Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆԻ ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ՝ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ

Նոյեմբեր 01,2008 00:00

Պատգամավորները հիմնականում «մասնագիտական» գրականություն են կարդում, ոմանք էլ՝ «մի քանի գիրք՝ միաժամանակ»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ին՝ Թարգմանչաց տոնի առիթով, Օշականում խոսելով գրքի եւ գրականության մասին, ասել էր. «Վստահ եմ, որ ներկա գտնվողներից շատերը կհիշեն, որ ժամանակին մեզանից շատ֊շատերն իրենց վերջին կոպեկները ծախսում էին գիրք գնելու եւ, ընդ որում, պահանջված գիրք գնելու վրա։ Կարծում եմ, այսօր խնդիրը ոչ միայն նրա մեջ է, որ շատ մարդիկ գրքի համար վճարելու հնարավորություն ուղղակի չունեն, այլեւ՝ որ քիչ են պահանջված գրքերը։ Այս առումով, կարծում եմ, մենք պետք է անպայման խրախուսենք թարգմանությունը, պետք է կարողանանք ավելի շատ միջոցներ ու ժամանակ հատկացնել այդ գործին։ Անշուշտ, պետք է կարողանանք նաեւ ավելի շատ միջոցներ հատկացնել ստեղծագործությունները տպագրելու, գիրքը վերականգնելու, մեր այս առավելությունը նորից առավելություն դարձնելու գործին։ Չնայած այս խնդիրը համընդհանուր է, բայց վստահ եմ՝ գրքի նկատմամբ սերն ու պահանջարկը պետք է մեծանան։ Այս խնդիրը մենք պետք է կապենք մեր մշտական գաղափարի հետ, այն է՝ գիտելիքը մեզ համար պետք է լինի կարեւորագույն արժեք եւ պետք է հանդիսանա բարեկեցիկ ապրելու աղբյուրը»։ Բանասիրական կրթությամբ նախագահը պետք է, որ հասկանա գրքի եւ գրականության իրական արժեքը։

Սակայն մեր հասարակությունն այսօր շատ լավ տեսնում է, թե ովքեր են այսօր հասել հարստության եւ իշխանության գագաթներին։ Եթե թեկուզ թռուցիկ ծանոթանանք պատգամավորների ճնշող մեծամասնության կենսագրական տվյալներին, ապա պարզ կլինի, որ մեր երեսփոխանների ամենից «բարեկեցիկ» ապրողները բարձրագույն կրթություն ստացել են արդեն հասուն տարիքում, երբ արդեն հաջողությունների էին հասել բիզնեսում, այսինքն՝ ոչ այն ճանապարհներով, ինչպես կրթություն են ստանում բոլոր նորմալ քաղաքացիները։ Մեր պատգամավորների հիմնական մասի բարձրագույն կրթության վկայականը «ձեռքբերովի» է եւ ոչ թե իրական ուսուցման արդյունք։ Այնպես որ, շատերը ուղղակի պարտավոր են հետեւել նախագահի խորհրդին եւ առավել մեծ ուշադրություն դարձնել իրենց ինքնակրթմանը եւ գոնե քնելուց առաջ մեկ-երկու տող գիրք կարդան, որ այն ժամանակ, երբ լրագրողը նրանց հարցնի, թե վերջին անգամ ի՞նչ գիրք են կարդացել, դասը չսերտած աշակերտի պես գլուխները չկախեն։

Երեկ մենք հարցրինք մի շարք պատգամավորների, թե վերջին անգամ ի՞նչ գիրք են կարդացել: ԲՀԿ խմբակցությունում մեր հարցմանը պատասխանեցին Արամ Սաֆարյանը, Արմեն Մելիքյանը եւ Մուրադ Գուլոյանը։ Որպես խմբակցության քարտուղար՝ պարոն Սաֆարյանը իր հոգու պարտքն էր համարում անմիջապես օգնության ձեռք մեկնել հատկապես Մուրադ Գուլոյանին։ Մեր հարցին՝ իր կարծիքով, պատգամավորներից քանի՞սն են գիրք կարդում, Արամ Սաֆարյանն ասաց. «Այստեղ նստածներս կարդացող ենք, իսկ, ընդհանրապես, գիրք կարդացողները շատ չեն, բայց էդքան էլ քիչ չեն»։ Ինքն անձամբ ասաց, որ ինչ-որ տնտեսագիտական աշխատություն է կարդում, բայց որպեսզի ուրիշները չգտնեն այն եւ չկարդան, պարոն Սաֆարյանը գրքի վերնագիրը չասաց: Մասնագիտական գրականություն կարդալու մասին ասաց նաեւ պարոն Մելիքյանը։

Մուրադ Գուլոյանի հետ կարճ հարցազրույց ունեցանք: Ներկայացնենք:

– Պարոն Գուլոյան, ձեր վերջին կարդացած գիրքը ո՞րն է եւ ո՞ր հեղինակին եք շատ սիրում՝ հայ, ռուս, այլազգի:

– Ես ավելի շատ սիրում եմ, իհարկե, հայ հեղինակին, կարդում եմ։

– Ո՞ւմ եք կարդում։

– Կարդում եմ Պերճ Պռոշյան, կարդում եմ… Հովհաննես Շիրազ։

– Պերճ Պռոշյանի մեջ ձեզ ի՞նչն է դուր գալիս, ի՞նչ եք նրանից կարդացել, ի՞նչն է նրա մեջ ժամանակակից։

– /Պատասխան չկա/։

– Արդիական իմաստով նկատի ունեմ:

– Արդիականով Պերճ Պռոշյանի մոտ ավելի՜…

Միջամտեց Արամ Սաֆարյանը. «Մի բան ասեմ, մարդը չի փոխվել»:

– Ապրես, հենց էդ էի ուզում ասել,- անկեղծորեն ուրախացավ պարոն Գուլոյանը։

Մեկ այլ ԲՀԿ-ական՝ Աշոտ Տոնոյանը ասաց, թե ամենից շատ Թումանյան է սիրում, նրա կարծիքը կիսեց նաեւ ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը։ Օրինակ, պարոն Մանուկյանը վերջին անգամ Թումանյան է կարդացել օրերս, երբ իր երրորդ դասարանցի որդին դաս էր սովորում։

ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանն իրեն ուղղակի ռեկորդակիր կարդացող ներկայացրեց. «Ես մի քանի գիրք միասին եմ կարդում, այո, միաժամանակ, միշտ, ամբողջ կյանքում եմ այդպես եղել։ Ամեն օր մոտավորապես 15 րոպե աշխատանքի գալուց առաջ Տերյան եմ կարդում»։

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը իշխանական մեծամասնության մասին բոլորովին այլ կարծիքի է եւ վստահ է, որ հիմնականում գիրք չեն կարդում: «Մեծ մասը նույնիսկ թերթ չի կարդում, ինչ մնաց, որ գիրք կարդա։ Ես կարծում եմ, որ այս առումով շատ աղետալի վիճակ է»։

Հիշեցնելով նախագահի պատգամը՝ գիրք կարդալ եւ սիրել գրականությունը, ուզեցինք ճշտել՝ խորհրդարանական մեծամասնությունը համապատասխանո՞ւմ է այդ պատգամին։ Պատասխանելով՝ Ստյոպա Աաֆարյանն ասաց. «Սերժ Սարգսյանի կողմից արվող հայտարարությունները կարող են ընդունելի եւ հաճելի լինել նաեւ մեր ականջին եւ իրականում շատ լուրջ ռիսկեր են պարունակում հենց իշխանության դաշտում, Սերժ Սարգսյանի ծրագրերի խոչընդոտը հիմնականում իր թիմի ներսում է, որը չի համապատասխանում այն չափանիշներին, որը կարող է կյանքի կոչել այդ ծրագրերը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել