Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարիչները զայրացած են

Նոյեմբեր 01,2008 00:00

Միության կանոնադրության մեջ թաքուն փոփոխություններ են կատարվել

«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրերն էին Մշակույթի աջակցման եւ ռազմավարության հայկական կենտրոնի համանախագահ Սիմոն Կամսարականը, գեղանկարիչներ Նիկոլ Աղաբաբյանը, Հաղթանակ Շահումյանն ու Անատոլի Գրիգորյանը, իսկ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հրաժարվել էր մասնակցել ասուլիսին: Բանախոսներն ասացին, որ օրեր առաջ տեղեկացել են Նկարիչների միության կանոնադրության ինչ-ինչ փոփոխությունների մասին, որոնք հաստատվել են միության արտահերթ համագումարի կողմից, որն իբր կայացել է 2007թ. ապրիլի 12-ին: «Նման համագումար տեղի չի ունեցել: 2002-2003թթ., չգիտես որտեղից եւ ում կողմից, ի հայտ եկավ «Ստեղծագործական միությունների մասին» օրենքի նախագիծը: Մեր միությունը եւ մյուս ստեղծագործական միությունները ծանոթացան դրա հետ: Մեզ համոզեցին, որ այդ նախագիծը ենթադրում է մշակույթի զարգացում, որ այն հզոր գործ է եւ շտապ պետք է մտցնել օրակարգ: Պարզվեց, որ դա մի հանցագործ փաստաթուղթ էր՝ միտված ստեղծագործական միությունները վերացնելուն: Մեր կազմակերպությունը եւ մյուս միությունները միասին սկսեցին կռիվ տալ այն պատգամավորների հետ, որոնք նախագիծն էին առաջարկել: Արդյունքում՝ նախագիծը օրակարգ չմտավ… Մինչեւ 2007թ. Նկարիչների միությունում համագումար չի հրավիրվել, եղել են միայն ժողովներ: Վերջերս անակնկալ տեղեկացանք, որ նաեւ նոր կանոնադրություն է ընդունվել ու այն հաստատելուն պարտադրել են ինչ-որ չինովնիկներ»,- հայտարարեց Ս. Կամսարականը:

Նիկոլ Աղաբաբյանն էլ մանրամասնեց. «2007-ի գարնանը ինչ-որ պաշտոնյաներ բանկային հաշիվների սառեցման եւ այլ միջոցների դիմելու սպառնալիքով իբր հարկադրել են Նկարիչների միության նախագահին՝ փոխել կազմակերպության կանոնադրությունը: Ինչպես նախագահն է մեզ հավաստիացնում, նա էլ ստիպված գնացել է այդ քայլին՝ առանց արտահերթ համագումար հրավիրելու»:

Հ. Շահումյանն էլ սրտնեղեց. «Կանոնադրության փոփոխությունները բերել են նրան, որ «Ստեղծագործական միությունների մասին» օրենքի նախագծի վտանգները արտահայտվել են կանոնադրության մեջ: Ստացվում է այնպես, որ եթե չեն կարողանում օրենսդրական ճանապարհով իրենց ուզածին հասնել՝ դիմում են կանոնադրական փոփոխությունների, որոնք, ի վերջո, տանում են միության լուծարմանը»:

Կանոնադրության փոփոխությունների մասին Ս. Կամսարականը ներկայացրեց. «Նախկին եւ ներկա կանոնադրություններում հոդված 1-ի համեմատական ընթերցումից պարզվում է, որ համաձայն նոր՝ ոչ օրինական կանոնադրության, ի հակադրություն գործողի, Հայաստանի նկարիչների միությունը այլեւս պրոֆեսիոնալ նկարիչների եւ արվեստաբանների մասնագիտական, ստեղծագործական կազմակերպություն չէ: Ավելին, կազմակերպության անդամության մեջ ընդունվելու հարցը լուծում է վարչությունը, չնշելով ընդունվելու կարգը՝ մասնագիտական, կրթական եւ այլ անհրաժեշտություններ: Գուցե սա չարիքի փոքրագույնը համարվեր, եթե չլիներ դրա շարունակությունը. կազմակերպությունը իմաստազրկելու, այն ինքնափլուզման տանելուն ուղղված, անդամության ընդհանուր կազմը խեղաթյուրելու եւ խեղկատակություն դարձնելու մոտեցումը: Ոչ օրինական կանոնադրության մեջ, օրինակ, ասվում է՝ մինչեւ 14 տարեկան անչափահասը կազմակերպությանը կարող է անդամագրվել իր ցանկությամբ: Ավելի մեծ ծաղր հնարավոր չէր մոգոնել»: Անատոլի Գրիգորյանն այս առիթով նշեց. «Ստացվում է՝ երեխեքի հետ միասին ենք միության անդամ լինելու»: Արվեստագետները նշեցին, որ դիմելու են ՀՀ նախագահին եւ ԱԱԾ: Նրանք դիմել են նաեւ դատարան՝ ոչ օրինական կանոնադրությունը չեղյալ հայտարարելու հայցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել