Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկումն ընդունենք ի գիտություն

Նոյեմբեր 01,2008 00:00

Խնդիրներ՝ ոչ միայն մասնագետների համար

Աշնանային Երեւանի տարաբնույթ իրադարձությունների շարքում գրեթե աննկատ անցավ «Ռուսաց լեզուն եւ գրականությունը Հայաստանում. խնդիրներ եւ հեռանկարներ» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպել էին Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Միջազգային կրթության կենտրոնը եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Սակայն գիտաժողովն արժանացավ համապատասխան ոլորտի մասնագետների արձագանքին: Ընդ որում, ուրախալի է նշել, որ այդ մասնագետները ներկայացնում էին բարձրագույն եւ միջնակարգ կրթության համակարգերը, ինչպես նաեւ՝ մայրաքաղաքն ու մարզերը: Գիտաժողովի ընթացքում լուրջ հարցերի շուրջ բանավիճեցին փորձառու ու սկսնակ լեզվաբանները: Եվ այդ ամենը Մոսկվայի լավագույն մասնագետների ներկայությամբ, որոնք հմտացած էին ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ոլորտում (ՄՊՀ ՄԿԿ-ի դոցենտներ, բ.գ.դ. Տ. Յե. Վլադիմիրովան եւ բ.գ.թ. Ի. Վ. Կուրլովան): Կային նաեւ հյուրեր, որոնք ռուսաց լեզվի եւ մշակույթի տարածման նվիրյալներ էին. օրինակ՝ «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի ռուսաց լեզվի մասին հաղորդումների հաղորդավար, պրոֆեսոր Յու. Ա. Սաֆոնովան եւ Հայրենական բանասիրության աջակցման կենտրոնի տնօրեն, «Մեծ գիրք» ազգային գրական մրցանակի գլխավոր տնօրեն Գ. Ֆ. Ուռուշաձեն:

Կասկած չկա, որ մասնագիտական քննարկումը կարեւոր էր, եւ իր նպաստը կբերի համեմատական լեզվաբանության զարգացմանն ու լեզվաբանական կրթությանը: Սակայն կան հարցեր, որոնք դուրս են գալիս զուտ մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներից եւ չեն կարող չհուզել նաեւ Հայաստանի լայն հասարակայնությանը: 1) Ճի՞շտ է, արդյոք, ռուսերենի վերաբերյալ «օտար/ոչ մայրենի լեզու» ձեւակերպումը: Ի դեպ, վերջերս ԿԳ փոխնախարար Բ. Եսայանը նշեց, որ այդ խնդիրը ճշգրտման անհրաժեշտության ունի: 2) Ո՞ր ուղղությամբ պետք է իրականացվեն կրթական բարեփոխումները, որոնք, ի վերջո, կհանգեցնեն մեր կրթական համակարգի ինտեգրմանը եվրոպական (մասնավորապես՝ լեզվական կրթության) համակարգին: 3) Ո՞ր չափանիշներով պետք է ապահովվի կրթության շարունակելիությունը: 4) Հնարավո՞ր է, արդյոք, «լեզու-մշակույթ» խնդրի այնպիսի հանրային քննարկում, որը զերծ կմնա հուզական ծայրահեղություններից եւ հնարավորություն կտա սթափ գնահատել մայրենիի երկփեղկվածությունը՝ խոսակցականի եւ գրականի: Միանշանակ է, որ թվարկած հարցերից յուրաքանչյուրը արժանի է հատուկ մասնագիտական եւ հանրային քննարկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել