Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Նոյեմբեր 01,2008 00:00

Սկսել են նախապատրաստվել համաշխարհային օլիմպիադային

\"\"Նոյեմբերի 12-ից 25-ը Դրեզդենում անցկացվելու է շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադան, որին նախապատրաստվել սկսել են գործող չեմպիոն Հայաստանի տղամարդկանց եւ նախորդ օլիմպիադայում 8-րդ տեղը գրաված կանանց հավաքականները:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ երկու թիմերն էլ ներկայումս ուսումնամարզական հավաք են անցկացնում Ջերմուկում: Տղամարդկանց հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոնի կոչումը պաշտպանել փորձելու են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը եւ կյանքից անժամանակ հեռացած Կարեն Ասրյանին փոխարինելու եկած երիտասարդ Տիգրան Պետրոսյանը: Տղամարդկանց հավաքականի մարզիչը Արշակ Պետրոսյանն է, որի ղեկավարությամբ մեր հավաքականը 2006 թվականին Թուրինում գրավել է առաջին տեղը: Կանանց հավաքականի մարզիչ Արսեն Եղիազարյանը հրավիրել է Էլինա Դանիելյանին, Լիլիթ Մկրտչյանին, Նելլի Աղինյանին, Լիլիթ Գալոյանին եւ Սիրանուշ Անդրիասյանին:

Օլիմպիադայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ տղամարդկանց մրցաշարին մասնակցելու հայտ ներկայացրել են 157 հավաքականներ (ընդհանուր առմամբ 784 շախմատիստ), իսկ կանանց մրցաշարին՝ 119 (593): Հավաքականների միջին վարկանիշով մեր տղաների թիմը իններորդն է, կանանցը՝ վեցերորդը:

Դրեզդենում տարբեր երկրների դրոշի ներքո հանդես են գալու հայազգի բազմաթիվ շախմատիստներ: Ասվածն առաջին հերթին վերաբերում է կանանց հավաքականներին: Մասնավորապես, ԱՄՆ-ից հանդես է գալու Տաթեւ Աբրահամյանը, Ուզբեկստանից՝ Իրինա Գեւորգյանը, Անգլիայից՝ Լեյլի-Մերի Գրիգորյանը, Կանադայից՝ Նատալյա Խուդգարյանը, Լիբանանից՝ Քնարիկ եւ Սյուզան Մուրադյանները: Իսկ տղամարդկանց պայքարում Վարուժան Հակոբյանը պաշտպանելու է Միացյալ Նահանգների, Դավիթ Հարությունյանը՝ Վրաստանի, Սերգեյ Մովսիսյանը՝ Սլովակիայի դրոշի պատիվը:

Վերաբացվեց Մարզահամերգային համալիրը

Եռամյա հիմնանորոգումից հետո երեկ վերաբացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որի բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, մշակույթի գործիչներ:

«ԲԱՄՕ» ընկերությունների խմբի տնօրեն Մուրադ Մուրադյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հիմնանորոգման արդյունքում համալիրի համակարգում բացվել է 400 նոր աշխատատեղ: ՄՀՀ-ում առաջին միջոցառումը՝ շոու սառույցի վրա, տեղի ունեցավ երեկ: 3785 քմ մակերեսով մեծ դահլիճում, որը տեղավորում է 7000-ից ավելի հանդիսատես, ելույթ ունեցան գեղասահքի համաշխարհային մակարդակի գերաստղեր՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ եւ մրցանակակիրներ: Միջազգային բոլոր չափանիշները բավարարող սահադաշտը՝ «Սառցե թագուհին», նախատեսված է մարզական շոուների, գեղասահքի եւ հոկեյի համար:

Միջազգային մրցաշար՝ ԼՂՀ-ում

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում մեկնարկել է սեղանի թենիսի միջազգային հերթական մրցաշարը, որը տեւելու է երեք օր: Լրատվական գործակալությունները տեղեկացնում են, որ Ստեփանակերտում, բացի ղարաբաղցի մարզիկներից, պայքարում են Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից ժամանած սեղանի թենիսիստներ: Լեռնային Ղարաբաղում այս մարզաձեւը հետզհետե ավելի լայն տարածում է ստանում: Դրան նպաստում են նաեւ գրեթե ամեն տարի կազմակերպվող միջազգային մրցաշարերը, որոնց մասնակցող երկրների քանակը տարեցտարի ավելանում է եւ ընդլայնում աշխարհագրությունը:

Առանց մեդալների

Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում այսօր ավարտվում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, ուր ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի ղեկավարությամբ մեկնած Հայաստանի յոթ ներկայացուցիչներն անմասն են մնացել մեդալներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել