Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ չին ուսանողի աչքերով

Նոյեմբեր 01,2008 00:00

\"\"Ըստ Չանչուն Ճյանի, հայերը հյուրասեր են, հայերենը՝ խրթին, վարորդները՝ հայհոյող, ուսանողները՝ «գլուխ պահող»:

«Ձեր աղջիկներ՝ շատ սիրուն, բարի: Ձեր տղաներ ծույլ են, քան աղջիկներ, նրանք շատ աշխատասեր»,- Չինաստանի Լանջու քաղաքի նավթարդյունաբերության համալսարանի նախկին ուսանող Չանչուն Ճյանը, որն այժմ սովորում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, այսպես է հայերեն խոսում: ՀՀ-ում գտնվելու 3 տարիների ընթացքում նա արդեն հասցրել է հայերեն խոսել, գրել եւ կարդալ սովորել: «Ես ուսանողների փոխանակման արդյունքում եմ հայտնվել ԵՊՀ-ում: Այժմ ապրում եմ Ավանի հանրակացարանում: Չինաստանում հանրակացարանի սենյակի հետ՝ հեռուստացույց, հեռախոս էլ են տրամադրում, իսկ այստեղ՝ ոչ: Բաղնիք էլ չունենք, մանավանդ ձմեռները լողանալիս ահավոր ցուրտ է: Այստեղ ուսանողական թոշակն էլ է շատ քիչ՝ 5000 դրամ, բայց Չինաստանում սովորող հայ ուսանողների թոշակը մոտ 170 դոլար է»,- նեղսրտեց Չանչուն: Չինաստանի Ան Հուի նահանգի Ֆույանգ քաղաքի 27-ամյա բնակիչ Չանչուն «Առավոտի» հետ զրույցում եւ կատակեց, եւ պատմեց իր՝ հայաստանյան տպավորություններից: Երբ հարցրինք՝ հե՞շտ էր հայերեն սովորել, նրա դեմքի արտահայտությունից պարզ դարձավ, որ՝ ոչ: «Չինարենն ու հայերենը շատ տարբեր լեզուներ են: Ինձ համար դժվար է հատկապես այն պատճառով, որ հայերեն-չինարեն բառարան չկա: Ստիպված աշխատում եմ հայերեն- անգլերեն եւ անգլերեն- չինարեն բառարաններով: Չինարենում հայերենի պես մեծատառ հասկացություն չկա: Հետո հայերեն խոսելն էլ է ինձ համար դժվար: Ձեր լեզվում կա երկու «խ»՝ փափուկ եւ կոշտ: Փափուկը՝ «ղ»-ն, մինչեւ հիմա չեմ կարողանում ճիշտ արտասանել: Չինարենի այբուբենն ունի շուրջ 240 տառ, դպրոցում դրանցից մի մասն ենք սովորում, մյուսներին հետագայում ենք ծանոթանում: Օրինակ, եթե հայերենի այբուբենն իմանաս՝ վանկ, բառ կարող ես կարդալ, իսկ չինարենում եթե տվյալ բառը չես սովորել, այսինքն՝ լսել, թե այն ինչպես է հնչում, այդպես էլ չես կարող ճիշտ կարդալ»,- պատմեց մեր զրուցակիցը: Չանչուն ասաց, որ երբ 3 տարի առաջ գալիս էր Հայաստան՝ միայն մեր երկրի աշխարհագրական դիրքը գիտեր, որ գտնվում է Իրանի հարեւանությամբ: Իսկ այժմ շատ բան գիտե հայերի մասին՝ սկսած կին-տղամարդ հարաբերություններից, մինչեւ հայ քաղաքական գործիչների «սեւ եկամուտները»: «Եվ հայերը, եւ չինացիները բարի ազգ են, արտասահմանցիներին լավ են ընդունում: Հայերն ավելի հյուրասեր են, քան չինացիները, բայց իմ ազգակիցներն ավելի աշխատասեր են»,- կարծում է Չանչուն: Հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով հայե՞րն են ավելի շատ հետեւում օրենքներին, թե՞ չինացիները: «Չինացիները… Օրինակ՝ Հայաստանում, երբ կանաչ լույսն է վառվում, մեքենաները պիտի կանգնեն՝ ճանապարհը զիջելով անցորդներին, բայց նրանք ոչ միշտ են հետեւում կարգին: Չինաստանում քիչ են նման բաներ լինում»,- ժպիտով պատասխանեց մեր չին զրուցակիցը: Չանչուն մտածում է, որ հայ տղաները այդքան էլ պարտաճանաչ չեն. «Հայ աղջիկները շատ լավ են սովորում, բայց քիչ տղաներ են պատրաստված դասի գալիս: Նրանցից շատերը գալիս են դաս խանգարելու. կամ հեռախոսով են խաղում, կամ իրար հետ զրուցում: Իսկ Չինաստանում եթե չեն ուզում դասին մասնակցել՝ պարզապես չեն գալիս»: Չանչուն 22 ազգի ներկայացուցիչ ընկերներ ունի: «Չինացիներից բացի, ամենահեշտը հայերի հետ ընկերություն անելն է: Երբ դուք արտասահմանցի եք տեսնում, այնքան ջերմ եք բարեւում, գրկախառնվում, կարծես 10 տարի ճանաչում եք նրան: Մի անգամ ընկերներիս հետ էքսկուրսիա էի գնացել: Հետո, երբ մենակ մի տեղ գնացի, տեսա մի խումբ հայ տղամարդիկ նստած ուտում-խմում են, մեկ էլ ինձ կանչեցին, թե՝ չինացի, արի հաց կեր մեզ հետ: Չինացին այդպիսի բան չէր անի, նա անծանոթին ոչ կանչում է, ոչ էլ խանգարում: Բայց հայերի մեջ ինձ դուր չի գալիս այն, որ փողոցում կռիվ շատ են անում, հատկապես վարորդները, որ ոչ թե ձեռքով են կռվում, այլ բերանով»,- նկատեց Չանչուն: Մեր զրուցակիցը պատմեց, որ իր ընտանիքում 4 երեխա կա, բայց Չինաստանում ծնելիությունը միտումնավոր կրճատվում է՝ ազգաբնակչության անսահման աճը կանխելու համար. «Ցանկացած ընտանիք մեկ երեխայից ավելի ունենալու իրավունք չունի: Հակառակ դեպքում՝ պիտի մոտ 3000-4000 դոլար տուգանք վճարի»: Չանչուն հրապուրված է հայկական քոչարիով եւ խորովածով: Սիրում է նաեւ Երեւանի զբոսայգիները եւ ցավով նշում. «Մեզ մոտ քաղաքում այգիները շատ քիչ են: Միայն փողոցների մեջտեղում եւ երկու կողմերում կան կանաչ գոտիներ: Երեւանի՝ իմ ամենասիրելի վայրերից է Օպերան, Հանրապետության հրապարակը, թատրոն էլ եմ գնացել, մեկը «Երիտասարդական» մետրոյի, մյուսը՝ Ֆրանսիական դեսպանատան մոտ: Մեզ մոտ եւ թատրոններն են քիչ, եւ թատրոն գնացողները»: Չին զրուցակցին խնդրեցինք համեմատել հայ եւ չինացի քաղաքական գործիչներին. «Մեզ մոտ քաղաքական գործիչներն ավելի շատ են աշխատում ժողովրդի համար: Նրանք չեն կարող սեփական խանութ, գործարան ունենալ: Մեզ մոտ կա մի օրենք, որով դա արգելվում է: Մեր երկրում կա օրենքի ստուգման նախարարություն, որի գործն է՝ ամեն տարի ստուգել, թե քաղաքական գործիչները բանկում ինչքան գումար ունեն, տանը թանկարժեք մեքենա ունե՞ն, թե՝ ոչ, եւ այն ում փողով են գնել: Եթե իր վաստակած գումարը ավելի քիչ է՝ ուրեմն «սեւ» եկամուտ ունի: Կարծում եմ, հայ քաղաքական գործիչների «սեւ եկամուտը» շատ է: Հայ ժողովրդից շատ եմ լսել այդ մասին»: Իր հետ կատարված զվարճալի դեպքերի մասին խոսելիս էլ հիշեց, որ մի անգամ տնտեսագիտական ֆակուլտետում հարցում էին անցկացրել՝ ուսանողները ճանաչու՞մ են Չանչուին, թե՞ ոչ: Կամ, երբ խանութից գնումներ կատարելիս հայերեն է խոսում, մարդիկ զարմանում են՝ չինացին է՞լ հայերեն խոսի, ասում են՝ դու հայ ես, ոչ թե չինացի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել