Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՆ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 01,2008 00:00

\"\"Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը իշխանություններին կոչ է անում սատար կանգնել եկեղեցուն:

Լոռու մարզի Օձուն գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցել է Տրդատ 3-րդ արքան՝ մոտ 303-313թթ.: Ըստ պատմական տվյալների, եկեղեցին օծել է Գրիգոր Լուսավորիչը: Այժմ եկեղեցու պատերին դեռ պահպանվել է 4-րդ դարում արված մոտ 25 քանդակ: «Եկեղեցին մեծարժեք կառույց է: Ափսոս, գմբեթից մինչեւ հիմք իջնող հինգ ճաք կա, որի պատճառով ամեն պահի կարող է փլուզվել: Շենքը շտապ վերանորոգման եւ լուրջ հոգածության կարիք ունի: Եկեղեցու արտաքին սյունաշարով գավիթն ընդհանրապես տանիք չունի, ամբողջությամբ փլուզված է: Իսկ հյուսիսային կամարաշարն էլ 90-ականներին քանդվել է Հուշարձանների պահպանության գործակալության կողմից՝ իբր վերանորոգման նպատակով: Եկեղեցու 3 կամարները հենց իրենց կողմից են քանդվել, ու այդ քարերն այսօր բակում թափված են: Շատ ենք ունենում օտարերկրյա զբոսաշրջիկներ, նրանք են դժգոհում մեր իշխանությունների նմանատիպ վերաբերմունքից ու անտարբերությունից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Օձունի եւ հարակից գյուղերի հոգեւոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը: Ըստ նրա, նախագահ Սերժ Սարգսյանը դեռեւս վարչապետ եղած ժամանակ խոստացել էր 2009-ի գարնանը աջակցել եկեղեցու վերականգնմանը: Քահանան մտահոգված է, որ նախագծային աշխատանքները դեռ սկսված չեն: Օձունցիները նույնպես գիտեին նախագահի խոստման մասին, նրանք հույս հայտնեցին, որ Սերժ Սարգսյանը խոստումը կպահի:

«Օձունում եւ հարեւան 9 գյուղերում կան շուրջ 25 եկեղեցի, մատուռ, սրբավայր, որոնք հիմնականում անմխիթար վիճակում են: Եկեղեցիների մեծ մասը նույնիսկ սովորական ցանկապատ չունի, որ անասունները տարածք չմտնեն: Սրբավայրերի զգալի մասը դռներ չունեն, իսկ Օձունի եկեղեցու՝ ընկուզենու փայտից պատրաստված դուռը փոխարինվել է բարակ ֆաներայից անճաշակ դռնով, իբր թե ընկուզենու փայտից դուռը վերանորոգելու համար շատ գումար կպահանջվի: Եկեղեցիներում նույնիսկ մոմակալներ չկան, տեղ չլինելու պատճառով գյուղացիները ստիպված մոմերը վառում են պատերի ու խաչերի վրա»,- ավելացրեց տեր Վրթանեսը:

Օձունի եկեղեցում նույնիսկ էլեկտրական հոսանք չկա, այդ պատճառով չեն կարողանում պատարագների ժամանակ օգտվել երգեհոնից: «Մեր հարեւան Վրաստանում եկեղեցին ոչ մի կոմունալ վճար չի կատարում, իսկ Հայաստանում եկեղեցին ամեն ինչի համար պիտի վճարի: Նույնիսկ արաբական տիրապետության տակ գտնվելով, եկեղեցին արտոնություններ է ունեցել, բայց այժմ մեր ազատ, անկախ երկրում այդ ամենի մասին իշխանավորները չեն էլ մտածում: Այն կարծիքի են, թե եկեղեցու բարեկարգ լինելով պետք է զբաղվեն Սփյուռքի մեր հայրենակիցները»,- նեղսրտեց հոգեւորականը: Նա մեզ պատմեց, որ շատ ուխտավորներ դժգոհում են՝ հանդիպելով քանդված, ավերված եկեղեցիների, որտեղ քահանաներ չկան: Հոգեւոր հովվի խոսքերով՝ «Երբ նրանց բացատրում ենք, որ տեղական մարմինները նյութական միջոցներ չունեն եկեղեցիները բարեկարգելու համար, պատասխանում են, թե Վրաստանն էլ շատ հարուստ չէ, բայց իր եկեղեցուն տիրություն է անում: Դեռ ավելին, Վրաստանը մեր ձեռքից վերցնում է քարուքանդ եկեղեցիները, նորոգում ու լցնում իր քահանաներով»: Տեր Վրթանեսը դժգոհեց նաեւ ԶԼՄ-ների անտարբեր վերաբերմունքից. «Հաճախ գյուղերում կատարվող մեծ միջոցառումները հեռուստաընկերությունների կողմից անտեսվում են: Օրինակ, Հովհաննես Օձնեցու տոնին միայն դրսից երեք հազար ուխտավոր էինք հյուրընկալել եկեղեցու բակում, բայց «Հայլուրը» մեր նկարած նյութը եթեր չտվեց, պատճառաբանելով, թե գյուղական միջոցառում է եւ լուսաբանելը նպատակահարմար չէ: Բայց երբ Երեւանում մի 2-3 հարյուր հոգի հավաքվում են՝ այդ մասին բազմաթիվ հաղորդումներ են եթեր տրվում»:

Մեր զրույցի վերջում տեր Վրթանեսը ուրախությամբ փաստեց, որ Օձունում ոչ մի աղանդավոր չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել