին, ինչպես նաեւ տեղացիներին՝ հաղորդակից դառնալու Հայաստանի հարուստ պատմությանն ու մշակույթին: Ամերիկայի հարավում ծնված երկու երիտասարդները, որոնց նախնիների տոհմածառում եւ ոչ մի հայ չկա, Հայաստանը համարում են իրենց «որդեգրած» հայրենիքը, տեղեկանում ենք «Նոյյան տապանից»:

«Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (Armenian Monuments Awareness Project- AMAP) մշակութային հասարակական կազմակերպությունը իրականացնում է հայկական հուշարձանների պահպանման եւ դրանց մասին իրազեկման գործունեություն. թողարկում է տեղեկատվական վահանակներ կամ բացօթյա բազմալեզու թանգարանային վահանակներ, որոնք պատկերավոր ներկայացնում եւ կրթում են Հայաստանի այնպիսի կարեւոր հնավայրերի այցելուներին, ինչպիսիք են Գառնին, Զվարթնոցը, Խոր Վիրապն ու Նորավանքը: Վահանակներ են տեղադրվել նաեւ Գյումրիում՝ քաղաքի այցելուներին հրավիրելով ոտքով շրջագայություն կատարել պատմական Կումայրիի հիշարժան փողոցներով՝ ծանոթացնելով քաղաքի պատմությանն ու ճարտարապետական առանձնահատկություններին:

Ասուլիս՝ Սփյուռքի ԶԼՄ-ների համար

Սփյուռքի նախարարության ստեղծումը աշխարհ ասփյուռ հայության ցանկությունն էր, ուստի այն ունի քաղաքական, բարոյական, հոգեբանական, ազգային մեծ նշանակություն: Երեկ ինտերնետային կապով Սփյուռքի հայկական լրատվամիջոցների ներկայացուցչների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ըստ «Նոյյան տապանի», նախարարի խոսքերով, գերատեսչությունն իր գործունեության հիմքում դնելու է համահայկական մտածողությունը եւ բոլոր հարցերին ցուցաբերելու է համահայկական մոտեցում: Հ. Հակոբյանը նշեց, որ Սփյուռքի առջեւ ծառացած այսօրվա գերխնդիրը հայապահպանությունն է, որը դիտարկվում է 4 հիմնասյուների համատեքստում. դրանք են՝ մայրենի լեզվի իմացությունը, հայ ընտանիքը, հայ մշակույթը եւ հավատքը: Հաջորդ խնդիրը, ըստ նրա, հայ ժողովրդի ներուժի հայտնաբերումն ու օգտագործումն է՝ ի նպաստ Հայաստանի հզորացման: Նորաստեղծ նախարարության կարեւորագույն խնդիրներից է նաեւ նպաստել հայրենադարձությանը: Ըստ Հ.Հակոբյանի, խոսքը միայն ֆիզիկական ներգաղթի մասին չէ, այլ սրտի, մտքի եւ հոգու հայրենադարձության:

Սարոյանի հոբելյանին

Հայաստանի ազգային գրադարանը օրերս լույս է ընծայել Վիլյամ Սարոյանի մատենագիտությունը: Գիրքն ամփոփում է մեծ գրողի տարբեր տարիների ստեղծագործություններն ու հարցազրույցները, ասույթները, նրա մասին հրապարակումներ: Գրքի շնորհանդեսի ժամանակ Ազգային գրադարանի «Վերնատուն» սրահում բացվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Սարոյանի հեղինակած եւ իրեն նվիրված 120 միավոր գրքերը, գրողի հետ հարցազրույցները՝ տպագրված մոտ 60 թերթերում: Սրանք մի փոքրիկ մասն են Սարոյանի գրական ժառանգության, որ պահպանվում են Ազգային գրադարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել