Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴՈՒ ՆԵՐՍԻՑ՝ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ

Նոյեմբեր 01,2008 00:00

\"\"Ռոման Գաբրիայի «Բարալգին» ներկայացումը

«Հայֆեստ» երեւանյան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստան էր ժամանել դերասան եւ ռեժիսոր Ռոման Գաբրիայի խումբը (Սանկտ Պետերբուրգ)՝ «Բարալգին» պլաստիկ ներկայացմամբ, որը, մասնագետների գնահատմամբ, չի պատկանում ոչ դասական, ոչ էլ ժամանակակից դպրոցին: Ավելի ճիշտ, այն գուցե ընդհանրապես ոչ մի դպրոցի էլ չի պատկանում: «Բարալգինը» յուրատեսակ վիզուալ ինքնախորհում, ինքնավերլուծություն կարելի է համարել, որն առաջին հայացքից թվում է՝ «դեղի», ցավազրկողի պահանջ ունեցող մարդու տառապանքներն է պատկերում բալետային «արտահայտչամիջոցներով», ենթատեքստը, սակայն, ավելի խորն է: Նշենք, որ «Բարալգինի» երեւանյան պրեմիերայի ժամանակ դահլիճը լքողներ գտնվեցին՝ «էս ի՞նչ ա, գլուխ չհանեցինք»՝ տարակուսանքով: Իմ կարծիքով, այն «զիլ» գործ էր, անգամ գրականություն չկարդացած ու համակարգիչներից կառչած սերնդի համար՝ ազդու: Գաբրիայի առաջին աշխատանքը՝ «Ջոկոնդայի ժպիտը», պատրաստվել եւ ցուցադրվել է Գերմանիայում, «Բարալգինը» ծնունդ է առել Ռուսաստանում ու «ճամփորդել»:

Ներկայացման հեղինակը ցավի երկու տարբերակ է առանձնացնում՝ ֆիզիկական եւ հոգեկան: Առաջինը կապված է մարմնի, ինչպես նաեւ դեղերի հանդեպ ունեցած դրա ռեակցիայի հետ: Կա բուն հերոսը եւ «բինտավորված» անսեռ մեկ այլ հերոս, որը մարմնավորում է ալկոհոլիկի սպիտակ տենդը, թմրամոլի աչքին երեւացող պատրանքներն ու ականջներին թվացող ձայները: «Բարալգինում» մարդն է՝ մենակ իր ցավի ու աշխարհի դաժանության հետ, գումարած դառը, սեւ իրականությունը: Ներկայացման մեջ օգտագործված էին հետաքրքիր սիմվոլներ, օրինակ՝ փափուկ խաղալիք արջուկը, որի ասելիքն այն էր, թե ցանկացած մարդ մթության մեջ ունի կարեկցանքի, մեկի գրկին սեղմվելու, հոգեկան սատարման պահանջ, ու քանի որ այդ ամենը չկա, ստիպված է ապավինել «Բարալգինին»: «Բինտավորված» հերոսն էլ՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով մարդկային դեմքն ու նկարագիրը կորցնելն է խորհրդանշում:

Ռ. Գաբրիան իր ներկայացման ստեղծումն այսպես է մեկնաբանում. «Բարալգինն» ականջիս անընդհատ շատախոսում-բզզում է՝ ինչպես ալեհավաքը տանիքին: Ես զգում եմ, թե ինչպես է ցավում մատս, մեկ ընկրկում եմ, մեկ էլ փորձում փակվել սենյակում, արթնանալ քնիս ներսում, հայտնվել սառնարանում, թվերի եւ հոտած ձկան հետ… ժամացույցի թվատախտակին եմ (ներկայացման մեջ այդպիսի կտոր կա՝ հերոսը 24 ժամ անհանգիստ է ժամացույցի սլաքների նման ու ճկվում է ամեն «թիկ-թակի» հետ- Գ. Հ.), ինքս իմ դեմքին ապտակում եմ, թրթռում են ծիծաղից շուրթերս, իսկ դա նշանակում է, որ պետք է ներկայացում անեմ Սերյոգայի (Սերգեյ Ագաֆոնովի) հետ: Մարդու ներսից մարդու մասին, քնի միջից՝ քնի մասին, այն մասին, թե ինչպես կարելի է մոլորվել սեփական բնակարանի լաբիրինթոսում ու դեմ առնել ինքդ քեզ: Ես ինձ համար անհարմարություններ եմ ստեղծում, փորձում եմ լինել պարզ ու հասարակ, ես վախենում եմ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել