Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ ասես հայկական պար պարի՝ կծիծաղեն»

Նոյեմբեր 01,2008 00:00

\"\"Ավստրալահայ երիտասարդների «ոչ հայկականությամբ» մտահոգված է տեղի «Սիդնեյ» պարախմբի ղեկավարը:

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում այժմ ապրում է 30.000 հայ: Հենց այս քաղաքում է գործում 2000-ին հիմնադրված՝ Համազգայինի «Սիդնեյ» պարախումբը, որի ղեկավար-ատենապետ Հարմիկ Հակոբյանի հետ «Առավոտը» զրուցեց Ավստրալիայի հայ գաղթօջախի խնդիրների մասին: Նախ հետաքրքրվեցինք, թե Ավստրալիայում հայապահպանության հարցում ի՞նչ դերակատարություն ունի տեղի հայկական համայնքը: «Համայնքի մշակույթի բաժինը մի քիչ թույլ է աշխատում: Այնտեղ գործում են երգչախմբեր, թատերական խմբակներ, բայց երիտասարդներն այնքան էլ մոտ չեն այդ մշակույթին: Մինչդեռ համայնքը պիտի հնարավորինս փորձի այդպիսի միջոցառումներում ներգրավել նաեւ երիտասարդ սերնդին: Ցավոք, Ավստրալիայում ապրող հայերի փոքր տոկոսն է կապված մշակույթի հետ, մեծամասնությունը գերադասում է դիսկոտեկ գնալ, քեֆ անել»,- մտահոգված է ավստրալաբնակ պարուսույցը: Ըստ նրա՝ հայկական պարի խումբը Սփյուռքում զուտ պարախմբի ֆունկցիաներ չէ, որ կատարում է: «Միայն պարի համար չէ, որ 6-21 տարեկան 230 մանուկ ու երիտասարդ հաճախում են պարախումբ: Նրանք գալիս են հայկական, ընկերական մթնոլորտում մի քանի ժամ անցկացնելու համար: Այդ երիտասարդներն այնքան են զբաղված իրեց անձնական գործերով, որ միայն պարի համար չէին հաճախի պարապմունքների: Ցավոք, Սիդնեյի հայ երիտասարդության մեծամասնության մեջ չկա հայկականություն: Հատկապես մեծ դժվարություն կա տղաների առումով. հազիվ եմ հավաքել իմ խմբի 16 տղաներին: Երբ 17 տարեկան տղային ասում ես արի հայկական պար պարի՝ ծիծաղում է քեզ վրա»,- նկատեց Հ. Հակոբյանը: Նա փաստեց, որ Սիդնեյում էլ կան բազում կուսակցություններ, մշակութային միություններ: Սակայն նրա խոսքից պարզ դարձավ, որ այնտեղ էլ, հայաստանյան իրականության պես, հաճախ գործում է «իրար տակ փորելու» սկզբունքը: «Ցավոք, մշակութային միությունների գոյությունը կախված է Ավստրալիայի ղեկավարներից: Եթե որեւէ խմբի ղեկավար հետեւողական չլինի՝ իր խմբակը գուցեեւ ցրվի»,- մանրամասնեց մեր զրուցակիցը: Ըստ նրա՝ ավստրալաբնակ հայ արվեստագետները ստեղծագործում են՝ «հայացքով դեպի Հայաստան»: «Պարերի համար երաժշտություն գտնելն է դժվար, դրա համար էլ, երբ Հայաստանից գնանք, մեզ հետ երաժշտությունների մի սկավառակ ենք տանելու»,-հայտնեց Հ. Հակոբյանը: Նրանից հետաքրքրվեցինք, թե «ի՞նչ է իրենց ասում» հայաստանյան մշակույթը: «Ինձ զարմացնում է այն, որ Պարի պետական անսամբլը, որ այսքան մեծ փորձառություն ունի, դեռ 1978-ի պարերն է պարում: Հասկանում եմ, որ պիտի պահել հայկականը, բայց մյուս կողմից էլ երիտասարդները նորություն են ուզում: Ախր, ինչպե՞ս են կարողանում նույն պարերը տարիներով պարել, արդյո՞ք հանդիսատեսը նորի պահանջ չունի: Երբ Սիդնեյում պարային նույն համարը կրկնվում է՝ չեն ընդունում, ասելով, թե այդ պարն արդեն պարել եք»,- պատասխանեց Հ. Հակոբյանը: «Առավոտը» ավստրալաբնակ հայրենակցից հետաքրքրվեց, թե ծանո՞թ է հայկական էստրադայի «աստղերին», եւ ի՞նչ կարծիք ունի նրանց «երգարվեստի» մասին: «Մի քանի օր առաջ հայաստանյան համերգասրահներից մեկում համերգի էինք մասնակցում, որտեղ հանդես էին գալիս քսան հայ աստղեր: Նրանցից տասնութին չէի ճանաչում: Դրա համար էլ, երբ այդպիսի «աստղեր» են գալիս Ավստրալիա, նրանց համերգների տոմսերը չեն վաճառվում, քանի որ այնտեղ էլ նրանց ոչ ոք չի ճանաչում»,- նշեց Հ. Հակոբյանը: Ապա հարցրինք, թե ինչպե՞ս է գնահատում հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումները: Նա պատասխանեց. «Սփյուռքից դժվար է կարծիք հայտնել Հայաստանում կատարվածի մասին, քանի որ այնտեղ հեռուստաալիքների, թերթերի բազմազանություն չկա, ինչը հնարավորություն չի տալիս վերլուծություններ անել: Միայն մեր օրգանը՝ «Արմենիա» շաբաթաթերթն ու «Գարուն» ամսագիրն են լույս տեսնում այնտեղ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել