Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՔԸ ՍԱՏԱՆԻԶՄ ՉԷ

Նոյեմբեր 01,2008 00:00

\"\"Համոզված են ռոքերներն ու ռոքի երկրպագուները

60-70-ականներին, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մեծ էր հետաքրքրությունը ռոք երաժշտության հանդեպ: Բոլորն ապրում էին Էլվիս Փրեսլիի, «Բիթլզի», «Ռոլլինգ Սթոունզի», «Դիփ Փարփլի» եւ հանրահայտ այլ խմբերի երաժշտությամբ: Վերջին շրջանում ռոք երաժշտությունը մեր երկրում կրկին աշխուժություն է ապրում՝ հատկապես երիտասարդության շրջանում:

Էդգար Վարդանյանը, որը Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներից է, հիմնականում լսում է 60-70-ականների ռոք, երբեմն էլ դասական երաժշտություն է ունկնդրում: «Կարծում եմ՝ այսօր ռոքը Հայաստանում զարթոնք է ապրում: Հիմնականում լսում եմ հայ ռոքերների կատարումները: Ինձ գրավում են պրոգրեսիվ մետալ ժանրում՝ «STRAYF», իսկ հարդ ռոքի ժանրում՝ «Army of god» խմբերի ստեղծագործությունները»,- ասում է Էդգարը:

18-ամյա համալսարանական Տաթեւ Բաղդասարյանը ակտիվորեն մասնակցում է բոլոր ռոք-համերգներին, հավաքույթներին, նաեւ ընկերացել է հայ ռոքերների հետ: «Ռոքն ինձ համար հոգուց բխած երաժշտություն է: Այն դրական լիցքեր ու էներգիա է հաղորդում: Զարմանում եմ, երբ ռոքը հաճախ ասոցացնում են սատանիզմի հետ»,- ասում է Տաթեւը:

Սլավոնական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողներից Վահան Սահակյանն էլ պատմեց մի ռոքերի ու իր ծանոթության մասին. «Ռոքերը, որի հետ ծանոթացա, իրեն ազատ մարդ էր համարում: Այն հարցից հետո, թե առանց օղերի, պատառոտված հագուստի, խենթությունների կարո՞ղ է ապրել, նա ասաց՝ ոչ: Պարզվեց, որ ռոքերներն ավելի ընկճվող են, բարդույթավորված եւ այդ ամենը փորձում են քողարկել իրենց տարօրինակ հանդերձանքի ու սանրվածքի միջոցով»,- կարծիք հայտնեց Վահանը: Իսկ Լիլիթ Սիմոնյանը, որը ԵՊՀ ուսանողուհի է, ասում է, որ ռոք լսում է հազվադեպ. «Չգիտեմ՝ այն առողջությանը իրո՞ք վնասակար է, թե՝ ոչ: Ինձ չեմ համարում ռոքի սիրահար, բայց «Բիթլզը», անկասկած, իմ ականջների տիրակալն է»:

Ռոքի մասին զրուցեցինք Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Մարգարիտ Սարգսյանի հետ: «Ֆրեդի Մերկուրիի, Փինգ Ֆլոյդի երաժշտությունը դասականին հավասար է: Բնականաբար, ինչպես յուրաքանչյուր երաժշտություն, ռոքն էլ թերի կողմեր ունի: Նույնիսկ ասում են՝ ռոք ստեղծողները Աստված չունեն: Դասական ռոք լսելը ոչ թե վնաս է, այլ հակառակը՝ օգտակար»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց տիկին Սարգսյանը:

Հոգեբանական գիտությունների թեկնածու Արամ Գյուրջյանն էլ նշեց. «Ռոքի հիմքում ընկած է ագրեսիան: Այն հիմնականում երիտասարդներին գրավում է, քանի որ նրանք նոր-նոր են ճանաչում աշխարհը, իսկ ռոքը շատ հեշտությամբ կարող է փոխել երիտասարդի բնավորությունը: Հաճախ ռոքի ազդեցությամբ մարդիկ դառնում են ագրեսիվ, չշփվող, մեկուսացված, երբեմն էլ այն մարդուն հասցնում է ինքնասպանության»:

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Երիտասարդաց միության ատենապետ Արթուր Վարդանյանն էլ շեշտեց. «Ռոքում երբեմն կան տեքստեր, որոնք հակաքրիստոնեություն են քարոզում… Ես, ճիշտն ասած, որակյալ ռոք եմ լսում, եւ դա ամենեւին էլ հայկական ռոքին չի վերաբերում: Ի դեպ, ռոքի հանդեպ իմ սերը արթնանում է միայն ներքին ընկճվածությանս դեպքում»:

«Army of god» խմբից Մառեկը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Խոստովանեմ, որ տարիներ առաջ Հայաստանում ռոքը այնքան էլ լավ չէր ընդունվում: Երբ մարդիկ փողոցում երկար մազերով ռոքերների էին տեսնում՝ ծաղրում էին: Հիմա վերաբերմունքը փոխվել է»:

«Բամբիռ» խմբի անդամ Արմանն էլ հայտնեց, որ իրենց խումբը 1992-ից ընդգծված ստեղծագործում է ռոք ժանրում ու հավելեց. «Մրցակցություն մեզ համար գոյություն չունի: Մենք երգում ենք արդի խնդիրների մասին, որոնք հուզում են մարդկանց. սա է հանդիսատեսին գրավելու մեր նախապայմաններից մեկը: Իսկ ինչ վերաբերում է ռոքը սատանիզմի հետ կապողներին, այդ իրենք են սատանիստներ: Չեմ կարծում, որ կլինի մեկը, որ կասի, թե, օրինակ, «Բիթլզը» սատանիզմ է քարոզում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել